«Իմ տղեն չի կոտրվել, կռվել ա հանուն հայրենիքի ու զոհվել մարտի դաշտում՝ հաղթանակի բերկրանքը հոգում»․ Խաչիկը՝ կյանքը սիրող զինվորը

Պողոսյանների ընտանիքում 19-ամյա Խաչիկի զոհվելուց հետո պատերազմի բերած տխրության մասին խոսում են շշուկով և արտասվում՝ թաքուն: Իրենց որդու և նրա կատարած սխրանքների մասին ծնողները հպարտությամբ են հիշում, ապա նաև հուզվում․ շատ կուզեին, որ Խաչիկն ապրեր, որովհետև կյանքը սիրող էր։

«Բարև, Խա՛չս․․․,- Խաչիկ Պողոսյանի զոհվելուց հետո գրում է հայրը՝ Մարտիրոս Պողոսյանը, որդուն ուղղված իր նամակում,- հաճախ փորձում եմ քեզ նմանվել, օրինակ վերցնել քեզնից․․․ քո ուղղամտությունը, զսպվածությունը, հավասարակշռվածությունը, բոլորին օգնելու պատրաստակամությունը օրինակ կարող են լինել ցանկացածի համար։ Քեզ չոր աչքով եմ ճանապարհել դեպի հավերժություն, տղե՛ս, ուզում եմ իմանաս՝ հարգում եմ քեզ ու որոշումդ»։ 

Խաչիկը բանակ է զորակոչվել 2019 թվականին։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում՝ ստանալով կրտսեր սերժանտի կոչում, ապա՝ Կարճաղբյուրում՝ այնտեղ դառնալով հրետանային հաշվարկի հրամանատար։ 2020 թվականին Խաչիկը տեղափոխվում է Սոթքի զորամաս, որի ենթակայության տակ գտնվող Քարվաճառի շրջանում էլ արդեն մասնակցում է 44-օրյա պատերազմին։

«27-ի առավոտ սովորականի պես մտա Ֆեյսբուք, ու պատերազմի մասին լուրը եռման ջրի պես լցվեց գլխիս։ Հետո մեզ սկսեցին տարբեր տեղերից զանգել, բայց ես ոչ մի զանգի չէի կարողանում պատասխանել, միայն ասում էի՝ հետո կխոսենք»,- պատմում է Խաչիկի մայրը՝ 53-ամյա Նարինե Հարությունյանը: 

Մայրն ասում է, որ շատ լավ հիշում է պատերազմի օրերին Խաչիկից ստացած երեք զանգերը, որոնցից առաջինը հենց սեպտեմբերի 27-ին էր՝ ավելի ուշ: 

«Երբ էլի զանգեց, էնքան էի հուզվել, որ մենակ քաղցր, անուշ բառեր էի ասում՝ ցա՛վդ տանեմ, կյանքի՛դ մեռնեմ, ջանի՛դ մեռնեմ․․․ ինքն էլ ասում էր՝ հա՛, մա՛մ ջան, հա՛, մա՛մ ջան․․․ Որ ձայնը լսեցի, մի տեսակ պատերազմն ինձ համար ոնց որ ավարտված լիներ … կյանքում չէի պատկերացնի, որ մեզ հետ էսպիսի բան կարող էր պատահել․․․»։

Մայրն ասում է՝ Խաչիկը քչախոս էր, համեստ, նույնիսկ հաջողությունների մասին չէր խոսի, չէր բարձրաձայնի: Սակայն հիշում է, որ ի զարմանս իրենց, հոկտեմբերի 1-ին՝ զոհվելու նախորդ օրը, մոտ 12 րոպե խոսել էր հոր, իսկ երեկոյան՝ ընկերոջ և նաև ընկերուհու հետ, որին պատրաստվում էր ծանոթացնել ընտանիքի հետ, երբ վերադառնար։

«Ամուսինս էդ օրն այնքան հարցեր տվեց Խաչիկին, որ վերջիվերջո ասեց, որ մարտական ծառայության համար անհատական խրախուսանքի է արժանացել»,- պատմում է Նարինեն: 

Հոկտեմբերի 2-ին, սակայն, քչախոս Խաչիկից հազվադեպ զանգերն ընդմիշտ լռում են։ Իրերի դրությունից և թեժ մարտերից անտեղյակ Պողոսյանների ընտանիքը որդու զոհվելու լուրն իմանում է միայն հոկտեմբերի 4-ին, իսկ մանրամասները՝ շատ ամիսներ անց։

«Ամսի 2-ին հեռավար դասի էի, հետո գնացի խանութ ու լիքը կոնֆետ ու այլ քաղցրավենիքներ գնեցի․ Խաչիկս շատ էր սիրում։ Էդ ժամանակ դեռ ոչինչ չգիտեինք, բայց Խաչիկս արդեն չկար․․․»,- ասում է մայրն ու նշում՝ նույն օրը Խաչիկի ընկերների այցելությունից հետո սկսեցին տարբեր զանգեր կատարել հոսպիտալներ ու հիվանդանոցներ…

«Ամսի 4-ին զանգեցինք էն համարին, որով Խաչիկը կապվել էր մեզ հետ։ Մի տղա վերցրեց, ասեց՝ մեր կամանդիրը ձեզ չի՞ զանգել, հեսա կասեմ կզանգի, ու անջատեց։ Նորից զանգեցինք, ինչ-որ մեկը վերցրեց, ասեց՝ հերոս տղա եք ունեցել, մեն-մենակ դիրք ա գրավել, դիրք ա պահել ու տղաների կյանքը փրկել»։

Հակառակ Խաչիկի ներկայացրածի՝ ամենածանր մարտերն առաջին շաբաթում ընթացել են հենց Քարվաճառի ուղղությամբ, իսկ հոկտեմբերի 2-ը դարձել է Քարվաճառի պաշտպանության համար մղվող պայքարի գագաթնակետը։

Խաչիկի մարտկոցի հրամանատարի՝ Արաբոյի խոսքով՝ մոտ 10 ժամ տևած ծանր մարտերի ընթացքում Խաչիկն ընկերներով հետ է մղել հակառակորդի հարձակումներն ու անցել հակագրոհի՝ փորձելով հետ գրավել նաև սեպտեմբերի 28-ին հակառակորդի վերահսկողության տակ անցած երկու բարձունքները, սակայն դիրքը հրդեհվել է, և սկսվել է թշնամու արկերի տեղատարափ, որից հետո որոշում է կայացվել զինվորներին թաքցնել անտառում, իսկ մարտը շարունակել մի քանի հոգով, որոնց թվում է եղել նաև Խաչիկ Պողոսյանը։ 

«Հրամանատարն ասել ա՝ բոլորդ կարաք լքեք դիրքը, սա հրամա՛ն ա, իսկ ով ուզում ա մնա, կարա մնա։ Ու էդ պահին շրջվել, տեսել ա, որ Խաչիկը հետևում կանգնած ա։ Ասել ա՝ Խա՞չ, Խաչիկը պատասխանել ա՝ հա՛, Հո՛վ»։ 

Ընտանիքի խոսքով՝ որոշ ժամանակ անց պիտի պարզ դառնար նաև, որ ճիշտ էր «Խաչիկ» և «մենակ» բառերի համադրությունը, թեև սկզբում թերահավատորեն էին մոտենում սրան՝ կարծելով, թե իրենց սփոփելու համար են այդպես ասում։

«10 ժամ տևած մարտից 3-4 ժամը, փաստորեն, Խաչիկը մենակ ա կռվել, որի մասին մեզ ավելի ուշ իր մարտական ընկերները պատմեցին։ Հրանոթի հաշվարկի հրամանատար էր, բայց, ասում են՝ ամեն ինչ ինքն էր անում՝ թվերը մտքում արագ-արագ հաշվում էր, նշանառություն էր կատարում, կրակում էր։

Հրամանատարի խոսքով՝ րոպեում 5-8 արկ էր արձակում, էնքան գերճշգրիտ, որ մարտական գործողությունները շատ արդյունավետ են ընթացել, ու մարտկոցի հրամանատարը թողել ա, որ մարտը նույն կերպ՝ մեկ հաշվարկով էլ ընթանա»,- ասում է Նարինե Հարությունյանը՝ նշելով, որ ավելի ուշ Խաչիկին միացել են նաև երկու կամավորներ, որոնք ևս մինչև տարածք հասնելը չէին հավատում, որ վերջինս մենակ է կռվում։

«Կամավորներից մեկն ընկերոջն ասել ա՝ արի գնանք, տեսնենք՝ էդ ո՞վ ա, որ մենակով կռվում ա։ Ասում են՝ գնացինք առաջին հրանոթի մոտ, տեսանք, որ մեկն արագ-արագ քաշում ա մենակ, հարցրինք՝ անունդ ի՞նչ ա, ասեց՝ Խչո, ասինք՝ լավ, ուրեմն ճիշտ ենք գտել»։ 

Գործողությունների արդյունքում տղաներին հաջողվել է հետ վերցնել կորցրած երկու դիրքերն ու թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել, իսկ Խաչիկը իր բաժին մարտը գերազանցորեն տանելուց հետո ձեռնամուխ է եղել օգնելու հարևանությամբ գտնվող 2-րդ մարտկոցին, որի ժամանակ էլ ստացել է մահացու բեկորային վիրավորում և զոհվել է Քարվաճառի Սուզուլուկ կոչվող տարածքում։ Մի քանի ժամ անց Խաչիկի մարմինն արդեն բերել են Մարտունի։

«Երբ իմացանք, որ Մարտունիում է, ամուսինս ընկերների հետ ճամփա ընկավ, որ բերեն իմ տղային, իմ սիրուն տղային․․․ Բերեն․ միտքը, որ Խաչիկն էլ չի գալու, այլ բերելու են, ամենադաժանն էր։ Կյանքիս արևը մթնեց, իսկ երկրագունդը մինչև էսօր դեռ չի պտտվում․․․»։

Խաչիկ Պողոսյանն ապագա դատավոր էր։ Սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ զուգահեռաբար ստաժավորում անցնելով նաև ՀՀ վարչական դատարանում։ Դասախոսները միաբերան պնդում են՝ պատրաստի դատավոր էր՝ իսկն այդ գործի համար։

«Շաբաթը 2-3 անգամ գնում էր՝ դատական պրոցեսները լսելու, դատավորի օգնականի առաջադրանքներին էր մասնակցում և այլն, երբեմն նույնիսկ դասերի փոխարեն: Բարկանում էի վրան, ասում էի՝ տղա՛ ջան, դասի գնա, ասում էր՝ գիտե՞ս ինչ հետաքրքիր ա էնտեղ, ես լիքը բան եմ սովորում, մա՛»,- պատմում է Նարինե Հարությունյանն ու հավելում՝ Խաչիկը զբաղվել էր նաև տարբեր մարզաձևերով՝ շախմատ, լող, կարատե, վինչուն՝ ստանալով բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր։

Խաչիկից հետո Պողոսյաններն ապրելու իրենց բանաձևն են գտել։ Ասում են՝ որոշել են լավ ու բարի գործեր անել՝ ապրեցնելու այն հողը, հանուն որի ընկավ իրենց որդին։ Գիտեն՝ Խաչիկը հիմա երկնքից նայում ու հպարտանում է իրենցով այնպես, ինչպես իրենք՝ նրանով։

«2021 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Խաչիկի ծննդյան օրը, հիմնադրամ ստեղծեցինք, որ շարունակական բարի գործեր անենք, իսկ արդեն 2022-ին Վարդենիս քաղաքի ավագ դպրոցներից մեկում ԱԹՍ ուսումնական լաբորատորիա հիմնեցինք։

Այսօր մեզ էնտեղից ասում են, որ տղան կամ աղջիկը, որ ուզում էր գնալ Երևանում սովորելու, եկել են ԱԹՍ լաբորատորիա ու էլ չեն ուզում գնալ Երևան։ Այսինքն՝ մենք էդ տարածաշրջանում ինչ-որ բան փոխեցինք, պահեցինք էնտեղ ապրողներին՝ թեկուզ քիչ, բայց պահեցինք․․․»,- ասում է մայրն ու հավելում՝ եթե մյուս տարի էլ կարողանան գումար հավաքել, էլի մի էդպիսի բարի գործ կանեն։

«Գիտեք, Խաչիկը մեր՝ ծնողներիս հպարտությունն էր միշտ, իսկ թե որքան հպարտ էի, որ էդպիսի զինվոր որդի ունեմ, նկարագրելի ու չափելի չէր, էդ զգացումն իմ ներսում չէր էլ տեղավորվում, պայթում էր, ու հիմա էլ ա էդպես․․․

Իմ տղան չի կոտրվել, այլ կռվել ա հանուն հայրենիքի ու զոհվել ա մարտի դաշտում խնդիր լուծելիս՝ հաղթանակի բերկրանքը հոգում։ Կռվել ա, որ մենք ապրենք ու լավ բան անենք մարդկանց համար։ Եթե ինքն իմանա, որ մենք դա չենք անում, մեզանից հաստատ կնեղանա, իսկ հիմա Խաչս հպարտ ա մեզանով, ու գիտեմ, որ իրան լավ ա զգում, ասում ա՝ էս ինչ լավ բաներ եք անում, մա՛․․․»,- ասում է Նարինե Հարությունյանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am