«Եթե մենք մի քիչ էլ ակտիվ լինենք, մազ է մնում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Նշվում է, որ երբ պետությունը գրագետ արտաքին քաղաքականություն է վարում, բարեկամներ են հայտնվում: Օրինակ` Իրանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ այսուհետ ազատ է միջազգային սահմանափակումներից և կարող է ազատորեն սպառազինություն գնել ու վաճառել: Դուք այս պատերազմի առաջին օրից սկսած մեր դիվանագիտական աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության ընկալումն ընդհանուր առմամբ նոր մակարդակների վրա, պետք է հասնի նրան, որ թշնամիներն ու բարեկամները ձևավորվում են շահերի հետ մեկտեղ:

Որովհետև մեզ մոտ սովորություն կա՝ զոհի դերից անցնել պահանջատիրոջ դերին և հակառակը: Բայց այնպես չէ, որ աշխարհը որևէ մեկին որևէ բան պարտք է: Աշխարհում քաղաքականությունը հիմնվում է բացառապես պետական շահերի գիտակցման և դրանց ճիշտ փոխանակման վրա՝ նյութականացված կամ ուղղակի դաշնակցային: 

Երբ մենք հասկանում ենք, որ Իրանի հետ հարևանությունը շատ առարկայորեն բխում է մեր պետական շահից, մենք պետք է առաջնորդվենք ոչ թե ըստ դոգմաների, այլ ըստ շահերի: Մինչև հիմա մենք առաջնորդվում էինք դոգմաներով՝ այս մեկը մեր բարեկամն է, այս մեկը՝ մեր թշնամին: Մինչդեռ բարեկամը միշտ խնդիր ունի իր քայլերով ապացուցել, որ ինքը մեր բարեկամն է:

Ֆրանսիան մեզ օրինակ, որը միշտ հայտարարել է Հայաստանի հետ իր բարեկամական վերաբերմունքի մասին, և դա փաստում է իր գործունեությամբ: Հիշենք, որ Արցախի հարցով առաջինը լռությունը խախտողը Ֆրանսիան էր, և այդ պրոցեսը շարունակական է:

Մյուս կողմից՝ կային թաքնված թշնամիներ, որոնք հիմա տեսնում ենք ավելի առարկայորեն, ասենք՝ Իսրայելի տեսքով: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ թշնամիները նույնպես առաջանում են ոչ զգացմունքային մակարդակի վրա: Նրանք էլ իրենց պետական շահերն են հետապնդում:

Դրա համար ես նույնիսկ չէի ասի՝ թշնամիներ և բարեկամներ: Ես կասեի կան պետություններ, որոնց հետ մեր շահերը համընկնում են, և որոնց հետ մենք պետք է անընդհատ համագործակցենք, պետություններ, որոնց հետ մեր շահերը չեն համընկնում, և նրանց հետ հույս կապել հնարավոր չէ: 

Մինչև վերջերս սխալ դիսկուրս էր խաղարկվում, թե կգա պահը, և Թուրքիան կդառնա մեր բարեկամը: Որևէ դիսկուրսում Թուրքիան այլևս չի կարող դառնալ Հայաստանի բարեկամը, և դա բոլորին պետք է պարզ լինի այս պատերազմից հետո, նույնիսկ եթե հազար անգամ փոխվեն նրանց կառավարությունները:

Այդպիսի մի սխալ միտում կա, որ եթե այնտեղ գան ժողովրդավար ընդդիմադիրները, կարող է մոտեցումները փոխվեն:

Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ և՛ Ռուսաստանի ընդդիմությունն իր «Դոժդ» հեռուստաալիքով, և՛ Իսրայելի ընդդիմությունը, և՛ Թուրքիայի ընդդիմությունը, երբ գան իշխանության, նրանք իրականացնելու են իրենց քաղաքական վեկտորը, որովհետև դա ազգային մենթալիտետի վրա հիմնված պետական շահի ընկալումն է:

Դա շատ կարևոր է, և դարեր շարունակ կոնկրետ թուրքական ազգային մենթալիտետը և դրա վրա հիմնված պետական շահի ընկալումը չեն փոխվել, և ես վստահ եմ, որ չեն էլ փոխվի: Մենք պետք է հասկանանք, որ կան թշնամիներ, որոնք արդեն հավերժական են, կան բարեկամներ, որոնք պայմանավորված են պետական շահերով, և կան չեզոք պետություններ, որոնց վրա պետք էր աշխատել: 

