ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով՝ տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն այսօր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել:

ՓԾ տնօրենի հրամանով վերանայվել և ընդլայնվել են տեղակալների համակարգման ոլորտները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Գնդապետ Գասպարյանը հանձնարարել է հետևողական լինել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների կողմից 2020 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության ուղղություններում արձանագրված բացթողումների վերացման հարցում, սերտորեն համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև շարունակել «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքների անցկացումը:

Ա. Գասպարյանն ուշադրություն է հրավիրել նաև կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու իրականացման խնդիրներին:

Փրկարար ծառայության տնօրենը բոլորին կոչ է արել լինել կարգապահ և առավելագույն բարեխղճությամբ կատարել ծառայողական պարտականությունները:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։