Էմմա Սարգսյանը՝ սահմանամերձ համայնքից․ «Ես կառուցելու եմ Ճամբարակում սրճարանը, ու այն աշխատելու է»

Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին ուղղված կրակոցները Ճամբարակում բնակվող 30-ամյա Էմմա Սարգսյանի համար խոչընդոտ չեն հանդիսացել հետաձգելու տան վերանորոգման աշխատանքները ու հետ կանգնել համայնքի զարգացմանն ուղղված բիզնես գաղափարը իրագործելուց։ 

Ճամբարակ համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանագծին, Ադրբեջանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա։

«8 տարի կլինի՝ մեր տան էդ սենյակը չէինք վերանորոգել, էդտեղ մեր վառարանն է դրված, ու ծուխ է լինում, մուր է լինում, էդպես սևացել էին պատերը, որոշեցի, որ վերանորոգենք, ներկն առա, բերեցի, ու սկսվեց  էդ լարված իրավիճակը։ Կրակոցներ են դրսում, ու ես տանը ներկում եմ։

Հետաքրիր բան է, հենց էն սենյակը, որ 90-ականների գրադը խփել էր մեր տանը, էդ սենյակի պատն էր հենց փլվել, շատ խորհրդանշական պահ էր ինձ համար։ Հիմա վերանորոգում եմ ու չգիտեմ, մտածում եմ՝ հաջորդ պահին էս սենյակը կլինի՞, թե՞ չի լինի, նորից կխփե՞ն, թե՞ չեն խփի, բայց մեկ է՝ շարունակում ենք։

Շարունակում ենք մեր կյանքը, ոնց որ ուզում եմ ինքս ապացուցեմ ինձ էլ, իրենց էլ, Աստծուն էլ ցույց տամ, որ մենք ուզում ենք արարել, ուզում ենք ստեղծագործել, գեղեցկացնել, չենք ուզում ջարդել, չենք ուզում սպանել, մենք ընդամենը խաղաղ ապրել ենք ուզում»,- «Մեդիալաբին» պատմում է Սարգսյանը։

Վերանորոգվող սենյակը

Էմմա Սարգսյանը ծնվել, մեծացել է Ճամբարակում, կրթություն է ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, կրթական ծրագրով ուսանել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Սակայն հայրենիքը թողնելը և օտար երկրում ապրելը նրա համար չեն եղել։ Վերադարձել է Ճամբարակ և ներգրավվել համայնքի զարգացման ծրագրերում:

«Շատ եմ սիրում իմ սահմանամերձ Ճամբարակը։ Ինձ լավ եմ զգում, երջանիկ եմ զգում, ես կապված եմ իմ արմատներին, իմ հողին, ծնողներին, գյուղին, հարևաններին, վերադարձա ու աշխատել եմ «Վորլդ Վիժն Հայաստանի» Ճամբարակի տարածքային զարգացման ծրագրում։ Հետո ամուսնացել եմ, գնացել եմ Ռուսաստան, բայց վերադարձել ենք, ես հասկացա, որ Հայաստանից բացի ուրիշ երկրում չեմ կարող ապրել»,- նշում է նա։

Սարգսյանը չի դադարում նոր մտահղացումներով հանդես գալ և իր համայնքի զարգացման համար ծրագրեր իրականացնել։ Այդպիսի ծրագրերից մեկն էլ իրենց համայնքում սրճարան կառուցելն է, մեծ ոգևորությամբ պատմում է, որ գաղափարը ներկայացրել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին և հաղթել։ Անցել է 8-ամսյա դասընթացներ և շուտով՝ մինչև ամառվա վերջ, գաղափարը իրականություն կդարձնի։

«Երեխեն որ ծնվել էր՝ էդ ժամանակվանից ուզում էի, որ էստեղ սրճարան լինի, էստեղ սրճարան չկա, երեխաների համար հետաքրքիր ժամանցի վայր չկա, ու էդպես ծրագիր ներկայացրեցի: Մրցույթը ես եմ շահել, ֆինանսավորել են, էստեղ ուզում եմ սրճարան բացել։ Անկախ էս ամեն ինչից, ես մրցույթին որ ներկայացնում էի, վտանգներն էլ էի ներկայացնում, որ սահմանակից համայնք է։ Բայց կապ չունի, ես կառուցելու եմ այդ սրճարանը Ճամբարակում, ու էդ աշխատելու է, հենց էս ամառ էլ լինելու է»,- ասում է Սարգսյանը։

Էմմա Սարգսյանը մեծացել է հակառակորդի կրակոցների ներքո, հատկապես փոքր տարիքում մշտապես վախ է ունեցել, արձակած կրակոցներն էլ տարբերակում է՝ ո՞ր հատվածում են կրակում՝ մարտական դիրքերում է թե բնակավայրերում, ինչո՞վ են կրակում՝ հրացան է թե գրադ։ Համայնքում գիտեն՝ երբ կրակոցներ են լինում, դրսում որտեղով քայլեն, որ ավելի անվտանգ լինի, սարեր չբարձրանան։

4-ամյա տղային պատերազմի մասին Էմման չի պատմում, երեխան դեռ պատկերացում չունի՝ պատերազմն ինչ է, կրակոցների մասին գիտի՝ հրավառություն են։

Էմմա Սարգսյանի տղան


«Էս տարիքի երեխեքը, որ գիտեն՝ ինչ է սալյուտը, հեշտ է։ Մեր հարևանը պատմում էր, որ  կրակոցների տարիներին իր երեխաները վախեցել են, իմացել են՝ ինչ է, հետո որ պատերազմը անցել է, Նոր տարվան եկել են Երևան, հրապարակում, որ հրավառություն է եղել, երկու տղաներն էլ ոտքերը ուժեղ բռնել են ու լացել են, ասել են՝ մամա, կրակոցները սկսվեցին, մայրը հանգստացրել է, որ հրավառություն է»։

Էմման ասում է՝ ատում է պատերազմը։ Կորստի ցավը ծանոթ է նրա ընտանիքին, դեռևս 90-ականներին հարազատներից մեկը մահացել է հակառակորդի կրակոցից, բայց Էմմայի մտքով ոչ միայն չի անցնում լքել տունը և հայրենիքը, այլև ամբողջ ներուժով փորձում է նպաստել համայնքի զարգացմանը։

«Էն գիշերը, որ իրավիճակը շատ լարված էր, մտածում էինք՝ Ճամբարակի վրա էլ գրադ կընկնի։ Ահագին երկար ժամանակ չքնեցի՝ մինչև գիշերվա ժամը 4-5-ը։ Էն սենյակում, որտեղ մենք քնած էինք, 1993-ին գրադը խփել է պատին, դրա տակն էինք քնած, ամեն դեպքում, վախ կար։ Ասում էի՝ ես եմ ընտրել էս ճանապարհը, որ Աստված չանի, մի բան լինի, ես եմ որոշել՝ երեխաս որտեղ ապրի ու ինչ դժվարություններով ապրի։

Բայց դրանով հանդերձ ես չեմ լքում, չեմ պատրաստվում լքել, որովհետև դա անգիտակից քայլ կլինի։ Եթե հիմա ճամբարակցիները լքեն, գան Երևան, Աստված չանի, Ճամբարակը գրավեն, սահմանը գրավեն, հաջորդը լինելու է Երևանը։ Փախուստ չկա, պիտի անենք էն, ինչ պարտավոր ենք անել, ապրենք մեր երկրում, մեր սահմանը պահենք»,- պատմում է Էմմա Սարգսյանը։

Էմմայի ցանկությունն է, որ ի վերջո լուծում տրվի այս իրավիճակին, վերջ տրվի հրադադարի խախտումներին, հրաձգություններին, մահեր չլինեն։

«Շատ հաճախ կրկնվելու են էս պատերազմական իրավիճակները, շատ լուրջ լուծում պետք է տալ, որ էս ամենը վերջնական դադարի։ Հաստատ ոչ հող հանձնելով է դա լինելու, եթե հող հանձնեցինք, նշանակում է՝ էսքան մարդկանց արյունը իզուր է թափվել, էսքան մահերը իզուր  են անցել: Չեմ էլ պատկերացնում՝ ո՞նց պետք է իրենց հետ լեզու գտնենք, դիվանագիտական ինչ-որ ճանապարհ է պետք։

Երբեմն մտածում եմ, որ իրենց մոտ իշխանափոխություն լինի, ու ավելի հասկացող, ավելի մարդկասեր լինեն, կամ սերունդները փոխվեն, բայց իրենք սերունդներին էնպես չեն դաստիարակում, որ փոխվեն»,- ասում է Էմմա Սարգսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am