Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն․ փաստաբան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․Մխիտարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Որոշումն անշուշտ ապօրինի է, քանզի իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ էր կանխատեսել Արմեն Չարչյանի՝ գրավով ոչ պատշաճ վարքագիծը զսպելու հնարավորությունը, քանի որ շուրջ մեկ ամիս գտնվելով ազատության մեջ պարոն Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն փաստացի չէր կատարել։

Բացի դրանից, պրոֆեսորն այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայությամն դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն»։