Եթե մեր Մեղրիով ճանապարհ պետք է անցնի, մենք ինչի՞ց պետք է վախենանք, անվտանգության խնդիր պետք է ունենա տարածքով անցնողը․ Մեղրիի ղեկավար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը

– Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Մեղրիին առնչվող փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես՝ ճանապարհների հետ կապված։ Պարո՛ն Զաքարյան, դուք՝ որպես Մեղրի համայնքի քաղաքացի, համայնքի ղեկավար և Մեղրիին քաջածանոթ մարդ, ունե՞ք մտավախություններ։

– Այո՛, որպես ցանկացած հայ մարդ՝ իհարկե անհանգստություններ ունենք։ Բայց այս պահին կոնկրետ Մեղրիի հետ կապված ոչ մի անհանգստանալու բան չկա։ Օրինակ՝ տեսնում ենք մեր Սյունիքի Տեղ համայնքում արդեն միջադեպ է արձանագրվել, բայց Մեղրիի մասով ընդամենը հայտարարություն է եղել, ոչ մի ոտնձգություն, ոչ մի նշանակալի իրադարձություն չեն եղել, որ մենք դրանց հիման վրա գնահատականներ հնչեցնենք։

– Ապագայի մասին է խոսքը, Մեղրիով անցնող ճանապարհի մասին է խոսքը․․․

– Դա դեկլարատիվ հայտարարություն է, երբ այդ ուղղությամբ կոնկրետ, գործնական քայլեր իրականացվեն, կգնահատենք իրավիճակը։ Իսկ հիմա միայն հայտարարություններով է լինելու մեր անդրադարձը։

– Պատերազմը, հետո՝ հայտարարության ստորագրումը ձեր ու ձեր համայնքի կյանքում ի՞նչ փոխեցին ավելացրե՞ցին անհանգստությունները, հիմա առավել զգո՞ն պետք է լինեք։

– Դե իհարկե, հիմա մեր ձախ թևը, որով նախկինում սահմանակից էինք Արցախի Հանրապետության հետ՝ Քաշաթաղով, արդեն Ադրբեջանի հետ ենք սահմանակից։ Այսինքն՝ մենք հիմա Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք սահմանակից, մյուս կողմից՝ Նախիջևանի, էն մյուս կողմից՝ Ադրբեջանի։

Երեք կողմից սահման ունենք։ Իհարկե խնդիրներն ավելացել են, նոր սահմանագիծ, նոր ինժեներական կառուցվածքներ, մեր բանակն էլ, իհարկե, ամեն ինչ անում է, մենք էլ ձգտում ենք օգտակար լինել բանակին։

– Վարչապետը կարծես մեծ հույսեր ուներ, ասում էր՝ տարածաշրջանի ապաշրջափակումը կվերանա, Հայաստանի տնտեսությունը կզարգանա։

– Դե, մենք տեսնում ենք, որ վարչապետի հույսերը մեծ մասամբ չեն արդարանում։ Դա մեզ ոչ մի վստահություն չի ներշնչում։

Փաստը կկատարվի, մենք գնահատականը կտանք, հիմա, իմ կարծիքով, ենթադրություններով տրված գնահատականները կարող են սրել, լարել իրավիճակը, քան օգուտ տալ։

Իմ ինֆորմացիայով՝ խոսքը առայժմ միայն երկաթուղու մասին է, իսկ դա էլ նախատեսված է, որ կպահպանեն ռուս սահմանապահները, որոնք տեղակայված են հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում։

Երկաթուղու անվտանգությունը նույնպես նրանք են երաշխավորելու։ Էդ փաստը ինձ վստահություն է ներշնչում, որովհետև մեր աչքի առաջ է, ծնված օրվանից տեսել ենք՝ ինչպես են սահմանապահները բարձր մակարդակով իրականացնում հայ-իրանական սահմանի հսկողությունը։

Նույն պատասխանատվությամբ էլ եթե երկաթգծի, ճանապարհի անվտանգությունը ապահովվի, իմ կարծիքով, այդտեղ անհանգստանալու բան չկա։ Եթե այդպես լինի։ Բայց տեսնում եք՝ ժամանակներն ինչպիսին են, մի բան խոսում են, բայց իրականությունն այլ է լինում։

