Մեր շատ հին թվերի երգ է, Զեյնաբ Խանլարովան մեզանից է վերցրել ու երգել. ի՛նչ մեղադրանք կարող են ներկայացնել. Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր

«Ամբողջ աշխարհը վերցրեց, իրենց լեզուներով փոխեց «Մի գնա»-ն ու երգեց, մենք ոչ մեկին չմեղադրեցինք: Հիմար-հիմար դուրս են տալիս դրանք: Եթե այդպես է՝ Բրիլյանտ Դադաշովան ինչո՞ւ է իր օրկեստրին նստացրել ու իմ արած արանժիրովկայի տակ երգում «Դոչենկա» երգը, ո՞վ է նման բան թույլ տվել նրան»,- ի պատասխան «Մեդիալաբի» հարցի ադրբեջանական մեղադրանքին այսպես է արձագանքում երգիչ Սպիտակցի Հայկոյի Իսպանիայում գտնվող պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը:

Ըստ Ադրբեջանի APA աղբյուրի՝ «Գարուն» երգը համընկնում է ադրբեջանցի կոմպոզիտոր Ալեքպեր Թագիևի Sənə qurban երաժշտական ստեղծագործության հետ։

Նշված երգը գրանցվել է Մտավոր սեփականության գործակալությունում (այն ժամանակ՝ ԱՀ Հեղինակային իրավունքի համամիութենական գործակալության վարչություն) 1978 թվականի հունիսի 10-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի ուշ այս երգը հայերեն «Գարուն» անունով կատարել են հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը և այլք։  

Այս ամենը հաշվի առնելով, Ադրբեջանը Սպիտակցի Հայկոյին, Անդիին և Տիգրան Ասատրյանին մեղադրում է հեղինակային իրավունքի խախտման համար։  Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, այս դեպքը հետաքննության առիթ է դարձել Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունում, որտեղ ուսումնասիրվում է  1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվանմամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու հարցը։

Սակայն հայկական կողմը անհեթեթ է համարում մեղադրանքները:

Նորայր Ստեփանյանի խոսքով՝ ադրբեջանցիները «հիմար ազգ են», իսկ ինքը հեղինակային իրավունքների խախտման համար ադրբեջանցի ժողովրդական արտիստին պատասխանատվության չի ենթարկում, քանի որ «նրանց նման ցածր մակարդակի» կրող չէ:

««Գարունը» իհարկե մեր երգն է, ի՛նչ մեղադրանք կարող են իրենք ներկայացնել, դա մեր շատ հին թվերի երգ է, Զեյնաբ Խանլարովան մեզանից է վերցրել ու երգել այդ երգը»,- «Մեդիալաբին» ասում է երգչի պրոդյուսերն ու ընդգծում, որ սա ադրբեջանական հերթական կեղծիքն է:

«Ստախոսներ են դրանք, դրանց մի՛ հավատացեք, թուրքը ո՞նց կարող է լավ մարդ լինել»,- եզրափակում է Նորայր Ստեփանյանը:

Տեղեկացնենք, որ «Գարուն» երգն այս պահին Youtube-ում ավելի քան 56 միլիոն դիտում ունի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am