Հետպատերազմյան դժվարությունների հաղթահարման գործում Լիտվան Հայաստանի կողքին է. արտգործնախարար

Լիտվայի Հանրապետության արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը  Լոռու մարզում մասնակցեց ծառատունկի՝ ի նշանավորումն Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակների. միջոցառումը կայացավ Խնձորուտի անտառապետությունում Լիտվական անտառի բացման շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անտառի հիմնումը խորհրդանշող առաջին ծառերը տնկեցին Լիտվայի արտգործնախարարն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Լիտվայի Հանրապետության արտգործնախարարն իր խոսքում մեծ պատիվ համարեց Հայաստանում գտնվելը։

«Ես շատ բան չգիտեմ բնապահպանությունից, սակայն շատ գիտեմ՝ մեր ընդհանուր պատմությունից։ Մեր երկու երկրների միջև 30 տարի առաջ հյուսեցինք մեր համերաշխությունն ու բարեկամությունը և հիմք դրեցինք մեր հետագա համագործակցությանը։Այցելելով Հայաստան, համոզված եմ, որ 30 տարի առաջ մեր ցանած սերմը մեծացել և ընկերության ու բարեկամության ծառեր է դարձել։ Այդ առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր ծառ ենք տնկելու։ Ես համոզված եմ, որ 30 տարի անց, երբ հանդիպենք այստեղ՝ որպես  երկու  ժողովրդավարական ու քրիստոնյա երկիր, կքայլենք արդեն մեծացած ծառերի միջով և այն ժամանակ կունենանք  60 տարվա ընկերության ու համերաշխության ծառեր։Սա նաև խորհրդանշում է , որ նույնիսկ ամենադժվար պահերին մենք նայում ենք դեպի ապագան»,-ասաց Լանդսբերգիսը՝ հավաստիացնելով, որ Լիտվան Հայաստանի կողքին է հետպատերազմյան դժվարությունների հաղթահարման ու վերականգնման գործում։

 «Հայաստանի Հանրապետությանն ու Լիտվային միավորում է քաղաքական մի շարք ընդհանրություններ, որոնք լավագույն հենք են ապահովում մեր 30-ամյա կապերն ավելի ամրապնդելու, խորացնելու համար, մասնավորապես նաև բնապահպանական ոլորտում»,-նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվայի կողմից ՀՀ կառավարության կոչին Եվրոպական Միությունից առաջիններից մեկն արձագանքելու և 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը միանալու համար։ Այդ շրջանակում,  Լիտվան շուրջ  10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։

Լիտվական նորատունկ անտառի ցուցանակի բացման պատիվը տրվել է Լիտվայի արտգործնախարարին։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, լիտվական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ,  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը։