«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, նախօրեին միջազգային մամուլը գրում էր, որ ԱՄՆ-ն ուր որ է հարվածելու է Իրանին, իսկ արդեն այսօր ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործարքի: Ի՞նչ զարգացումներ են ընթանում այս երկու պետության հարաբերություններում, ի՞նչ գործարք նկատի ունի Դոնալդ Թրամփը:
– ԱՄՆ-ն ամեն կերպ հոգեբանական ճնշում է գործադրում Իրանի վրա՝ նրանից որոշակի զիջումներ կորզելու նպատակով, բայց չի բացառվում, որ այդ հոգեբանական ճնշումները վերածվեն նաև կոնկրետ գործողությունների, որովհետև ամերիկյան երկու ավիակիրներ այս օրերին մտել են Պարսից ծոցի ջրերը, մոտեցել Իրանի ծովային սահմաններին: Սա առաջին հերթին հոգեբանական ճնշում է Իրանի վրա, որ այդ ավիակիրների միջոցով, բնականաբար, կարող են հարվածներ հասցվել Իրանին, բայց միջազգային մամուլում կան նաև տեղեկություններ, որ Թրամփն այնուամենայնիվ չի հարվածի, բայց միևնույն ժամանակ կա նաև տեղեկություն, որ Իսրայելում շատ ակտիվորեն պատրաստվում են Իրանի կողմից հնարավոր հակահարվածներին՝ քաղաքացիական օբյեկտներն են կարգի բերում, բնակչությանն են իրազեկում, թե ինչ պետք է անեն հնարավոր հարձակման ժամանակ: Այսինքն՝ կան նախանշաններ, որ ԱՄՆ-ն հնարավոր է հարվածի:
Ինչ վերաբերում է ԱՄՆ պահանջներին, դրանք, համաձայն Axios պարբերականի, հետևյալն են. Վաշինգտոնը պնդում է, որ պետք է հարստացված ուրանը ամբողջովին դուրս բերվի Իրանի տարածքից, ամերիկյան կողմը նաև պնդում է, որ պետք է կոնկրետ սահմանափակվի Իրանի հրթիռային պաշարը, և Իրանը պետք է հրաժարվի իր պրոքսի ուժերին աջակցելուց, խոսքը Եմենի հութիների, ՀԱՄԱՍ-ի, «Հըզբոլլահի» մասին է: Իրանը նաև պետք է խիստ սահմանափակի ուրանի հարստացումը, ու դա դրվի միջազգային կառույցների, ավելի կոնկրետ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Երբ Թրամփն ասում է գործարք, սա նկատի ունի, բայց Իրանը նախկինում էլ մերժել է այս պահանջները ու հիմա էլ կմերժի:
Բայց ահա ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների հնարավոր հաշվեհարդարի մասով կարծես թե հաստատվում են այն տեղեկությունները, որ Թրամփն էր հայտնել՝ Իրանում զանգվածային մահապատիժներ չեն իրականացվում ցուցարարների նկատմամբ, իսկ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր շնորհիվ 800 մարդու մահապատժի որոշում չեղյալ է հայտարարվել: Այս մասով, կարծես թե, Իրանի իշխանությունները գնացին փոխզիջման:
– Փաստորեն չե՞ք բացառում, որ եթե այդ գործարքը չկնքի, ապա ԱՄՆ-ն կհարվածի Իրանին:
– Չեմ բացառում, մանավանդ որ դրա նախադեպը կա. նախորդ տարվա օգոստոսին մենք տեսանք այդ հարվածը Իրանին, ինչի վերաբերյալ շատերը հոռետես էին, ի դեպ, կարծեմ New York Post-ն էր նշել, որ ամերիկյան հետախուզությունը Թրամփին զեկուցել է, որ Իրանն ավելի է թուլացել այս վերջին իրադարձությունների հետևանքով, ու հնարավոր է, որ այս անգամ լինեն հարվածներ՝ էլ ավելի ուժեղ ու մասշտաբային, այլ ոչ թե մեկօրյա ու միջուկային օբյեկտներին, ինչպես եղավ նախորդ անգամ:
– Այդ սցենարի պարագայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի համար:
– Չեմ կարծում, թե Հայաստանում ինչ-որ լուրջ բաներ կլինեն: Կախված է այն հանգամանքից, թե հարվածն ինչպիսի՛ն կլինի Իրանի համար, ինչ ծավալով: Նախորդ տարի, ինչպես տեսանք, կողմերը բավարարվեցին մեկ հարվածով ու պայմանավորվեցին այլևս չշարունակել, եթե այս անգամ էլ մեկանգամյա հարված եղավ ԱՄՆ-ի կողմից, կարծում եմ, Իրանն էլի նույն ձևով կվարվի, կփորձի չթեժացնել վիճակը, իր դեմքը փրկելու համար հարված կհասցնի՝ նախապես հայտարարելով, ինչպես նախորդ տարի: Բայց եթե այդ ամենն ավելի ծավալվի, չեմ բացառում, որ Իրանը կթիրախավորի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները ու նաև այդ ավիակիրներին, որոնք գտնվում են Իրանի ծովային սահմանների մոտ, իսկ դրա հնարավորություններն այսօր Իրանն ունի:
– Այսինքն՝ տարածաշրջանում լուրջ զարգացումներ չե՞ք կանխատեսում:
– Քիչ հավանական է, որովհետև այս օրերին ամերիկյան մամուլը նշում է, թե որպեսզի այդպիսի լայնածավալ պատերազմը կանխվի, ԱՄՆ-ն դիտարկում է թիրախային հարվածները՝ կոնկրետ մեկ-երկու թիրախի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող ռազմական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական կամ միջուկային օբյեկտներին: Այս մի սցենարն էլ է քննարկվում, որպեսզի պատասխանը շատ կոշտ չլինի, ու էսկալացիան չվերածվի լայնածավալ պատերազմի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















