«ԱԱԾ-ն ղեկավարվում է Ռուսաստանից, եւ մեր բոլոր բոսյակները միշտ փախնում են Ռուսաստան». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության ամենամեծ ձախողումն այն է եղել, որ դեռևս չեն կարողացել վերադարձնել ժողովրդից գողացածը։ Ինչո՞ւ են այս հարցում ձախողել, որո՞նք են պատճառները։

– Չեմ կարող ասել՝ հնարավո՞ր էր այնպես անել, որ այդ ձախողումը չլիներ, թե՞ ոչ, որովհետև այն, ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, այդ կառույցը ղեկավարվում է Ռուսաստանից։ Եվ մեր բոլոր բոսյակները միշտ փախնում են Ռուսաստան։

Կա՞ սաբոտաժ իրավապահ մարմինների կողմից։

– Սաբոտաժը ոչ միայն մեր իրավապահ համակարգի կողմից է, այլ նաև Ռուսաստանի կողմից։ Երբ ԱԱԾ ենք ասում, ես միանգամից ԿԳԲ եմ պատկերացնում։

Մենք գիտենք, որ Վանեցյանը պաշտոնից հեռանալուց հետո միանգամից Ռուսաստան գնաց, փաստաթղթերը կորան և այլն։ Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր այդպես։

Երբ 1988 թվականի շարժումն սկսվեց, իրենք բոլորին տարան Ռուսաստան, բանտարկեցին Матросская тишина-ում։ Թե ինչ են արել այնտեղ իրենց հետ, ես չգիտեմ, բայց երբ իրենք վերադարձան, եղավ այն, ինչ եղավ։ Օրինակ՝ ամբողջ տնտեսությունը քայքայեցին, վաճառեցին, փչացրեցին։ Դրա համար չպետք է զարմանալ, որ սաբոտաժ կա։

Փաշինյանն էլ այդ մասին շատ լավ գիտի, ուղղակի կան բաներ, որ նա չի կարող ասել։

– Այսինքն՝ միայն համակարգի բարեփոխումներով խնդիրները չե՞ն լուծվելու։

– Ոչ թե բարեփոխել է պետք, այլ պետք է այնքան քաղաքական կամք ունենալ, որ կողքից ստեղծել ուրիշ ԱԱԾ, որը կլինի այս ԱԱԾ-ին դեմ։ Ունե՞նք մենք այդ ռեսուրսը, թե՞ ոչ, կարո՞ղ ենք դիմակայել Ռուսաստանի ԱԱԾ-ին՝ ես չգիտեմ։

Այդ Ռուսաստանի ԱԱԾ-ն էլ է մի քիչ բազմաշերտ երևույթ։ Կա այնտեղ առանձին մի շերտ, որը պահպանում է քրեաօլիգարխիկ խավին։ Դրա համար ոչ թե բարեփոխում, այլ նորի ստեղծում։ Իսկ դրա համար տարիներ են պետք։

Այն, որ իշխանություններն ընդունում են, որ սխալվել են… կարևորը ոչ թե այն է, որ սխալներ չանես, որովհետև սխալներ բոլորն են անում, կարևոր է, թե ինչպես ես դու արձագանքում քո սխալներին։ Ասել ուղղակի, որ սխալվեցինք, կներեք, դա լավ չի հնչում։ Իսկ այն, ինչ ես ասացի, իրենք այդքան կամք չունեն, որ ասեն։

– Նախկին պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները շարունակում են խուսափել արդարադատությունից, օրինակ՝ վերջերս ԱԱԾ տեսադաշտից անհետացավ Գագիկ Խաչատրյանի որդին։ Փակ սահմանների պայմաններում անգամ նրանք կարողանում են լքել երկիրը, դեռ շարունակվելո՞ւ են այս դեպքերը։

– Բայց արդյոք նա լքե՞լ է երկիրը, թե մի տեղ նստած է հիմա։ Իհարկե, կշարունակվեն նման դեպքերը, որովհետև դատավորներին, դատախազներին պետք է բոլորին փոխեին։ Շատ անազնիվ է, երբ ասում են՝ բա ո՞ւմ դնենք, բերենք 20 տարեկան երեխեքի՞ն։ Կներեք, սաղ Ազգային ժողովը դուրս թափեցինք, բերեցինք 20 տարեկան երեխեքին, չէ՞։ Եվ արդեն կամաց-կամաց կարողանում են աշխատել։ Սրանք էլ կսովորեին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահներին տրված ժամանակը սպառվում է արդեն։

– Դե լավ է, որ հայտարարել է նման բան։ Տեսնենք, թե ինչ է անելու, ոնց կարող է իրենց կարգի հրավիրել ու ռադ անել։ Դրսից պետք է մասնագետներ բերել։ Վրաստանում էլ, երբ ամբողջ իրավապահ համակարգը բարեփոխեցին, մասնագետներին միանգամից չփոխեցին։

Միլիցուն կարելի է միանգամից փոխել, բայց կրիմինալիստին փոխելու համար ժամանակ է պետք, պետք է մասնագետ բերես նրա տեղը։ Իսկ մեզ մոտ այդ քայլերը չեն արվում, երկու տարի է՝ զարմանում են՝ վա՛յ, սա փախավ, նա փախավ։ Վանեցյանը զարմացել էր, որ՝ վա՛յ, դակումենտներս կորել են։

Ո՞ւմ ես էշի տեղ դրել։ Հետո պարզվեց՝ ոչ մի բան էլ չի կորել, ինքն էլ վերցրել, դրել թևի տակ ու գնացել Մոսկվա։ ԿԳԲ-ի ամբողջ արխիվները 90-ականներին էլի հանվեցին Մոսկվա։ Պետք չէ մեզ էշի տեղ դնել, ամեն ինչ հիշում ենք։

Ես կարող եմ ասել, որ եթե նորից փորձեն օրենքով հետ բերել ունեցվածքը, հնարավոր չէ։ Մարդը, ով բան է գողանում, կադաստրում չի գրում՝ սա գողացած է, ես եմ գողացել։

Կադաստրում գրում է իր տատիկի անունով, ով վաղուց արդեն մեռել է, և դա իրեն հասել է որպես ժառանգություն։ Պետք է ուղղակի գնալ ու վերցնել, հերիք է այս մեյմունությունը։ Հեղափոխություն է կամ հեղափոխություն չէ, եթե օրենքով գնան, ոչ մի բանի չեն հասնի, ոնց որ չեն հասել մինչև հիմա։ Ժամանակ են կորցնում, ժողովուրդը ջղայնանում ու կատաղում է, և կարող է այնպես լինել, արդեն ինքը սկսի հաշվեհարդար տեսնել, իսկ դա շատ վատ կլինի։

MediaLab.am