Բացառի՞կ. ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի

Բացառի՞կ. ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի
Բացառի՞կ. ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի
Հեղինակ MediaLab

Այսօր`ժամը 17-ին ընդդիմադիր ՀԱԿ-ը  հանրահավաք եւ երթ կանցկացնի:
Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, հանրահավաքի օրակարգում ընդգրկված են «ընտրակեղծարարության օրվան, մանր եւ միջին բիզնեսին, միջին խավի վրա հարձակումներին, ապօրինի թանկացումներին եւ նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականին ու արտահերթ ընտրություններին վերաբերող հարցեր»:
Նախատեսվում է, որ հանրահավաքում ելույթ կունենան Կոնգրեսի մի շարք առաջնորդներ, վերջում կխոսի  ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:

Կոգրեսի անդամ ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կոնգրեսի փետրվարի 18-ին կայանալիք հանրահավաքը բացառիկ է լինելու:

«Այն հերթականների շարքին դժվար կլինի դասել»,- հայտարարել է Սարգսյանը:

«Բացառիկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվել է մի ծայրահեղ իրավիճակ, երբ հասարակությունը չի ցանկանում այսպես ապրել, իսկ իշխանությունը ի վիճակի չէ այլկերպ կառավարելու: Այս հավաքում խոսելու է առավելապես ամենաընչազուրկ, հացի խնդիր ունեցող խավի խնդիրների մասին»,- ասել է Սարգսյանը:

Ընդդիմության հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն, եւ  չնայած դրան, արդեն իսկ ահազանգեր կան, որ  որ հանրապետության մի շարք բնակավայրերում ոստիկաններն ու գյուղապետերը հրահանգել են տաքսիների վարորդներին եւ երթուղայինների վարորդներին մարդ չտեղափոխել Երեւան:

Երեւան  մտնող մայրուղիները մեծամասամբ բաց են. Վանաձոր քաղաքի բնակչուհի Սոֆյա Քալանթարյանը, սակայն, ահազանգում է, որ Վանաձորից գրեթե անհնար է հասնել Երեւան:

«Վանաձորից Երեւան եկող երեք երթուղային տաքսիների ոստիկանները եւ տեսուչները կանգնեցրել են, վարորդների փաստաթղթերը վերցրել, իսկ ժողովրդին իջեցրել հենց քաղաքի մեջ»,- ահազանգել է Քալանթարյանը:

Հիշեցնենք, որ հանրահավաքից մեկ օր առաջ մի քանի անգամ հարձակման են ենթարկվել հանրահավաքի մասին իրազեկող ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստները. նրանցից երկուսին նույնիսկ տարել են ոստիկանություն, իսկ մի քանի անհայտ անձինք էլ հարձակվել են Կոնգրեսի անդամ ՀՀՇ կուսակցության գրասենյակի վրա:

© Medialab.am