Պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ

Հեղինակ MediaLab

ՀՀ-ում արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝

ա/ Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.

գ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով, ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում.

դ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը

ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը: