Դատավորները ցանկանում են մասնակցել դատական իշխանության բարեփոխումներին․ ընդհանուր ժողովի հայտարարությունը

Դատավորները ցանկանում են մասնակցել դատական իշխանության բարեփոխումներին․ ընդհանուր ժողովի հայտարարությունը
Դատավորները ցանկանում են մասնակցել դատական իշխանության բարեփոխումներին․ ընդհանուր ժողովի հայտարարությունը

Ավարտվել է դատավորների ընդհանոր ժողովը, որն անցկացվել է դռնփակ։ Ժողովից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցել է իրենց ընդունած հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության շուրջ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաեւ` զանգվածային տարբեր միջոցառումների ժամանակ դատավորների հասցեին հնչող քննադատությունները, Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.

Դատավորների ընդհանուր ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ` տեսանելի ակնկալվող վերջնարդյունքով:
Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքով:

Դատավորների ընդհանուր ժողովը,  որպես դատական իշխանության  բաձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին, միջոցառումներին եւ քննարկումներին` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի եւ նաագծերի մշակման հարցում:

Դատավորների ընդհանուր ժողովը  հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որ հանրային վստայության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկություններ ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ:

Դատավորների ընդհանուր ժողովը  կոչ է անում իրավասու մարմիններին ցանկացած  օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:

Դատավորների ընդհանուր ժողովը  կարեւորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաեւ դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները:

Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը նշում է, որ այդ ամենը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ` դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, ինչը խաթարում է դատական իշխանության նկատմամբ եղած հասարակական վստահությունը:

Դատավորների ընդհանուր ժողովը  խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսեւորում եւ կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:

Դատավորների ընդհանուր ժողովը  արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: