Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը.ՇՄՆ

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգի վերաբերյալ Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման Հավելվածով:

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝

1) հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը).

2) ձկան և խեցգետնի տեսակը.

3) չափաքանակը.

4) օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը).

5) օգտագործման ժամանակահատվածը.

6) որսամիջոցները.

7) ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը.

8) ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարության կայքէջում համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:

Դիմումի և հայտի ձևեր՝ (կցված են):

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման ժամկետը սահմանված է մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։