«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը
– Տիկի՛ն Զորյան, հաշվի առնելով հետընտրական շրջանում տեղի ունեցող ձերբակալությունները, ներքաղաքական կյանքն ինչպե՞ս կբնութագրեք:
– Ներկայիս ներքաղաքական փուլը կարելի է բնութագրել որպես իշխանության ավտորիտարիզացիայի խորացման փուլ։ Հետընտրական այս շրջանում վարչախումբը նախընտրական պոպուլիզմից անցում է կատարել կոշտ ուժի ցուցադրմանը։ Սա նպատակ ունի իրավական ճնշումների միջոցով ամրագրել ստացված արդյունքներն ու չեզոքացնել ցանկացած ներքին դիմադրություն։
– Նիկոլ Փաշինյանը նախօրեին վստահեցրեց, որ քաղաքական որևէ գործընթաց տեղի չի ունենում, որ դատաիրավական համակարգը գործում է օրենքի ու իր լիազորությունների շրջանակներում: Համակարծի՞ք եք:
– Համակարծիք չեմ այն պնդմանը, թե այս պրոցեսները զուրկ են քաղաքական ենթատեքստից։ Երբ զանգվածային խուզարկություններն ու ձերբակալությունները հաջորդում են ընդդիմախոսների քաղաքական ակտիվությանը, ապա միանշանակ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Ավելին, իրավապահ համակարգը ծառայեցվում է քաղաքական օրակարգին՝ խաթարելով արդարադատության հանդեպ հանրային վստահությունը։
– Այս գործողությունների նպատակն ասացիք, բայց նման կերպով, կարծում եք, իշխանությունը կարողանալո՞ւ է հասնել իր նպատակին:
– Այս գործընթացներն իրականացվում են կոնկրետ նպատակով՝ կոտրել քաղաքական և տնտեսական այլընտրանքային կենտրոնների կազմակերպչական ողնաշարը, որպեսզի թույլ չտրվի բողոքի նոր ալիքների ձևավորումը։ Երկրորդ՝ Սահմանադրական փոփոխությունների և տարածքային զիջումների ֆոնին իշխանությունը փորձում է տեղեկատվական էֆեկտ ստեղծել`շեղելով հանրային օրակարգը։
Սակայն ուժային ապարատի անձնականացումը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է համակարգային ճգնաժամի, քանի որ ստեղծված նախադեպը ապագայում դառնալու է նմանօրինակ քաղաքական հաշվեհարդարների գործիք՝ կազմալուծելով պետության իրավական հիմքերը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















