Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում

Այսօրվանից` հունվարի 16-ից, Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը:Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետև ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:

Ոստիկանությունը բոլոր վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: