«Հետազոտության արդյունքները շոկ էին բոլորի համար. երեխաների մազերի ու մեզի մեջ հայտնաբերվել է մկնդեղ, հավկիթի մեջ՝ դեօքսիններ». Ինգա Զարաֆյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը

– Տիկի՛ն Զարաֆյան, չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը հայ գործընկերների՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և ձեր ղեկավարած «Էկոլուր» ՀԿ-ի հետ համատեղ 2018 թվականից իրականացրել է Լոռու մարզի Թումանյանի ու Ստեփանավանի շրջանների շրջակա միջավայրի աղտոտվածության քարտեզագրումը։ Հետազոտության նպատակը ո՞րն էր․ չորս տարի տևած ուսումնասիրությունն ի՞նչ ցույց տվեց։

– Քիմիական աղտոտվածության վերաբերյալ հետազոտությունները Թումանյանի շրջանում, որտեղ գտնվում են ամենամեծ ու վաղուց շահագործվող հանքավայրերը՝ Ախթալան, Ալավերդու պղնձաձուլարանը, Թեղուտի հանքավայրը, մեծ անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը ու ակտիվիստներին։

Տեղի ակտիվիստները՝ Օլեգ Դուրգարյանը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» նախագահը, «Էկոլուրը», «Առնիկայի» քիմիական անվտանգության ՀԿ-ի հետ, որը Չեխիայի մասնագիտացված կազմակերպություն է, 2018-ից անցկացնում են մի քանի ծրագիր, բայց հիմնական մեխը քիմիական աղտոտվածության ուսումնասիրությունն է, որն առաջանում է հանքարդյունաբերական և մետալուրգիական օբյեկտների շահագործումից։ Արդեն պատրաստ է այդ քարտեզը, թեև այն կարող է փոփոխության ենթարկվել՝ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված։

Ուսումնասիրվում են հիմնականում այդ տոքսիկ մետաղները, որոնք կարող են վնասներ պատճառել ու մեծ ազդեցություն թողնել մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի՝ ջրի, հողի վրա։ Այդ տարածքի բնակիչներից բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որոնք հիմնականում ասում էին, որ իրենց վատառողջ վիճակը կապված է տեղի աղտոտվածության հետ։ «Առնիկան» փորձում էր հետազոտել՝ արդյոք կա՞ այդ շղթան, ու հետազոտությունները հաստատեցին այդ կապը։

Հետազոտության ընտրված մոդելը հետևյալն է․ նրանք վերցնում են առաջին հերթին քամու ուղղությունը կամ մոտակա շրջանի վտանգավոր թափոնների կամ պոչամբարների մոտ գտնվող վայրերն ու սկսում են հետազոտել այդ կապը, այսինքն՝ այնտեղ հասնող ջուրն աղտոտվա՞ծ է, թե՞ չէ, հողն աղտոտվա՞ծ է, թե՞ չէ, այդ հողից ստացվող մթերքները որքանո՞վ են աղտոտված, և, վերջապես՝ մարդկանցից վերցնում են մազերի ու մեզի անալիզ ու պարզում, թե մարդը՝ որպես այդ շղթայի մաս, որքանո՞վ է ընկալում այդ ամենը։ Հետազոտություններն ապացուցեցին այդ կապը։

– Հետազոտության արդյունքները շա՞տ մտահոգիչ են։

– Այո՛, մտահոգիչ արդյունքներ ստացանք։ Կան երեխաներ, որոնց մազերի ու մեզի մեջ հայտնաբերվել է մկնդեղ, որը թույն է։ Առաջին կարգի տոքսիկ նյութերը հայտնաբերվում են մարդկանց մոտ։ Չեմ ասում, որ շատ-շատ բարձր քանակությամբ է, բայց եթե նորմայից բարձր է՝ արդեն ազդանշան է, մանավանդ այն մարդկանց պարագայում, որոնք այնտեղ են ապրում, նրանք ամեն օր այդ ծանր մետաղներից ստանում են հերթական չափաբաժինը, որովհետև ոչ ոք չի վերացրել այդ աղտոտվածությունը։

Խնդիրը սա է, իսկ հետազոտության նպատակն է բացահայտել հանքարդյունաբերության վտանգավոր ազդեցությունը միջավայրի ու մարդկանց վրա։ Հիմնականում հետազոտվել են խոցելի խմբերը՝ երեխաները, կանայք ու հղի կանայք, որոնց մոտ ցուցանիշները բավականին բարձր են, ու, բացի մկնդեղից, հայտնաբերվել են այլ տոքսիկ մետաղներ՝ քրոմ, պղինձ և այլն։

Ալավերդու գործարանի տարածքում գտնվող բնակելի շրջաններում ուսումնասիրության են ենթարկվել այդ տարածքի հավերի հավկիթները, ու այդ հավկիթներում հայտնաբերվել են դիօքսիններ, որոնք մահացու թունավոր տոքսիններ են, այսինքն՝ 2018-ի այդ հետազոտության արդյունքները շոկ էին բոլորի համար, ոչ ոք չէր պատկերացնում, որ անգամ ձուն կարող է մաքուր չլինել։ Հանքարդյունաբերական տարածքներում այդպիսի վատ արդյունք ունենք, պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի մաքրվեն այդ տարածքները։

– Տիկի՛ն Զարաֆյան, մինչև 2018 թվականը ուսումնասիրություններ չե՞ն եղել այդ տարածքներում։

