Շրջակա միջավայրի նախարարությունը Բայրամովին պատասխան չունի

Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ. Բայրամովը իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոսելով Հայաստանի դեմ ներկայացվելիք միջազգային հայցերից՝ հայտարարել է, որ ուսումնասիրել են շուրջ 100 կոնվենցիա ու որոշել շարունակել դատական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարաններում:

«Ամենակարճ ժամկետներում միջազգային դատարան կդիմենք Հայաստանի կողմից երկու կոնվենցիայի խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով: Այդ ուղղությունը 2022 թ. առաջնահերթություններից մեկն է»,- ասել էր այդ երկրի ԱԳՆ-ն:

«Մեդիալաբը» փորձեց շրջակա միջավայրի նախարարությունից պարզել՝ ի՞նչ հակազդող քայլեր է ձեռնարկելու գերատեսչությունը, և արդյոք, ի վերջո, ադրբեջանական կողմը հիմքեր ունի նման քայլի դիմելու համար: Նախարարությունից, սակայն, հստակ ոչինչ չասացին և մի քանի օր ձգձգելուց հետո փոխանցեցին, որ այդ հարցի հետ կապված մեկնաբանություն չունեն:

«Շրջակա միջավայրի նախարարությունը այս պահին այդ թեմայի հետ կապված մեկնաբանություն չունի»,- ասացին ՇՄ լրատվական ծառայությունից:

MediaLab.am