Ակադեմիական քաղաք ասվածն ինչ-որ մեկի քմահաճույքն է, ու նախարարությունը հակված է կյանքի կոչելու այն. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, Կոնսերվատորիայի փակման լուրերից հետո ականատես եղանք կառույցի աշխատակիցների բողոքի ակցիային, ստորագրահավաք կազմակերպեցին, սակայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործադիրի հերթական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց, որ «բուհերի միավորման գործընթացը օրենք է», ու դրա մասին մեկ տարի առաջ բոլորը տեղյակ են եղել։ Այս գործընթացն ի՞նչ է տալու կրթական համակարգին որակապես, ու ինչ եք կարծում, բողոքի ակցիաները որևէ բան կարո՞ղ են փոխել։ 

– Սկսեմ վերջից. այնուամենայնիվ մտածում եմ, որ բողոքները պետք է ինչ-որ բան փոխեն, որովհետև դա որևէ հիմնավորում չունեցող որոշում է, որը ցանկալի է՝ չկիրառվի։ Նրանք հարցը կապում են Ակադեմիական քաղաքի հետ, բայց մյուս կողմից էլ պարզ է, որ այդ Ակադեմիական քաղաք ասվածը կարող է լավագույն դեպքում պատրաստ լինել 10-15 տարի հետո, ինչպես ասացին այդ նախագծողները։ 

Այդ շղարշի ներքո փորձ է արվում բուհերը միավորել, ինչը բուհերի դասախոսներն անվանում են համակարգի քանդում, որովհետև սա, ըստ էության, ինքնության խնդիր է, հատկապես Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պարագայում, չնայած դա վերաբերում է նաև մյուս բուհերին ու պետական կազմակերպություններին։ 

Հիմա կան տարբեր բուհեր ու գիտական կազմակերպություններ, որոնք ունեն միջազգային կապեր, դասախոսների ու գիտնականների փոխանակում են իրականացնում, դրամաշնորհային մեծ ծրագրեր ունեն, ընդ որում՝ ֆինանսավորումն ավելի մեծ է, քան պետական ֆինանսավորումը։ Այն պարագայում, երբ այս գիտական կազմակերպությունները կամ բուհերը կմիավորվեն, դա նշանակում է ջնջել նրանց պատմությունը, ու անհասկանալի է, թե ի՛նչ ճակատագիր կունենան նաև այդ միջազգային ծրագրերը։ Այսինքն՝ ստացվելու է, որ իրենք կորցնելու են իրենց պատմությունը, ու որևէ մեկը չի ուզենա նրանց հետ զրոյից համագործակցել։ Սա մեծ հարված է հասցնելու բարձրագույն կրթությանն ու գիտությանը, էլ չասեմ, որ, ինչպես ասում են դասախոսները, քանդելու ռեալ միտում կա։

– Այդ միտումը եթե իսկապես կա, ինչո՞վ է բացատրվում։

– Կառավարության նպատակը, ըստ էության, բուհերին խանգարելն է, որ իրենց գործունեությունը իրականացնեն, որովհետև եթե խնդիր լինի դրված, օրինակ՝ կրթության որակի բարձրացում, կհասկանանք, թե ի՛նչը դրան չի նպաստում, ու կանդրադառնանք դրան, բայց նման խնդիր չկա դրված։ Ստացվելու է, որ մոտավորապես 3 միլիարդ դոլար ծախսելու են Ակադեմիական քաղաքի վրա, ու հետո այդ բուհերը մեխանիկորեն միավորելու են, տանեն՝ ըստ կլաստերների Ակադեմիական քաղաք։ 

Հիմա մասնագետների առաջարկն այն է, որ եկեք այդ գումարը բաշխենք բուհերի վրա ու տեսնենք, թե ինչքա՛ն կբարձրանա կրթության որակը, ինչքան նոր փոխանակման ծրագրեր կսկսվեն, վերապատրաստման ու այլ ծրագրեր ևս և այլն։ Նորից եմ ասում, եթե այդ միավորման հարցի վերաբերյալ ինչ-որ դրական փաստարկներ լինեն, գուցե դա քննարկման առարկա դառնա, ցավոք սրտի, ոչ մի փաստարկ չկա, ուղղակի ինչ-որ մեկի քմահաճույքի հետևանք է ստացվում սա։ Ինչ-որ մեկի քմահաճույքն է, ու պետք է անել դա, այսքան բան։ 

– Այսինքն՝ բովանդակային առումով որևէ բարելավում չե՞նք ունենա, պարո՛ն Մխիթարյան։

– Ո՛չ, ընդհակառակը՝ էական անկում կունենանք։ Անցյալ տարվա ընդունելության վերջին քննություններն արդեն խոսում են դրա մասին։ Բուհերը միավորելու, տեղափոխելու ու այլնի մասին խոսակցությունները պատճառ դարձան, որ դպրոցների շրջանավարտները չդիմեցին պետական բուհեր, ավելի շատ դիմեցին միջազգային պայմանագրերով ստեղծված բուհեր, որոնց միավորման ու տեղափոխման մասին առայժմ խոսակցություններ չկան։ 

– Միավորման համար անհրաժեշտ աշխատանքային խմբերն արդեն ձևավորվել են, ու քննարկումներն ընթանում են, ինչ եք կարծում, այդ ընթացքում հնչող մասնագիտական դիտարկումները նախարարության կողմից կընդունվե՞ն, թե՞ ոչ։

– Հայտարարություններից պարզ է դառնում, որ դրանք կարող են ուղղակի ձևական քննարկումներ դառնալ, որովհետև եթե ասվում է, որ ինչ էլ լինի, միևնույն է, արդեն որոշված է, ու այդպես է լինելու, կներեք, եթե մինչ այդ էլ չեք խորհրդակցել մասնագետների հետ, որոնք ընդգրկվելու են այդ ամբողջ գործընթացի մեջ, նկատի ունեմ բուհերն ու գիտական կազմակերպությունները, այդ խմբերի ասածներն ինչպե՞ս են հաշվի առնելու, որովհետև մինչև հիմա որևէ մեխանիզմ չկա այդ առումով։ Ստացվում է, որ պարապ քննարկումներ են լինելու, դրա համար էլ Կոնսերվատորիայում ընդվզում առաջացավ։ 

Նախարարությունը հակված է կյանքի կոչելու այդ կապրիզը, բայց դա չի նշանակում, որ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, մտավորականությունը պետք է ոչինչ չանեն, պետք է բողոքեն, իրենց ձայնը բարձրացնեն ու նաև իրավական առումով մտածեն՝ ինչ անել, որպեսզի հնարավոր չլինի բուհերի կազմալուծումը։ Նրանք պետք է պայքարի դուրս գան ու թույլ չտան, որ միավորման անվան տակ ունեցածն էլ վերանա, որովհետև սա իսկապես ինքնության հարց է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am