– «Առնիկան» սկսեց ուսումնասիրությունները 2018 թվականից, բայց, իհարկե, այդ տարածքը միշտ էլ հետազոտվել է․ հետազոտվել է Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից, Հայ-ամերիկյան համալսարանի առողջապահության դեպարտամենտի կողմից: Այդ ուսումնասիրություններից նրանք հասկացան, որ կա շատ լուրջ խնդիր, որը պետք է հետագա ուսումնասիրության առարկա դառնա։

«Առնիկան» մշակել է ուսումնասիրության իր մոդելը, որպեսզի հասկանան, թե ինչպես է այդ աղտոտվածությունն անցնում վտանգավոր օբյեկտից դեպի մարդու օրգանիզմ, ու ապացուցել են այդ կապը։ Մարդիկ, որոնք հիվանդություն ունեն, դիմել են դատարան ու որպես ապացույց ներկայացրել են այդ հետազոտության արդյունքները: Մոտ 40 մարդ դիմել է դատարան, բայց դեռ որոշում չկա, արդյունքի մասին չենք կարող խոսել։

– Այդ հետազոտության արդյունքները ներկայացվո՞ւմ են պետական համապատասխան մարմիններին, նրանց հետ համագործակցություն կա՞:

– Ամեն տարի՝ 2018-2021 թթ., այդ արդյունքները և՛ հրապարակվում են, և՛ դրվում Կառավարության սեղանին, ավելին՝ անպայման քննարկումներ են լինում։ Անցյալ տարվա դեկտեմբերին եղել են այդ քննարկումները, առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ իրենք չունեն այնպիսի մեթոդաբանություն, որը կապացուցի այդ կապը։ Ասում են, որ մշակում են այն կամ մշակված է, բայց քանի որ Կառավարության որոշմամբ հաստատված չէ, չես կարող դա կիրառել։ Իսկ դա կարևոր է նրա համար, որ այդ աղտոտվածության հետևանքով տուժած անձը փոխհատուցում ստանա, իսկ մեզ մոտ այդ խնդիրը փորձում են լուծել կազմակերպության մակարդակով։

Հենց Ախթալայի պոչամբարի մոտ՝ բառի բուն իմաստով 50 մետր հեռավորության վրա, մի ընտանիք էր ապրում, որը 3 երեխա ունի, որոնք հիվանդ են, իսկ հիվանդանոցում ասում են՝ մեզ համար պարզ է, բայց ոչինչ անել չենք կարող, որովհետև չկա նախարարության համապատասխան հրաման, որով կարելի է առաջնորդվել։

«Առնիկայի» այս հետազոտությունները քիչ թե շատ ապացուցողական հիմնավորում կլինեն, բայց որքանո՞վ կօգնեն՝ չեմ կարող ասել։ Ախթալայի կոմբինատը նրանց առաջարկել էր ուրիշ տուն տրամադրել, բայց դա հարցի լուծում չէ, պետական մակարդակով պետք է տրվեն փոխհատուցումներն ու լուծումները։

– Այսինքն՝ Կառավարությունը, նախարարությունը տեղյակ են խնդրին, հետազոտության արդյունքներին, բայց քայլեր չե՞ն ձեռնարկում։

– Այո՛, տեղյակ են, բայց ասում են, որ պետք է ապացուցեն այդ կապը, ինչի համար մեթոդիկա պետք է մշակեն, բայց իրենք շատ լավ էլ գիտակցում են, որ այդ պատճառահետևանքային կապը կա։ Բայց գիտե՞ք խնդիր որն է․ հանքարդյունաբերական կազմակերպությունները շատ մեծ լոբբինգ են անում, իրար հետ փոխկապակցված մարդիկ կան, մեծ ճնշում կա համապատասխան նախարարությունների վրա, ու եթե նրանք հետապնդում են բիզնես շահեր, ապա մարդկանց առողջության, շրջակա միջավայրի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, բայց առողջապահության նախարարությունը հո բիզնես հիմնարկ չէ՞, որ միայն փողի մասին մտածի։

– Եթե այս տեմպերով շարունակվի, ու համապատասխան քայլեր չձեռնարկվեն, հանքարդյունաբերությունն ի՞նչ հետևանքներ կունենա բնակչության առողջության ու շրջակա միջավայրի վրա։

– Արդեն իսկ աղտոտվածությունը բավականին բարձր է․ Զանգեզուրում ու Կապանում էլ տարիներ առաջ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների մոտ հայտնաբերվել է մկնդեղ, նույն կապարը հայտնաբերվել է և՛ Ախթալայի երեխաների, և՛ Քաջարանի ու Կապանի երեխաների մոտ։

Խնդիրն այն է, որ այդ հետևանքները միանգամից ի հայտ չեն գալիս, այլ տարիներ հետո: Ենթադրենք՝ լյարդը թունավորված է, երիտասարդ օրգանիզմը դիմադրում է, բայց հենց հիվանդանում է, սկսում է վառ արտահայտվել։ Շատ ծանր վիճակ է, բայց հասկանալի է, որ մեծ փողերի հետ գործ ունեն, ու ոչ ոք դեմ չի գնում դրանց, նրանց դեմ պայքարելը դժվար է։

– Տիկի՛ն Զարաֆյան, ստացվում է, որ կա լրջագույն խնդիր, բայց հանուն բիզնեսի ոտնահարվում են թե՛ մարդկանց առողջությունը, թե՛ շրջակա միջավայրի աղտոտվածությունը։

– Հիմա հանուն բիզնեսի ոտնահարվում է ամեն ինչ, ու ամենացավալին այն է, որ նոր օրենսդրական նորմերն ընդհանրապես ոտնահարում են մարդու իրավունքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am