Ճահճացում, պաշարների նվազում, ջրի որակի անկում և ավելին. Սևանա լճի մակարդակը շարունակում է ընկնել

Սևան (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, Medialab.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը

– Տիկի՛ն Միսակյան, հիմնվելով պաշտոնական տվյալների վրա, տեսնում ենք, որ Սևանա լճի ջրի մակարդակը տարեցտարի նվազում է: Խնդրում եմ ներկայացնեք տվյալներ, թե 2020 թվականից՝ յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ որքա՞ն է կազմում նվազման ցուցանիշը։

– Եթե այսօրվա դրությամբ նշենք, ապա պետք է ասեմ, որ ջրի մակարդակը 1900․15 մետր է` նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ 11 սմ-ով ավելի ցածր, իսկ եթե այս տարի հունվարի 1-ի հետ համեմատենք՝ 2 սմ-ով արդեն իջել է։ Այդ տարբերությունները ավելի մեծ չափով բացասական արժեքների հասան 2021, 2022 և 2023 թվականներին, ամենաշատը՝ 2022 թվականին, -15 սմ է եղել, այսինքն՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը 15 սմ-ով բացասական տարբերություն է տալիս։ 

– Ո՞րն է պատճառը այդ չընդհատվող բացասական տարբերության։

– Գործոնները տարբեր են, համակցված գործոնների ազդեցությամբ է տեղի ունենում: Եթե կոնկրետ անդրադառնանք նախորդ տարվան, որ ջրի մակարդակի տարբերությունը 11 սմ-ով է եղել բացասական, դա հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ գարնանային վարարումների ժամանակահատվածում մենք մակարդակի զգալի բարձրացում չենք ունեցել։ 

Սովորաբար լճի մակարդակի բարձրացման համար շատ կարևոր է, թե վարարումների ընթացքում որքա՛ն կբարձրանա, բայց անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, եղանակային պայմանների ազդեցությամբ, այնպես ստացվեց, որ չնայած ձյան առկա պաշարներին, իրար հերթափոխեցին շատ տաք ու շատ ցուրտ օրեր, ընդամենը 2-3 օրերի կտրվածքով, ու ձյան ինտենսիվ հալք չեղավ: 

Այդ պատճառով մենք գետերում շատ ցածր ելքեր ենք ունեցել, ու դրանք չնպաստեցին, որպեսզի մեծ քանակությամբ ջուր մուտք գործի լիճ, այսինքն՝ գետային ընդհանուր ներհոսքը շատ ցածր եղավ այդ ամիսներին, ինչն էլ արդյունք հանդիսացավ, որ լճի ջրի մակարդակը քիչ բարձրանա: 

Իհարկե այդ ամիսներին գոլորշացումը համեմատաբար քիչ է լինում, նաև դա է նպաստում, որ մակարդակը բարձրանա։ Բացի դրանից՝ նախորդ տարի նախատեսվածից՝ 170 միլիոնից, ավելի շատ ջրառ է եղել, ու ստացվեց այնպես, որ մուտքի բաղադրիչների արժեքն ավելի փոքր եղավ, քան ելքի հաշվեկշռի բաղադրիչներինը, այդ իսկ պատճառով մենք ունեցանք այդ բացասական տարբերությունը։

– Ջրի մակարդակի բարձրացման այլ եղանակներ չկա՞ն, արհեստական ճանապարհով հնարավոր չէ՞ դա անել, տիկի՛ն Միսակյան։

– Արհեստական ճանապարհը մեր բոլոր այլընտրանքային այն միջոցառումներն են, որոնք նախատեսված են եղել և արվում են, այսինքն՝ Արփա-Սևանով ջրի տեղափոխումն է, հնարավորինս սահմանափակ քանակով ջրառն է: Բայց այդ ամենը, եթե նույնիսկ նկատի ունենանք, վերջին տարիներին շատ կարևոր է բնական գործոնների ազդեցությունը լճի մակարդակի վրա, որովհետև մենք նույնիսկ առանձին տարիներ, ամիսներ ենք ունեցել, որ ի՛նչ քանակով էլ փորձեինք մարդկային միջամտությամբ ջրի մակարդակը փոխել, միևնույն է, հնարավոր չէր լինի, որովհետև շատ-շատ բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, ինչի հետևանքով մեծ գոլորշացում է դիտվում, գետային ներհոսքը շատ ցածր արժեքներ է ունենում, ու սա լինում է որպես ուղղակի ազդեցություն, իսկ արդեն դրան հետևող անուղղակի ազդեցությունը սկսվում է վաղ ժամկետներով ջրառ, մեծ քանակությամբ ջրառ։ 

– Իսկ, օրինակ՝ որքա՞ն պետք է լինի ջրի մակարդակի թվային տվյալը, որ դա համարվի նորմային համապատասխան։

-Վարարումների ընթացքում առնվազն մոտ 30-35 սմ պետք է բարձրանա, իսկ տարեկան կտրվածքով, եթե նայենք վերջին, այսինքն՝ բարձրացման փուլի համար, 2002 թվականից սկսած միջին արժեքը, գոնե 20 սմ-ով պետք է բարձրացում լիներ, բայց, ինչպես նշեցի, մենք -3, -4 բացասական տարբերությամբ տարիներ ենք ունեցել, որն այդ միջին արժեքը արդեն դեպի ավելի փոքրի է տանում։ Բայց եթե, օրինակ՝ նայենք 2002-ից մինչև 2012 թվականի մակարդակի տարբերությունը, տարեկան կտրվածքով միջինը 33 սմ-ով բարձրացել է, այսինքն՝ տարիներ ենք ունեցել, որ 45-50 սմ է բարձրացել, կամ տարիներ ենք ունեցել, որ ընդամենը, ենթադրենք, 14-15 սմ է բարձրացել, բայց, ամեն դեպքում, բարձրացել է։ 