Այդ դեպքում, իհարկե, ամբողջ բնակչությունն էլ, ես էլ մտահոգություններ, անհանգստություններ կունենանք։

– Ասում եք՝ տեղեկություն ունեք, թե երկաթուղային ճանապարհ է լինելու, Նախիջևանի հետ ճանապա՞րհը նկատի ունեք։

– Այո՛։ Էդ փաստաթղթով, որը իմ պատկերացումներով ավելի շատ կապիտուլյացիայի ակտ է, խոսքը այն ճանապարհի մասին է, որով Նախիջևանը Մեղրիի միջոցով միացվելու է Ադրբեջանի մոտ հիմա գտնվող Զանգելանին։

Որ ասում եք՝ վարչապետը մեծ հույսեր ունի ճանապարհային հանգույցների գործարկման հետ կապված, կա այդտեղ տրամաբանություն, իհարկե, բայց նաև վտանգներ էլ կարող են լինել։

Ամեն դեպքում, նման հարցերը արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության տիրույթում են։ Ես չեմ զլանում պատասխանել հարցերին, ուղղակի ինձ ավելի անհանգստացնում է, որ մեր պետությունը, կառավարությունը չեն կատարում իրենց ֆունկցիաները, այդ հարցերը պետք է ուղղվեն այդ գերատեսչություններին, ոչ թե համայնքի ղեկավարներին։

– Եթե վարչապետը հայտարարում է, որ Մեղրիի միջով այդ ճանապարհների ապաշրջափակումը մեծ հեռանկարներ կբացի Հայաստանի համար, մենք փորձում ենք այդ համայնքների բնակիչներից, այդտեղ ապրողներից ստանալ մեկնաբանություն՝ արդյոք դա կարո՞ղ է նաև անվտանգ լինել։ 

– Ես չեմ հասկանում՝ եթե մեր մոտով երկաթգիծ կամ թեկուզ ճանապարհ պետք է անցնի, մենք ինչի՞ց պետք է վախենանք, անվտանգության խնդիր պետք է ունենա տարածքով անցնողը, ոչ թե մենք, որ թույլատրում ենք ճանապարհ անցնել։

– Մեղրիում ունեմ ծանոթներ, որոնք մտահոգ են, վստահություն չունեն՝ ասելով՝ թուրքը մնում է թուրք։

– Իհարկե մտահոգություններ կան, բայց սա մեզ պարտադրված որոշում է, և մեր ամբողջ պետությունն է պարտադրված եկել այդ եզրակացության։ Իհարկե մենք կարող էինք ու շատ կուզեինք համաձայն չլինել, բայց սա պարտադրված որոշում էր։ 

– Հիմա իշխանությունների դեմ բողոք կա՝ ինչու գնացին նման որոշման։

– Այո՛, ճիշտ է, կան նման բողոքներ, մեղադրանքներ, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ բանը բանից անցել էր ու հասել այն կետին, որ հայկական կողմը ստիպված է եղել պարտադրված որոշում կայացնել։ Իհարկե շատ ավելի վատ կարող էր լինել, եթե չկանգնեցվեր իրավիճակը։ Դա մենք՝ որպես սահմանին ապրող, տեսել ենք ու զգացել։ Պետք է մեղադրել, որ հասավ այդ վիճակին։ Հիմա ես ինքնըստինքյան ընկնում եմ արտաքին քաղաքական դաշտ ու մեկնաբանում իրենց ոլորտին առնչվող հարցերը։

– Օրինակ՝ Կապանի ձեր գործընկերը «Մեդիալաբին» ասել էր , որ պարտադիր իրենց հետ պետք է քննարկեն և հետո գնան բանակցությունների։

– Ճիշտ է ասում, եթե խոսքը վերաբերում է վարչական սահմանները գծելուն, տեղադրելուն, դիրքերը դնելուն։ Իհարկե մենք ինֆորմացված ենք, ի վերջո մենք ենք այդտեղ ապրելու, մենք ենք հարևանություն՝ թե՛ իրական, թե՛ չակերտավոր, անելու։ Բոլոր դեպքերում էլ դրա հետևանքների անմիջական կրողը մենք ենք լինելու։ Հաստատ ճիշտ կլինի մեր կարծիքը հաշվի առնելը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am