Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին միասնական քննությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսաց լեզու առարկաներից: Քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի համար 3 միջնակարգ դպրոց։ Մինչև քննությունների մեկնարկը դիմորդների շրջանում իրականացվել էին ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ միջոցառումներ:
Մարզպետը քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանի ուղեկցությամբ քննասենյակներում դիտարկեց քննությունների ընթացքը: Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ 94 դիմորդ քննություն է հանձնում անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն և 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից:
«Ոչ մի խոչընդոտ չի առաջացել, դիմորդները սահմանված կարգով մուտք են գործել քննասենյակներ, և քննությունը սկսվել է: Քննական ընթացքին հետևում են գնահատման և թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները և կազմակերպիչները:
Այս պահի դրությամբ ոչ մի դիմորդի մոտ ջերմության խնդիր չի առաջացել, կազմակերպիչները նույնպես ջերմաչափվել են, ամեն ինչ նորմալ է»,- ներկայացրեց Սասուն Մկրտումյանը:
Շրջայցից հետո մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ, քննությունների նախապատրաստական փուլից սկսած, գլխավոր խնդիրը եղել է դիմորդների առողջության եւ անվտանգության պահպանումը և դրա համար համապատասխան միջոցառումների կիրառումը:
«Շրջայցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ, խրախուսելի է նաև այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների շնորհիվ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետևելու, թե ինչ է կատարվում դահլիճում:
Կարևոր է նաև այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն՝ պատճենահանել իրենց աշխատանքները և տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում մեր դիմորդները կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը զրուցեց նաև դիմորդների ծնողների հետ: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին կազմակերպչական բոլոր տեսակի աշխատանքների և քննության համար լիարժեք պայմաններ ստեղծելու համար: Մարզպետն էլ իր հերթին ծնողներին հավաստիացրեց, որ նորմալ միջավայր է ստեղծված, որպեսզի երեխաները իրենց գիտելիքները շարադրեն: « Այս տարի շրջանավարտները արտակարգ պայմաններում են ավարտել դպրոցը և համոզված եմ, որ քննությունները նույնպես արտակարգ արդյունքներով կհանձնեն»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության մարզային վարչությանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությանը, ԿԳՄՍ նախարարությանը, ԳԹ կենտրոնին և այն կառույցներին, որոնց ներկայացուցիչները աջակցել են քննությունների կազմակերպման և անցկացման հարցում:
02.07.2020
Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց միասնական քննությունների ընթացքը