– Ջրի մակարդակի նվազումը Սևանա լճի որակի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում։

-հիմնական բացասական ազդեցությունն այն է, որ որքան ջրի պաշարը քիչ է, այնքան փոքրանում են ինքնամաքրման ունակությունները։ Ջրի քիչ պաշարի դեպքում մակերևութային ջրային շերտը, որն ավելի շատ է տաքանում, ըստ խորության ընդարձակ տարածք է զբաղեցնում, և այդ սառը շերտի՝ հիպոլիմիոնի ծավալն ավելի է փոքրանում: 

Հատկապես, եթե նկատի ունենանք, որ հիմա կլիմայի փոփոխություն է տեղի ունենում, ու ջերմաստիճանը շարունակաբար բարձրանում է, այդ հիպոլիմիոնի՝ մակերևութային տաք շերտի ավելի մեծ տարածք զբաղեցնելը, ըստ խորության, հանգեցնում է նրան, որ խորքային շրջաններում թթվածնային պաշարների սպառում է տեղի ունենում ավելի վաղ ժամկետներում:

Բնականաբար, դա իր բացասական ազդեցությունն է ունենում այդ ջրում ապրող կենդանի օրգանիզմների ու ընդհանուր կյանքի պայմանների վրա, ինչպես նաև խախտվում են լճի ամբողջ շրջանառու գործընթացները, որոնք առանց այդ էլ արդեն իսկ խախտված են, որովհետև լիճը տարվա մեջ շրջանառվում է երկու անգամ, ու երբ ջրի պաշարները քիչ են, իսկ ջերմաստիճանը ավելի բարձր է լինելու ու կանխատեսվում է, որ կբարձրանա, գուցե գա մի պահ, որ արդեն երկու շրջանառության փոխարեն մենք ունենանք ընդամենը մեկ փուլ, իսկ լճի շրջանառությունը, այսինքն՝ հենց հիդրոդինամիկ պայմաններն են պայմանավորում լճում ապրող օրգանիզմների ու դրանցով պայմանավորված ընդհանուր լճի էկոլոգիական իրավիճակը ինչպիսին կարող է լինել։

– Ի՞նչ ասել է լճի շրջանառություն, տիկի՛ն Միսակյան։

– Որ մակերևութային հատվածում ջուրը տաքանում է, իսկ խոր հատվածում սառն է լինում, երբ մենք գնում ենք դեպի աշնանային փուլ, երբ ջերմաստիճանը սկսում է նվազել, մոտենում ենք դեպի ձմռանը, այդ ժամանակահատվածում արդեն մակերևութային ջերմաստիճանը սկսում է աստիճանաբար սառել, ու ջերմափոխանակությունը աստիճանաբար գնում է ավելի խոր շերտեր, և լիճը սկսում է շրջանառվել, այսինքն՝ եթե մակերևույթին տաք էր, խոր շրջաններում՝ սառը, այդ ժամանակ ջուրը դառնում է համասեռ։ 

Այդ շրջանառության երևույթներ, արդեն հակառակ ջերմաստիճանի պարագայում, մեկ անգամ էլ արդեն ունենում ենք, երբ ձմռան ժամանակահատվածից անցնում ենք գարնան, նորից լիճը խառնվում է ու համասեռ է դառնում, ու այդ գործընթացում և՛ սնուցիչ նյութերը, և՛ ամեն ինչը լճում տեղափոխման են ենթարկվում։

– Ջրի մակարդակի նվազման այս միտումը լճի ճահճացման բերելո՞ւ է։

– Բնականաբար, մակարդակի փոփոխությունը շատ ազդում է լճի ընդհանուր էկոլոգիական վիճակի վրա, շատ կարևոր է, բայց դրա հետ մեկտեղ պետք է զուգահեռ դիտարկենք նաև այլ գործոններ՝ լիճ տեղափոխվող ջրի որակը, ի՛նչ որակի ջուր է գետերով գնում լիճ, ավազանում ինչպիսի գործունեություն է լինում, ի՛նչ նյութեր ենք օգտագործում գյուղատնտեսության մեջ, որովհետև դրանք, ի վերջո, լվացվում են ու տեղափոխվում լիճ։

Շատ կարևոր է դրանց քանակի սահմանափակումը, այսինքն՝ պետք է բոլոր միջոցառումները համատեղ՝ կոմպլեքս տարբերակով լինեն: Եթե մենք չենք կարողանում պահպանել ջրի մակարդակը, գոնե պետք է կարողանանք մյուս գործոնների վրա ազդել, այսինքն՝ նվազեցնել սնուցիչների մուտքը դեպի լիճ, քանի որ չենք կարողանա ազդել կլիմայի փոփոխության վրա, որպեսզի ջերմաստիճանը փոխենք, գոնե պետք է այդ ուղղությամբ հասկանանք՝ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել։ Այսինքն՝ չպետք է միայն մակարդակը դիտարկել, պետք է բոլոր գործոնները համատեղ դիտարկել։

– Ճահճացման միակ խթանը, փաստորեն, լճի ջրի մակարդակի նվազումը չէ՞։

– Այո՛, բնականաբար, միայն ջրի մակարդակի փոփոխությամբ հնարավոր չէ լճի ճահճացում, բոլոր հանգամանքները կապ ունեն, իհարկե, մակարդակի փոփոխությունը ևս շատ կարևոր է, բայց ճահճացման համար միակ գործոնը չէ։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am