Մեզ համար մեծ կորուստ է Ուկրաինան, որովհետև Ուկրաինայում մեր դիվանագիտական կորպուսը ընդհանրապես չի աշխատել: Մեծ կորուստ է մեզ համար մի շարք նախկին խորհրդային երկրների լռությունը:

Նաև պետք է հասկանանք, որ, ասենք, չեզոք երկրների կողմնորոշումը փոխելու հարցում մեր դիվանագիտությունն ու Սփյուռքը պետք է գործեն ձեռք ձեռքի տված: Մինչև այժմ այդ գործողությունները համակարգված և միասնական չեն եղել: Հուսով եմ, որ գոնե պատերազմը դա կարգի կբերի: 

– Տեղեկություններ կան, թե Ռուսաստանը հակաօդային պաշտպանության համակարգեր է հատկացնելու Հայաստանին, և դա էլ կապում են գրագետ արտաքին քաղաքականության հետ:

– Ես ուզում եմ մենք բոլորս հասկանանք, որ, այո՛, սրանք մեր ջանքերն են և մեր ջանքերից առավել Ռուսաստանի վախերն են, որովհետև Ռուսաստանը նաև հասկացավ, որ ոչ միայն տարածաշրջանն է կորցնում, այլև կորցնում է սեփական անվտանգության տեսլականը:

Մենք պետք է հաշվի առնենք, որ իրական բարեկամը չէր թողնի, որ իր ռազմավարական դաշնակիցը 20 օր արյունաքամ լինող պատերազմ մղեր, ուղղակի չէր թողնի: Դրա համար եկեք ասենք, որ, այո՛, դրանք մեր ջանքերն են և Ռուսաստանի վախերը, բայց ոչ երբեք Ռուսաստանի գերբարեկամական վերաբերմունքը, և պետք չէ սոցիալական ցանցերում ուրախացած ովսաննա երգել ռուս փրկարար վարկին:

Նախ՝ այդ ամենը դեռ շատ անորոշ է, և դրա ազդեցությունը դեռ չենք զգում: Երբ 20 օր արյունաքամ լինող պետությունը պայքարում է, և Հայաստանը, լինելով բոլոր ռուսական ծրագրերի ռազմավարական մաս, Ռուսաստանը մատը մատին չի խփում: Դա նորմալ չէ և ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ չի տեղավորվում: 

– Իսկ միջազգային հանրությունից սպասելիքներն արդարացվա՞ծ են՝ կապված Արցախի անկախությունը ճանաչելու հետ:

– Ես կարծում եմ, որ եթե մի քիչ ավելի ինտենսիվ գնա Սփյուռքի և մեր լոբբիի ճնշումը մի շարք պետությունների վրա, նրանք իրոք պատրաստ են ճանաչելու Արցախի անկախությունը: Կոնկրետ Ֆրանսիան, ինձ թվում է, որ եթե մենք մի քիչ էլ ակտիվ լինենք ու մի քիչ էլ բարեկամական, մազ է մնում, որ ճանաչի Արցախի անկախությունը:

Դրանից հետո կարող ենք նաև մենք ճանաչել, լինել երկրորդը, և դրայից հետո կգնա շղթան: Շատերին թվում է, թե ճանաչումը գուցե որևէ առարկայական, շոշափելի բան չբերի, բայց իրականում ճանաչումը բերում է ամեն ինչ:

Մենք ոչ թե պետք է փորձենք մեծ գերտերություններին իրար դեմ կռվեցնել, դա հնարավոր չէ, կարևորն այն է, որ մենք կռվախնձոր չդառնանք այս պատերազմում: Կարևորն այն է, որ չմոռանանք, որ ով էլ գա մեզ օգնելու, դա անելու է իր շահի համար, և նաև կարողանանք չեզոքացնել նրանց, որոնք էլի իրենց շահի համար գալիս են մեզ վնասելու:

Դա կլինի փողային շահը, կլինի դիվանագիտական շահը՝ կապ չունի: Ինչ արած, մեզ բախտ չվիճակվեց քաղաքականություն ստեղծել, մենք առայժմ հետևում ենք քաղաքականությանը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am