Հայրս ժառանգություն էր թողել․ Մամիկոն Ասլանյանը՝ իր եկամուտների կտրուկ աճի մասին

«Մեդիալաբի» հարցազրույցը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ

– Պարո՛ն Ասլանյան, համավարակի հետևանքով ընդհանուր տնտեսական ակտիվության նվազման ֆոնին ի՞նչ իրավիճակ է Վանաձորում։ 

– Ընդհանրապես բիզնեսում որոշակի դանդաղումներ կան, նկատվում են, բայց մեր ծրագրերի մասով ամեն ինչ նույնիսկ լավ է՝ նախատեսած ծրագրերը ընթացքի մեջ են, անցյալ տարվա մեր սուբվենցիոն բոլոր ծրագրերը ավարտել ենք օգոստոսի 1-ի դրությամբ, բացառությամբ ասֆալտապատման։

Հիմա տույժ-տուգանքի տակ են, բայց աշխատանքների 80-85 տոկոսն ավարտված է, առաջիկա 10 օրերի ընթացքում մնացած հատվածը կավարտենք և արդեն կսկսենք պատրաստվել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, թեպետ դրանց մի մասի աշխատանքներն արդեն ընթանում են։

Հետևաբար մեր գործառույթների ոլորտում մենք ճգնաժամ չենք նկատում, տարեվերջին հավաքագրումների հետ կապված փոքրիկ տատանումներ կունենանք, որը բնական է և պայմանավորված է կորոնավիրուսի առաջացրած իրավիճակով։ Բայց այս պահին ակնառու խնդիրներ չկան։

– Ինչո՞ւ են ասֆալտապատման աշխատանքներն ուշացրել, որի պատճառով տուգանվում են։ 

– Պայմանագրով նախատեսված էր օգոստոսի 1-ին ճանապարհները ասֆալտապատ վիճակում հանձնել, սակայն այդ ժամկետն անցել է, մի հատվածը ավարտված չէ, և մենք պարտավոր էինք պայմանագրի հիման վրա տուգանել նրանց։

Բանն այն է, որ այդ ընկերությունը այս տարի կազմակերպված չիրականացրեց իր աշխատանքները, և, կոպիտ ասած, ճնշումների միջոցով մի քանի օրում բերեցինք նորմալ աշխատանքային դաշտ։ Հիմա սկսել են նորմալ թափով իրականացնել ասֆալտապատումը, մեկ-երկու փոքրիկ հարթեցման աշխատանքներ կան, որ պետք է ավարտեն։

– Պարո՛ն Ասլանյան, մարդիկ շատ էին դժգոհում Վանաձորի փողոցների փոսառատ լինելուց։ 

– Նման երևույթներ եղել են, տասնամյակներ շարունակ դրանց մասին խոսվել է, բայց վերջին տարիներին աշխատանքներ իրականացվում են, և հիմնական փողոցները նորմալ վիճակում են։

Աշխատում ենք անցանելիության խնդիրները լուծել, քանի որ քաղաքում 220 կմ ասֆալտապատման ենթակա ճանապարհ կա։ Երևի պատկերացնում եք՝ ինչ ահռելի նյութական միջոցների ներգրավում է անհրաժեշտ՝ այդքան փողոցները ամբողջությամբ նորոգելու համար։

Այս տարիների ընթացքում 20-30 փողոց արդեն ասֆալտապատվել, նորմալ տեսքի է բերվել։ Սովորական աշխատանքային ռիթմ է, քաղաքում գործերը երբեք չեն ավարտվում։ Չկա այնպիսի քաղաք, որտեղ անելու բան չլինի։

– Պարո՛ն Ասլանյան, ինքնակամ շինարարության հետ կապված վերջին դեպքի․․․ (Լոռու մարզպետը ապօրինի շինության երկաթյա կոնստրուկցիաները ԱԻՆ ծառայողների օգնությամբ հանել և տեղադրել էր Վանաձորի քաղաքապետարանի դիմաց – հեղ․):

– Ինքնակամ շինություն չի եղել, այնտեղ շինարարություն չի կատարվել, դա եղել է ապօրինի տեղադրված տաղավար։

Մեր քաղաքի գլխավոր հատակագծով նման բան չէր կարող լինել այնտեղ տեղադրված։ Ովքեր հանել ու բերել դրել էին քաղաքապետարանի դիմաց, իրենք էին պարտավոր հեռացնել մեր հորդորներից հետո, ժամանակ տվեցինք, այդ ժամանակը լրանալուց հետո մենք խնդիրը լուծեցինք։

