Տեսնում եմ տարածաշրջանային լարվածության մասշտաբների ընդլայնում, Հայաստանը շարունակելու է մնալ որպես թիրախ. Ռուբեն Մելքոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը

– Պարո՛ն Մելքոնյան, Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում գտնվողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ: Ինչպե՞ս եք գնահատում այս մարտավարությունը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը հակված չէ գերիներին վերադարձնելու:

– Ադրբեջանի այդ մարտավարությունը խոսում է այն մասին, որ ինչպես թուրքական, ադրբեջանական քաղաքական ոճն է թելադրում, Ադրբեջանը հակված է խախտելու պայմանավորվածությունները, այդ թվում՝ գերիների վերադարձի մասով:

Դրա համար Ադրբեջանը արդեն իսկ սկսել է տարատեսակ հիմնավորումներ, վարկածներ առաջ քաշել, որոնք կապ չունեն ո՛չ իրականության, ո՛չ էլ ստեղծված իրավիճակի հետ:

Այդ հիմնավորումներից մեկն էլ իբրև հայ ահաբեկիչների գոյությունն է: Եկեք վերհիշենք, որ պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան շարունակ շրջանառում էր իբրև թե դրսից եկած վարձկանների, հայ ահաբեկիչների մասին:

Երբեմն շրջանառում էր իբրև թե Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների մասին Հայաստանում՝ դրանով փորձելով հակադարձել իր երկրի սահմաններում և իր իսկ բանակի կազմում կռվող ահաբեկիչների մասին լուրերին:

Ընդ որում, այդ լուրերի մասին բացահայտ հայտարարում էին և՛ Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահը, և՛ Ֆրանսիայի ղեկավարությունն ու նախագահը, նաև այլ երկրների ներկայացուցիչներ:

Նշվում էր, որ տարածաշրջան են ներթափանցել ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներ, և, իհարկե, այդ ներթափանցումը կազմակերպվել և իրականացվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Այսինքն՝ դրանով Ադրբեջանը փորձում էր հավասարության նշան դնել իր ահաբեկչական քաղաքականության և Հայաստանի միջև, ինչը, բնականաբար, կապ չունի իրականության հետ: Դա երևի թե ադրբեջանական քարոզչամեքենայի համար անգամ հավատ չէր կարող ներշնչել: 

Երկրորդ՝ այս լուրերը շրջանառելով՝ Ադրբեջանը փորձում էր հիմք ստեղծել իր շարունակական մյուս քայլերի համար, որոնք տեղավորվում են պայմանավորվածությունները խախտելու, լարվածությունը և ապակառուցողական մթնոլորտը շարունակելու մեջ:

Որպես դրա հետևանք այսօր ունենք այն պատկերը, որ հայ ռազմագերիները, նաև խաղաղ բնակիչները, որոնք պատերազմի ընթացքում գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից, հիմա ներկայացվում են որպես ահաբեկիչներ, և, բնականաբար, նրանց հարցը Ադրբեջանը փորձում է տեղափոխել բոլորովին այլ հարթություն՝ հակաահաբեկչական պայքարի տրամաբանություն:

Դա որևէ կապ չունի իրականության հետ, և Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները, կարծում եմ՝ նաև որոշակի մարտահրավեր են և՛ միջնորդ երկրներին, և՛ միջազգային հանրությանը, առնվազն երկու քայլ անելու համար:

Առաջինը՝ միջնորդ երկրները և այն երկրները, որոնք հայտարարում էին տարածաշրջան ահաբեկիչների ներթափանցման մասին, պետք է հետևողական լինեն իրենց քայլերում, հայտարարություններում և անեն հաջորդ տրամաբանական հայտարարությունը, թե ովքե՛ր են այդ ահաբեկիչներին տեղափոխել տարածաշրջան, և ի՛նչ եղավ նրանց հետ պատերազմի ավարտից հետո, և արդյոք այդ պետությունները, նույն Ֆրանսիան չունեն հանձնառություն ահաբեկիչների գոյությունը այս տարածաշրջանում շարունակվելու դեպքում համապատասխան քայլեր անելու համար:

Երկրորդ մարտահրավերը միջնորդ պետություններին այն է, որ Ադրբեջանը հակված չէ պահպանելու պայմանավորվածությունները և հակված չէ թուլացնելու լարվածությունն ու ազգամիջյան ատելություն սերմանելու իր քաղաքականությունը: 

– Տեսակետ կա, որ տարածաշրջանում տեղի են ունենալու կտրուկ զարգացումներ, և Հայաստանը պետք է քաղպաշտպանություն կազմակերպի, այդ թվում՝ Երևանում, ապաստարաններ կառուցի շենք առ շենք: Արդյոք դուք տեսնո՞ւմ եք այդպիսի զարգացումների հավանականություն տարածաշրջանում, և Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի այսօր:

– Փորձեմ հարցին երկու հարթության մեջ պատասխանել: Նախ, այո՛, ես տեսնում եմ տարածաշրջանային լարվածության շարունակում և դրա աշխարհագրության ու մասշտաբների ընդլայնում, որը մենք կարող ենք անվանել ավելի լայնածավալ պատերազմ կամ ավելի լայն էսկալացիա, որում կարող են ընդգրկվել տարածաշրջանի այլ պետություններ ևս:

Հայաստանն այս համատեքստում շարունակելու է մնալ թիրախ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ուստի Հայաստանը, այո՛, պետք է շարունակի քայլեր ձեռնարկել իր անվտանգային մեխանիզմները վերականգնելու ուղղությամբ:

Չեմ ուզում ասել՝ ուժեղացնելու, որովհետև այդ անվտանգային մեխանիզմները, ըստ էության, ոչնչացված են:

Անվտանգային մեխանիզմների վերականգնումը կարող է ենթադրել համագործակցության ֆորմատների ակտիվացում, կարող է ենթադրել համագործակցության նոր ձևաչափերի ընդգրկում:

Եվ երկրորդ հարթությունն այն է, որ Հայաստանը, գտնվելով այս անհանգիստ տարածաշրջանում և լինելով հստակ թիրախ թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց դաշնակից ահաբեկիչների համար, շարունակաբար բախվելու է սպառնալիքների, և դրանց համապատկերում քաղաքացիական պաշտպանության ցանցի ընդլայնումը կամ վերազինումը, իհարկե, առաջնահերթություն է:

Մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ շատ հարցերում մեր քաղաքացիական պաշտպանությունը, ըստ էության, պատրաստ չէր, մեր քաղաքացիներն էլ պատրաստ չէին հնարավոր նման սցենարների:

Ուստի ես կարծում եմ, որ անկախ արտաքին կամ մեծ քաղաքականության մեջ ընթացող պրոցեսներից, քաղաքացիական պաշտպանության ցանցի վերազինումը, ընդլայնումն ու արդիականացումը առաջնահերթություն են այս տարածաշրջանում գտնվող ցանկացած պետության և, առաջին հերթին՝ Հայաստանի համար:

– Ադրբեջանի կողմից նման հայտարարություններից հետո միջազգային հարթակում Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի, որքանո՞վ է բավարար ՀՀ իշխանությունների արձագանքը: 

– Մենք նախ պետք է փաստենք, որ պետական կառույցներից ՄԻՊ-ը շատ ակտիվ է գործում, բայց մյուս համապատասխան կառույցները, որոնց գործառույթների մեջ է մտնում այս ամենին արձագանքելը, քայլեր անելը, կա՛մ չեն արձագանքում, կա՛մ խոր պասիվության ռեժիմի մեջ են:

Եթե նույնիսկ քայլեր անում են, դրանք հանրության համար տեսանելի չեն: Այս պարագայում, իհարկե, Հայաստանը և համապատասխան կառույցները ունեն անելիքներ: Ենթադրում եմ, որ առաջին հերթին ԱԳՆ-ն այս բոլոր խնդիրները պետք է համապատասխան փաթեթավորմամբ ներկայացնի ինչպես միջնորդ պետություններին, այնպես էլ միջազգային կառույցներին, այն կառույցներին, որոնց նաև Հայաստանն անդամակցում է:

Խնդրի դրվածքը պետք է լինի հետևյալը, որ այս տարածաշրջանում և, ընդհանրապես, աշխարհում ահաբեկչությունը և ահաբեկչության աճը հստակ համամարդկային սպառնալիք են, և ահաբեկչությանը նպաստող ցանկացած քայլ պետք է արժանանա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության և դաշնակից, հարևան կամ գոծընկեր պետությունների արձագանքին: 

– Այսինքն՝ անելիքներ շա՞տ ունենք:

– Միանշանակ ունենք: Այն փաստերը, որոնք ունենք մենք և մեր գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի, Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, չպետք է անտեսվեն:

Դրանք պետք է համապատասխան փաթեթավորմամբ դրվեն սեղանին, օրակարգային հարցեր դառնան: Ընդ որում, առկա փաստերը կարող են համալրվել նորանոր փաստերով:

Կոնկրետ ՄԻՊ-ի պարագայում կան փաստեր ահաբեկչական ոճի մահապատիժների, գերիների հանդեպ անմարդկային արարքների մասին: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է ներկայացնի դրանք որպես համամարդկային չարիք, որպես համամարդկային մարտահրավեր:

Հայաստանի երկրորդ անելիքը, բնականաբար, համապատասխան կառույցներին, համապատասխան հարթակներին ահազանգելն է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման առումով:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, բնականաբար՝ նաև Թուրքիայի ուղղորդմամբ և աջակցությամբ, միտված է նորանոր լարվածության օջախների ստեղծմանը, որոնց համապատկերում ահաբեկչությունը ձեռք կբերի գործելու մեծ ազատություն:

Ահաբեկչական խմբավորումների առկայությունն այս տարածաշրջանում ձեռք կբերի տեսականից ավելի գործնական բնույթ: Ահաբեկիչները կսկսեն զբաղվել այն ամենով, ինչով սովոր են զբաղվել Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ և ուղղորդմամբ:

Մանե Հարությունյան

MediaLab.am