Մակրոնն Ալիևին ուղղված ուղերձում կարևորել է հայ ռազմագերիների վերադարձն ու հայ-ադրբեջանական սահմանի խաղաղ դելիմիտացիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության տոնի կապակցությամբ ու իր շնորհավորական ուղերձում ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ստեղծելու անհրաժեշտությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մակրոնն իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցի խաղաղ կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղում մահաբեր ռազմական գործողություններին վերջ դրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից 6 ամիս անց անհրաժեշտ է շարունակել կայուն խաղաղության ստեղծման պայմանների համար համապարփակ աշխատանքը։ Սա մասնավորապես նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ դելիմիտացիայի իրականացում ու ռազմագերիների վերամիավորում իրենց հարազատների հետ»,- ընդգծել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը նաև խորհուրդ է տվել պարզեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը տարածաշրջան՝ «մշակությաին ողջ ժառանգությունը պահպանելու համար»:

Մակրոնն իր շնորհավորական ուղերձում հայտարարել է նաև, որ Փարիզը կկատարի իր բոլոր պարտավորությունները՝ որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիայի հովանու ներքո բարձր մակարդակով երկխոսություն հաստատելու համար և նշել է, որ արդար ու կայուն խաղաղություն ու համընդհանուր բարեկեցություն կարող է ձեռք բերվել Ադրբեջանի ու Հայաստանի միջև։

Factor.am