ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ՝ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը, համապատասխանաբար, վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին, ցավոք, Ստեփանակերտի մոտակայքում մի միջադեպ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են: