«Մեզ հատուկ սարքով ստուգում էին, թուղթ էինք լրացնում». ի՞նչ են պատմում Չինաստանից Հայաստան ժամանողները. տեսանյութ. Factor.am

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 7700-ի է հասել: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են. վիրուսը Հայաստան չի հասել:

Այդուհանդերձ, «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր ժամանողների նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված: Չինաստանում ապրող կամ վերջին 14 օրվա ընթացքում Չինաստանում գտնված ուղևորներին Հայաստանում ստուգում են դեռ ինքնաթիռի մեջ՝ մինչև վայրէջքը։ «Ուղևորը մի քանի ժամ գտնվում  է ինքնաթիռում, շփվում անձնակազմի հետ, և անձնակազմը նունպես մեզ նախապես ասում է՝ ինքնաթիռում կա՞ ինֆեկցիոն հիվանդության ախտանշաններով ուղևոր, թե՝ չէ, նոր մենք թույլատրում ենք, որ ուղևորներն ընդհանուր ժամանման սրահ դուրս գան»,- ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

Ստուգումներն իրականացվում են հատուկ սարքի միջոցով, որը տեսախցիկ է հիշեցնում։ Այդպես չափում են ուղևորների մարմնի ջերմաստիճանը, քանի որ բարձր ջերմությունը կորոնավիրուսի նախանշաններից է։ «Մենք, կոպիտ ասած, առաջին քայլն ենք կատարում։

Հայտնաբերում ենք և այդ մասին տեղեկացնում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատ և Առողջապահության նախարարություն։ Հետագա հսկողությունն արդեն կատարվում է  իրենց կողմից»,- տեղեկացնում է Հայկ Կարապետյանը։ Համաճարակաբանի խոսքով՝ օրական Չինաստանից ժամանող 20-30 ուղևորի են ստուգում։

Մինչ օրս՝ կորոնավիրուսի կասկածով դեպք չեն ունեցել։ Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի հետևանքով արդեն 170 մարդ է մահացել։ 

Այսօր հայտնի դարձավ, որ չինացի գիտնականները ծրագրում են  երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել։ Մինչ այդ՝ այն արդեն հասցրել է հասնել Ճապոնիա, Թաիլանդ, ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, Մալազիա ու ԱՄԷ։ Վրաստանն ու Ռուսաստանը, անվտանգության նկատառումներից ելնելով փակել են Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը։  

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։