Upwork և նմանատիպ հարթակներում այս օրերին տեղադրվող աշխատանքի առաջարկները կարող են վտանգ պարունակել․ մասնագետը հորդորում է զգոն լինել

Եթե դուք Upwork և նմանատիպ ֆրիլանս հարթակներում հանդիպեք աշխատանքի հայտարարության, որով ձեզ կառաջարկեն 10 դոլարի շրջանակում Հայաստանին վերաբերող տեսանյութ պատրաստել, պատմել, թե ինչպես եք ձեզ զգում ներկա իրավիճակում, և պարտադիր պահանջներից կլինի անպայման նկարել ձեր ձայնը, ձեր դեմքը կամ կատարել տեքստային թարգմանություններ ու բարբառներով խոսել և այլն, մի շտապեք ընդունել այդ առաջարկը։ 

Տեղեկատվական անվտանգության փորձագետները զգուշացնում են, որ նման հայտարարությունները հատկապես այս օրերին կարող են վտանգ պարունակել, և հորդորում են չընդունել և չկատարել այդ աշխատանքները։

Հաշվի առնելով շփման գոտում տիրող իրավիճակը՝ կիբեռանվտանգության մասնագետ Միքայել Նալբանդյանը հնարավոր է համարում, որ դրանք նախաձեռնել է հակառակորդը՝ այլ նպատակի ծառայեցնելու համար, օրինակ՝ տեսանյութերը և թարգմանությունները վերարտադրել և վերափոխված տարբերակով այլ բովանդակություն ներկայացնել հանրությանը:

«Upwork և ևս մեկ նման կայքերով աշխատանքի առաջարկություն են անում Հայաստանում գտնվող մարդկանց՝ որոշակի տեսահոլովակներ թարգմանելու, ներառյալ բարբառներով թարգմանություն, տեսազանգերի թարգմանություն, առաջարկում են տեսանկարահանել Հայաստանի տարբեր հատվածներ, պարտադիր պահանջում են, որ լինի այն մարդու ձայնը, որը նկարահանում է այդ ամեն ինչը ու ցանկության դեպքում նաև դեմքերով նկարահանված՝ առանց դիմակների։

Վտանգ կա, որ այլ նպատակով օգտագործեն, պրոպագանդա անեն, այսօր ՏՏ ոլորտը թույլ է տալիս մարդու ձայնը վերարտադրել, վիդեոն փոփոխել ու դա համապատասխան վիճակում ներկայացնել նորից հետ մեր հանրությանը: Դա կասկածներից մեկն է: Մասնագետներն աշխատում են պարզելու այս հայտարարությունների աղբյուրը»,- ասում է Նալբանդյանը:


Նա նշում է, որ նմանատիպ հայտարարություններ այդ կայքերում հայտնվել են սեպտեմբերի 27-ից հետո, երբ սկսվեց լայնամասշտաբ պատերազմ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:

«Upwork-ում 20 հայտարարություն կա այս պահին ու անընդհատ ավելանում են՝ նույն վերնագրով, նույն գումարի առաջարկով: Երեք օր առաջ են սկսել տեղադրել այդ հայտարարությունները»,- ասում է Միքայել Նալբանդյանը:


Նա նշում է, որ արդեն կան մարդիկ, որոնք ընդունել են այդ աշխատանքի առաջարկները և իրականացման փուլում են:

«Երեկ տեղեկացանք, որ մեկ հոգի արդեն նկարահանել է: Երևանում արդեն նկարահանումներն իրականացվել են՝ անգլերենով են արել, հոլովակը ջնջվել է ցանցերից, այս պահին Յութուբում կարծեմ մնացել է, բայց շուտով կջնջվի, մոտ 120 մարդ գրանցվել է աշխատելու համար, որից 15-ը այժմ աշխատում են, փորձում ենք գտնել այն մարդկանց, որոնք պրոցեսի մեջ են»,- ասում նա:

Կիբեռանվտանգության փորձագետը խորհուրդ է տալիս զգոնություն ցուցաբերել և այս շրջանում նմանատիպ աշխատանքներ չիրականացնել, աշխատանքի առաջարկ ընդունելիս առաջին հերթին կողմնորոշվել չաշխատելու այն մարդկանց հետ, որոնք կխնդրեն իրականացնողի ձայնը, դեմքը, կառաջարկեն նկարահանում իրականացնել կամ թարգմանություն:

«Հիմա շատ տարածված են տեքստային թարգմանությունները: Մոտ 5 հոգի գրել է, որ տեքստային թարգմանություն են անում ինչ-որ անհայտ անձի համար: Հորդորում եմ, որ այն, ինչը կապ ունի Հայաստանի հետ, Հայաստանի հետ կապ ունեցող գործեր չվերցնել կամ նման իրավիճակում հայտնվելիս դիմել ոստիկանություն կամ ԱԱԾ»,- ընդգծում է Նալբանդյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am