Արևմուտքի իրական աջակցությունը կախված կլինի հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելու հանգամանքից. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, Ռուսաստանը Հայաստանից հստակ պատասխան է սպասում՝ կապված ՀԱՊԿ-ում ու մյուս համաձայնագրերի համատեքստում աշխատանքների հետագա իրականացման վերաբերյալ, այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին ի՞նչ կարելի է սպասել նման հայտարարությունից հետո։

– Պաշտոնական Երևանը կարծես թե ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը կարևոր ու օգտակար է համարում և այստեղ խնդիր չի տեսնում։ ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցված է հայտարարել, սակայն կազմակերպությունից հեռանալու հետ կապված որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել և դժվար թե այս պահին որևէ քայլ անի այս ուղղությամբ։ Իմաստ էլ չկա։ 

Պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր ունի և պնդում է, որ այդ հարցերի համարժեք պատասխանները չեն տրվում։ Գործնականում չմասնակցելով ՀԱՊԿ միջոցառումներին, չստորագրելով ընդունվող որոշումները, Հայաստանի իշխանությունները գուցե կարիքն էլ չունեն լրացուցիչ պարզաբանելու սեփական պահվածքը։

Այդ պահվածքն ինքնին, հավանաբար, պետք է գործընկերներին ցույց տա, որ կոնսենսուսային հիմունքներով ստեղծված ու գործող կազմակերպությունը իրավաչափ որոշումներ կարող է կայացնել միայն բոլոր անդամների համաձայնության առկայության դեպքում։ Գուցե այդ կերպ նաև ցույց է տրվում, որ կազմակերպության անդամ պետություններից նույնիսկ մեկի կենսական շահերի անտեսումը հետևանքներ կարող է ունենալ։ 

– Հայաստանի իշխանությանն ուղղված զգուշացո՞ւմ է այս հայտարարությունը։

– Այս հայտարարությունն ավելի ճիշտ կլինի ընկալել որպես ճգնաժամային իրավիճակի արձանագրում։ Կոնկրետ ելքը հայտարարող կողմի համար դեռևս պարզ չէ։ Ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ կոնկրետ միջոցներ դեռ նոր են մշակվում։

– Հայկական կողմի պատասխանը ո՞րը կլինի՝ ըստ ձեզ։

– Պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ի հետ կապված նոր լրացուցիչ հայտարարություններով դժվար թե հանդես գալու կարիք ունենա, եթե ռուս գործընկերները չդրսևորեն այս ճգնաժամը շահագրգիռ երկխոսության միջոցով հաղթահարելու ցանկություն։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացներն այնքան արագընթաց բնույթ ունեն, որ 6-8 ամիս հետո այս հարցերը կարող են ընդհանրապես կորցնել իրենց կարևորությունը։

– Պարո՛ն Մելիքյան, Ռուսաստանն ի՞նչ գործողությունների կարող է դիմել, եթե Հայաստանի իշխանությունը որոշի դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու մյուս համաձայնագրերին, որոնք կան Ռուսաստանի հետ։

– Տարածաշրջանում իրավիճակը կարող է արմատապես փոխվել, եթե, օրինակ, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում բացվի հայ-թուրքական սահմանը։ Բայց, համենայնդեպս, չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը շտապողականություն դրսևորի իր պայմանագրային հարաբերությունները կասեցնելու հարցում, եթե ռուսական կողմի գործողություններն ուղղակիորեն չդրդեն դա անել։

– Հայաստանն Արևմուտքից իրական աջակցություն կստանա՞, եթե հեռանա Ռուսաստանից։ Եթե չկա այդ ռեալ աջակցությունը, Հայաստանն ինչո՞ւ է Ռուսաստանի հետ նման քաղաքականություն վարում։

– Արևմուտքի իրական աջակցությունը ևս կախված կլինի հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելու հանգամանքից։ Չմոռանանք նաև այն, որ հենց Մոսկվան է եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու սահմանների բացման գլխավոր լոբբիստներից մեկը առնվազն 2016 թվականից ի վեր։ Այդ առումով ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելը կամ նրանց լրացուցիչ լիազորություններ տալը կդառնա գործընթացի իրական շահառուների շրջանակի վրա լույս գցող գործոն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am