Այդ հատվածի գյուղերը հիմա ամբողջական շրջափակման մեջ են. կապ չունեն ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի հետ. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյան

– Պարո՛ն Շահինյան, ադրբեջանական կողմի վերջին գործողությունից հետո Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ավելին՝ Արցախում կան գյուղեր, որոնց կապը Ստեփանակերտի հետ ևս կտրվել է։ Կնշեք՝ Լաչինի միջանցքի ու Հակարի կամրջի կարևորությունը ո՞րն էր, ու ի՞նչ ուղղություններ էին կապվում դրանց միջոցով։

– Կամուրջը կառուցվել է Հակարի գետի վրա ադրբեջանցիների կողմից, որի նպատակն էր Լաչինի միջանցքի երթուղու վերահամաձայնեցման հաջորդ քայլով միջանցքը տեղափոխվեր այդտեղ, այսինքն՝ Լաչինի միջանցքը պետք է գործեր այն նույն կարգավիճակով, որով գործում էր մինչև 2023 թվականը։ Բայց տեսնում ենք, որ ապօրինաբար տեղադրվում է պետական սահմանային անցակետ, որն Ադրբեջանի կողմից շրջափակման ևս մեկ գործիք է։ 

Այստեղ նաև շատ կարևոր է այն, որ շրջափակումն արդեն կրում է բացարձակ պետական վիճակ, ու սա Ադրբեջանի հերթական քայլն է՝ ուժով վերահսկողություն սահմանել Արցախի նկատմամբ։ 

Ակնառու ու զարմանալի է այստեղ ռուս խաղաղապահ ուժերի որդեգրած քաղաքականությունը, երբ այս իրավիճակից դուրս գալու ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այսինքն՝ բացահայտ երևում է, որ այս ամենը տեղի է ունենում ռուսական խաղաղապահ ուժերի համաձայնությամբ:

– Իսկ եթե ոչ մի իրավիճակ չփոխվի, ու անցակետը շարունակի մնալ Լաչինի ճանապարհին, ի՞նչ հետևանքների ենք ականատես լինելու։

– Դա բերելու է Արցախի լիակատար հայաթափման և Արցախի մնացած տարածքների օկուպացիայի Ադրբեջանի կողմից։ Մենք բազմիցս հայտարարություններ ենք լսել, որ Ադրբեջանը նպատակ ունի վերաինտեգրելու Արցախին, բայց պետք է շեշտել, որ սա ոչ թե վերաինտեգրում է, այլ՝ ինտեգրում, որովհետև Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այն եղելէ Խորհրդային Միության կազմում, որի փլուզման արդյունքում անկախացել է, Ադրբեջանն ուղղակի հիմա փորձում է զավթել Արցախի մնացյալ մասերը։ Ադրբեջանն էթնիկ զտման նպատակ է հետապնդում Արցախում։

– Աշխարհագրական առումով այս ճանապարհի կարևորությունը ո՞րն է, պարո՛ն Շահինյան։

– Հակարի գետը, ըստ էության, որտեղ կառուցվել է կամուրջը, նախկինում հանդիսացել է Խորհրդային Ադրբեջանի ու Խորհրդային Հայաստանի միջև վարչատարածքային բաժանման սահման։ Այդ հատվածում պետք է լիներ Լաչինի միջանցքը՝ առանց ադրբեջանական սահմանապահ անցակետի, ուժերի, որը հստակ ֆիքսված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը ու ընդհատել է կապը Հայաստանի և Արցախի միջև։ 

Դեկտեմբեր ամսին, երբ Շուշիի հատվածում ադրբեջանցի «բնապահպան» ակտիվիստները փակեցին ճանապարհը, դեռևս կային ինչ-որ լեռնային կամ երկրորդային ճանապարհներ, որոնցով հնարավոր էր լինում կապ հաստատել Ստեփանակերտի ու Գորիսի միջև, բայց Հակարի գետի հատվածում փակելու հետևանքով արդեն այդ կապն էլ է ընդհատվել։ 

Կան նաև Արցախի որոշ բնակավայրեր՝ Մեծ Շեն, Փոքր Շեն ու այդ հատվածի այլ գյուղեր, որոնց կապը ընդհատվել էր Ստեփանակերտի հետ, բայց կապ կար Հայաստանի հետ, ու, ըստ էության, հիմա այդ գյուղերն ամբողջական շրջափակման մեջ են, կապ չունեն ո՛չ Ստեփանակերտի, ո՛չ Հայաստանի հետ։

– Այսինքն՝ այս գործողության հետևանքները շատ ավելի ծա՞նր են, քան երբ անցած տարի ադրբեջանցիները Շուշիի հատվածում փակեցին ճանապարհը։

– Այո՛, իհարկե, սա ադրբեջանական հատուկ գործողություն է ու շատ նման է 90-ականներին տեղի ունեցած «Կոլցո» գործողությանը, սա նույն նպատակն ունի՝ հայաթափել Արցախը։ Սա ադրբեջանական ուժի հերթական ցուցադրությունն է, որը մեծ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար, որովհետև չի բացառվում, որ սրա հաջորդ քայլը կարող է լինել մեկ այլ հատվածի ներխուժում Հայաստանի տարածք, կամ արդեն ներխուժած հատվածներով ավելի խորացում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am