Անցավ գնաց։ Ապօրինի շենք-շինությունների օրինականացումը քաղաքապետարանի գործառույթներից մեկն է։ Մենք իրավունք ունենք անօրինական որոշ կառույցներ օրինականացնել, իսկ որը չի համապատասխանում գլխավոր հատակագծին՝ ապամոնտաժվում, հեռացվում են։ Այս ընթացքում 150-200 տաղավարներ, բուդկաներ են ապամոնտաժվել։ 

– Ես ուզում էի նաև ասել, որ մարզպետի այդ գործողություններից տպավորություն էր, որ դուք հովանավորն եք քաղաքում նման կառույցների։

– Կներեք, եթե շինությունը որևէ հեռանկար չունի, ինչի՞ հովանավոր կարող եմ լինել։ Այդ կարկասը որևէ ձևով չէր կարող մնալ, ես ի՞նչ պետք է հովանավորեի։ Եթե քաղաքացու գործողությունը օրինական չէ, ինչպես նաև օրինական դաշտ մտնելու հեռանկար չունի, ինչպե՞ս կարող եմ հովանավոր լինել։ 

– Դուք այն քաղաքապետն եք, որ նախկին իշխանության ներկայացուցիչն եք, և մարզպետի հետ հակասությունները արդեն հրապարակային են, Ֆեյսբուքում․․․

– Իմ և մարզպետի հարաբերությունները որևէ անգամ քաղաքական պայքարի ենթատեքստ չունեն, որովհետև դրանք պաշտոնական, անձնական հարաբերություններ են։

Դեռևս 2016 թվականին քաղաքապետարանի շենք մտնելիս հայտարարել եմ, որ ես քաղաքապետարանում երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվելու ու չեմ էլ զբաղվել։ Մենք իշխանությունների հետ նորմալ ծրագրեր ենք արել, անելու ենք, ու եթե, ասենք, ինչ-որ մի մարդու հետ հարաբերություններում անձնական կամ այլ բնույթի խնդիրներ են ծագում, դրանք հաստատ քաղաքական չեն։

– Բայց դրանք չե՞ն խանգարում աշխատանքային պրոցեսում։

– Գուցե ոմանք ուզենան խանգարել, բայց դա ո՛չ կառավարության, ո՛չ քաղաքական շրջանակների հետ կապ չունի, որևէ քաղաքական ենթատեքստ լինել չի կարող։ Ես երկուսուկես տարի այս իշխանությունների հետ աշխատում եմ, բավական մեծ ծրագրեր ենք ներկայացնում կառավարություն։

– Լավ, պարո՛ն Ասլանյան, ձեր հայտարարագրի մասին մի հարց՝ այնտեղ ձեր ֆինանսական միջոցները որոշ տարակուսանքի տեղիք էին տվել՝ այն դեպքում, երբ դուք, լինելով պետական պաշտոնյա և ստանալով գրեթե 300 հազար դրամ աշխատավարձ, տարվա վերջում ձեր եկամուտները կտրուկ աճ են ունեցել՝ շուրջ 35 մլն դրամ գումար։ Ինչպե՞ս են աճել ձեր եկամուտները։

– Իրականում չեն աճել (ծիծաղում է – հեղ․)։ Ուղղակի անցյալ տարի հորս մահվանից հետո պարզվեց, որ ինքը գումարներ ուներ, և պետք է մնացած գումարը հայտարարագրեի․․․

Բացի այդ, ես տարիներ շարունակ բարձր վարձատրվող աշխատանքի եմ եղել, և իմ խնայողությունները թույլ են տալիս այդքան միջոցներ հայտարարագրել։ 2016 թվականի հայտարարագրի մեջ ես ուղղակի ուղղում եմ մտցրել։ Իմ եկամուտները չեն աճել, հակառակը՝ իմ եկամուտներից ես միշտ նաև ծախսումներ եմ անում։ 

– Ձեր հայրը, այսինքն՝ ձեզ ժառանգությո՞ւն է թողել։

– Կարելի է ասել՝ այո։

– Ի՞նչ ժառանգություն, եթե գաղտնիք չէ։

– Գումարային տեսքով։

– Եվ դա ավելացել է ձեր հայտարարագրած գումարի՞ն։

– Բնականաբար, մի տան մեջ ենք ես, հայրս, մայրս ապրում, ո՞ւմ վրա պետք է ավելանար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am