Ինքնասպանությո՞ւն. Հրանտ Դինքի գործով փաստաբան Հաքան Քարադաղի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր

Հրանտ Դինքի սպանության գործով փաստաբաններից մեկի` ազգությամբ թուրք Հաքան Քարադաղի կասկածելի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր`առաջ քաշելով մահվան պատճառ հանդիսացած նորանոր վարկածներ: Ուրբաթ առավոտյան 40-ամյա Հասան Քարադաղի անկենդան մարմինը իրավապահները հայտնաբերել են Ստամբուլում գտնվող նրա բնակարանում:
Թեեւ դատաբժշկական փորձաքննության նախնական զեկույցի համաձայն, Հաքան Քարադաղն  ինքնասպանություն է գործել` խողովակներից կախվելու միջոցով, սակայն չի բացառվում նաեւ սպանության վարկածը:
«Այնուամենայնիվ, որպես Հրանտ Դինքի գործով փաստաբան , ոստիկանությունը չի բացառում նաեւ սպանության վարկածը,- հավաստի անանուն աղբյուրին վկայակոչելով` գրում է թուրքական «Hurriyet Daily News»:

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում  սպանված Հրանտ Դինքի գործով դատավարությունը ընթացքի մեջ է. ներգրավված են առնվազն 20 մեղադրյալներ:

Թուրքական «TODAY’S ZAMAN»-ն անդրադառնալով փաստաբանի մահվանը,  հիշատակում են մի դեպք, երբ «Ակոս» թերթի հրատարակիչ եւ հիմնադիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուստ Սամաստը վերջին դատավարություններից մեկի ժամանակ վիճաբանության մեջ մտնելով Հաքան Քարադաղի հետ` սպառնացել է նրան:

Չնայած նման հիշատակումներին, այնուամենայնիվ իրավապահներն  առավել հավանական են համարում ինքնասպանության վարկածը, որի հետ չեն համակերպվում փաստաբանի հարազատներն ու բարեկամները:

«Ես նրան հենց երեկ եմ տեսել, եւ նա ոչ մի ինքնասպանության միտք չուներ:-ուրբաթ լրագրողներին ասել է փաստաբանի հորեղբայր Հաբիփ Քարադաղը,-Նա ասաց որ գործով դատարան պիտի այցելի, իսկ հետո հեռացավ ասելով` կհանդիպենք կեսօրին»:

Սակայն, թուրքական լրատվամիջոցները մեջբերում են Հաքան Քարադաղի ընկերուհու` Սիգդեմի պատմությունը:

Նա պատմել է, որ դեպքից ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանությունից հետո Քարադաղը հեռացել է` հեռախոսով հաղորդագրություն ուղարկելով իրեն. «Մորս պատասխան ես տալու»:

Սիգդեմը պատմել է, որ հաղորդագրությունից հետո Հաքանի հեռախոսն անջատված է եղել, իսկ ավելի ուշ նրան գտել են կախված:

«Իրավապահների տրամադրած տվյալներով`ինքնասպանություն է, ավելին  չգիտենք- «Մեդիալաբին» ասում է «Ակոս» թերթի պատասխանատու-խմբագիր Արիս Նալջին,- երկուշաբթի հույս ունենք ավելին իմանալ»:

© Medialab.am