«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են 2021 թ. Արցախի վերակառուցման ծրագրերը

Սույն թվականի մարտի 15–ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում:

Այս հարցի վերաբերյալ խորհուրդն ընդունեց հայտարարության տեքստ, որը հանրայնացվել է Խորհրդի նիստի ավարտից հետո:

Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև  արցախահայության հրատապ կարիքները:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը:

Որոշում կայացվեց ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները:

Նիստի ավարտին հոգաբարձուները կրկին անգամ շնորհակալություն հայտնեցին ավելի քան 750 հազար նվիրատու անձանց և կազմակերպություններին, որոնք շարունակական նվիրվածությամբ մասնակցում են հանգանակություններին և իրենց մշտական ներդրումն ունեն Հայաստանի և Արցախի զարգացման գործում:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։