«Եթե հանրությունը չտրվեր հակապատվաստումային մանիպուլյացիաներին, մենք շատ ավելի մեծ հնարավորություն կունենայինք կորոնավիրուսի դեմ պայքարում». Լուսինե Բադալյան

Իշխանությունների նկատմամբ վստահությունը կամ դրա բացակայությունը Հայաստանում պատվաստումային գործընթացի հարցում որևէ դեր չի խաղում: Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե գրեթե մեկ տարի է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն սկսել են Հայաստանում, բայց ամբողջական դեղաչափ պատվաստում ստացել է ընդամենը 858 981 մարդ:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ ընդհանուր առմամբ, Հայաստանում պատվաստվել է 1 մլն 925 556 մարդ: Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 054 178 քաղաքացի: Մասնագետները նկատում են, որ կորոնավիրուսի դեմ հասարակության իմունային շերտի ձևավորման կամ ամբողջապես պաշտպանված լինելու մասին կարելի է խոսել, երբ հանրության 70-80 տոկոսը պատվաստված կլինի երկու ամբողջական դեղաչափ պատվաստումով:

Բադալյանի խոսքով՝ կարելի է իշխանությանը չվստահել, բայց վստահել համաշխարհային գիտական առաջընթացին, հետևել զարգացած երկրների օրինակին:

«Իշխանության նկատմամբ վստահությունը կամ անվստահությունը որևէ եղանակ չի փոխում պատվաստումային գործընթացում: Պատվաստումային գործընթացի մեկնարկի ժամանակ եթե հակապատվաստումային քարոզարշավը չլիներ այդքան բուռն, եթե հանրությունը չտրվեր հակապատվաստումային մանիպուլյացիաներին, մենք շատ ավելի մեծ հնարավորություն ունեինք կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի շուտ լավ դիրքեր ունենալու»,- նշեց Բադալյանը:

Հիմա էլ, թեև հիվանդացության տարածման տեմպը շատ արագ է, իսկ դեպքերի աճը՝ կտրուկ, այդուհանդերձ, պատգամավորի դիտարկմամբ՝ օրական միջինում 10-15 հազար մարդ է պատվաստվում:

«Պատվաստումային գործընթացում կառավարության կիրառած գործիքակազմը արդյունքներ տվել է: Այս հարցում ես լավատեսական տրամադրվածություն ունեմ, որովհետև պատվաստումը շատ ավելի է մեծացնում մեր երկրում կորոնավիրուսը գոնե ավելի վերահսկելի դարձնելու հնարավորությունը»,- նկատեց պատգամավորը:

Թեև ամեն օր կորոնավիրուսի 4000-ից ավելի նոր դեպքեր են գրանցվում, բայց իշխանական պատգամավորի կարծիքով՝ առողջապահության համակարգը կոլապսի առաջ չի կանգնի: «Առողջապահության համակարգը այս պահի դրությամբ շատ ավելի կազմակերպված է, բոլոր ելքերը հաշվարկված են»,- նկատեց պատգամավորը՝ բնակչությանը հորդորելով առաջին ախտանշանների դեպքում դիմել բժշկի և ստանալ մասնագիտական բուժում:

MediaLab.am