Մարտունիում և Գավառում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

Տարեսկզբին, պետական աջակցությամբ, Գեղարքունիքի մարզում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ, որոնք փետրվարի 1-ից գործում են Գավառ և Մարտունի քաղաքներում: Կենտրոնների աշխատանքները համակարգվում է Երևանի Կանանց աջակցության կենտրոնի կողմից:

Մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է` աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, անվճար հիմունքներով նրանց տրամադրել իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղորդումներ, ապաստարաններ: Աշխատանքները կենտրոններում իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով:

Այս մասին մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատասենյակում մարզպետին ներկայացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը, ով կոորդինացնում է նաև նորաստեղծ կենտրոնների գործունեությունը:

«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք, երեխաներ: Կենտրոններում նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն և ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տևողությունը մեկ տարի է:

Այս ծրագիրը կարևորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն կանխարգելիչ գործունեություն է ծավալում և լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի և պետական այլ կառույցների աջակցությունը, բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղորդելու հարցում: Ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում»,- նշեց Անահիտ Գևորգյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տրածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: «Ես շատ կարևորում եմ կանխարգելել հասկացողությունը, որը կարծես այդ կենտրոնների գործունեության կարևոր նախապայմաններից մեկն է:

Շատ ուրախ կլինեմ, եթե մենք հասնենք բռնությունների լիարժեք կանխարգելմանը: Գեղարքունիքի մարզպետարանը, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը պատրաստակամ են համագործակցել Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնների հետ: Մարզպետարանի այս բաժինը կարևոր դերակատարություն ունի ձեր աշխատանքների կազմակերպման հարցում»,- նշեց Գնել Սանոսյանը:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման և հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից: