Պատերազմը տարբեր տարիներին խլել է Նունե Գրիգորյանի հոր, եղբոր ու ամուսնու կյանքը. «Շատ երջանիկ էինք, հիմա ոչ մի բանի մեջ իմաստ չկա»

Չկա սփոփանքի որևէ խոսք, որ կարող է մեղմել կամ ամոքել 38-ամյա Նունե Գրիգորյանի վիշտը։ Արցախյան տարբեր տարիների պատերազմներում Նունեն կորցրել է հորը, եղբորը, իսկ վերջին պատերազմի ավարտից ընդամենը ժամեր առաջ՝ ամուսնուն։

«Շատ վատ ապրումների մեջ եմ, էդքան տարի երջանիկ ապրել ենք ու հիմա (ընդհատում է խոսքը)… հա՛մ իրան եմ կորցրել, հա՛մ տուն եմ կորցրել, իմաստ չկա ոչ մի բանի մեջ, իմաստ չեմ տեսնում, դաժե երեխեքը ոչ մի բան չեն փոխում»,- հուզմունքով ասում է Նունե Գրիգորյանը։

Նունեն և ամուսինը՝ Հարութ Պետրոսյանը, մինչև պատերազմն ապրել են Քաշաթաղում, երկուսն էլ դպրոցում են աշխատել որպես ուսուցիչ։ Նունեն լեզու և գրականություն է դասավանդել, ամուսինը՝ ռազմագիտություն։ Արցախյան վերջին պատերազմը խլեց ընտանեկան երջանկությունը և ներդաշնակությունը․

«Մենք սկզբում ապրում էինք Ստեփանակերտում, բայց երբ ապրիլյանի ժամանակ եղբայրս զոհվեց, տեղափոխվեցինք Քաշաթաղ։ Եղբորս հետ շատ կապված էինք, չկարողացա էնտեղ նույն տանը մնայի, ինքը հաճախ էր գալիս, հոգեվիճակս ծանր էր, տունը փոխեցինք, հետո Քաշաթաղում աշխատանք գտանք ու էնտեղ մնացինք»,- պատմում է Նունեն։

Ասում է, որ Հարութը երկրորդ ամուսինն էր, Հարութի հետ երջանիկ ընտանիք էր կազմել, շատ լավ հայր ու ամուսին էր: 

Նունե Գրիգորյանը՝ երեխայի և ամուսնու հետ

«Շատ էինք սիրում իրար, մեզ բոլորը գիտեին էդպես: Ինքը շատ բարի էր, շատ ընկերասեր, ընտանիքին նվիրված, էսքան տարի ապրել ենք իրար հետ՝ ո՛չ ծնողին եմ տեսել վիրավորելուց, ո՛չ ինձ: Սիրում էր իր մասնագիտությունը, բոլորը բարի նախանձով էին մեզ նայում, այնքան երջանիկ էինք, որ անգամ վերջին ամիսը որ նստում էինք, խոսում իրար հետ, ասում էր՝ սենց բան չի լինում, մի բան լինելու ա մեզ, վախենում էր, ասում էր՝ սենց չի լինում։

Իմ երկրորդ ամուսինն ա եղել, առաջին երկու երեխես առաջին ամուսնուցս ա, ինքը գնացել ա Ռուսաստան ու չի եկել։ 5 տարի ամուսնացած էինք Հարութի հետ, պստիկս ծնվեց, հիմա 3 տարեկան է: Իր հետ կյանքը շատ երջանիկ էր, ինքը տարբերություն չէր դնում իմ երեխաների մեջ»,- հիշում է Նունեն:

Հարութ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանությունն իրականացրել է Մարտունիում, զոհվել է նոյեմբերի 9-ին՝ պատերազմի դադարեցումից մի քանի ժամ առաջ՝ վիրավոր ընկերոջը փրկելիս:

«Նոյեմբերի 9-ին զանգեց, իմ հետ խոսաց, դրանից 15 րոպե հետո՝ արդեն կռիվը կանգնելու վերջին պահին, ընկերոջ հետ գնացել ա մյուս ընկերոջը փրկելու, զոհվել ա, մյուս ընկերը վիրավորվել ա։ Էդ ժամանակ է՛լ ԱԹՍ կար, է՛լ սամալյոտ կար, մտել են՝ ինչքան պոստեր կան, ռմբակոծել են, 86 հոգի միանգամից զոհվել են էնտեղ, շատ քիչ մարդ է փրկվել։

էդ գիշերը որ գրեցին ինտերնետում՝ կռիվը պրծել ա, քույրիկս եկավ, ուրախացած արթնացրեց։ Ես էլ ուրախացա, ասեցի՝ վերջ, երեխաս էլ փրկվեց, ամուսինս էլ։ Մեծ տղաս մնացել էր Քարվաճառում, ասել էր՝ մինչև ինքը չգա, ես չեմ գա, իրենք շատ կապված էին իրար հետ։ Հաջորդ օրը սկեսուրս զանգեց, ու իմացա, որ Հարութը զոհվել ա։

Մեծ տղաս էլ շատ ծանր տարավ. գյուղացիք զանգել էին, ասում էին, որ իմացել ա մահվան մասին, ուշաթափվել ա, սրսկել են, ուշքի բերել։ Պստիկը չի հասկանում, գնում ա նկարի հետ ա խոսում, տեսնում ա՝ չի արձագանքում, նկարի հետևն ա նայում, իմանում ա, թե նկարի հետևն ա»,- հուզված ասում է Նունե Գրիգորյանը։ 

Նունեն ասում է, որ այնքան մեծ է ցավը, որ անգամ երեխաները չեն սփոփում, դեռ չի պատկերացնում՝ ինչպիսին կլինի ապագան:

«Երեխաներն իրանց տեղն ունեն, պատկերացրեք, որ երեխեքն էլ չեն սփոփում։ Մարդիկ որ ասում են, թե երեխաներով սփոփվում են, արդարացնում են իրենց ապրելը, դրանք բառեր են, տենց եմ մտածում։ 

Ես պատկերացնում եմ՝ ավելի կվատանա, երեխաներս մեծ են, կամուսնանան, ամեն մեկը իրա համար, ես կմնամ էս պստիկի հետ։ Ավելի վատ կլինի հետո, էդպես եմ պատկերացնում, հիմա սկեսուրիս կանչել եմ ինձ մոտ, որ մենակ չզգամ, մինչ մայիս էստեղ կմնանք, երեխեքը դպրոցը կավարտեն, հետո չգիտեմ՝ ինչ կլինի, նախատեսած բան չունեմ»,- ասում է Նունեն։

Արցախ վերադառնալ ևս պլաններում չկա, ասում է, որ չի կարող այս ամենից հետո իր մեջ ուժ գտնել և գնալ:

«Արցախ չեմ կարա գնամ, մի անգամ եմ գնացել՝ թղթերի հետ կապված, ամբողջ ճանապարհին լացել եմ, վախենում էլ եմ։ Հիմա չեմ կարա, միգուցե հետո, որ իմանանք հաստատ լավ ա լինելու, էդ ժամանակ մտածեմ։

Արփինե Արզումանյան

MediaLab.am