Վերջին զանգն Արցախում այս տարի կնշվի համեստորեն. փոխնախարար

Ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգն 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի մայիսի 26-ին՝ հնգօրյա, իսկ 27-ին վեցօրյա բոլոր դպրոցներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանն ասել է, որ Վերջին զանգն այս տարի կնշվի համեստորեն:

«Կազմակերպվելու են ներդպրոցական միջոցառումներ կապված Վերջին զանգի և Վերջին դասի հետ։ Ցանկալի է, որ ավելորդ ճոխություններ չլինեն, որոնք տեղին չեն շրջափակվման պայմաններում և ներկայիս հոգեբանական վիճակում։ Սոցիալական վիճակը հաշվի առնելով ճիշտ չէր լինի շրջանավարտների ծնողներին հավելյալ ծախսերով ծանրաբեռնել»,-ընդգծել է Մ. Համբարձումյանը՝ հավելելով, որ շրջանավարտների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե փոփոխություն չի կրել:

«Նրանց մի մասը դիմել է միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ մյուսները հայտագրվել են հայաստանյան բուհեր ընդունվելու համար»,-նշել է փոխնախարարը։