«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։
– Պարո՛ն Բադասյան, վերջերս տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն մոռացվել, դրանց ավելացել է Դուշանբեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։
– Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխության ժամանակ հայտարարել է, որ Արցախը պետք է որպես բանակցող կողմ հանդես գա: 1994-ին Բիշքեկում Արցախը բանակցող կողմ էր և Ռոբերտ Քոչարյանի մեղքով 1998 թվականից այլևս չի մասնակցում բանակցություններին։ Իհարկե, Արցախը պետք է հանդես գա որպես բանակցությունների կողմ։ Եթե Հայաստանն այս ձևաչափի վրա պնդի, ապա մեջտեղից կվերանան թե՛ մադրիդյան սկզբունքները, թե՛ Վիեննայի համաձայնագիրը, թե՛ մյուս համաձայնությունները։
Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների մեծամասնության կողմից Արցախի հարցի այսպես շարունակելը չի բխում Հայաստանի շահերից։ Ինչո՞ւ. որովհետև շատերը նախ՝ չեն ճանաչում Արցախի հարցը։ Ես չեմ կարող ասել, որ Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չէ խնդրից, բայց բոլորն էլ մի տեսակ ճիշտ ուղու վրա չեն։
Բանն այն է, որ տեղի ունեցած հեղափոխության շունչը պետք է արտացոլվի արցախյան հարցում։ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, պետք է անպայման գնահատական տան նախորդ իշխանությունների կողմից 1994 թվականից մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստորագրած փաստաթղթերին։ Եթե իշխանությունները ճշմարիտ ձևով գնահատական տան, ապա համոզված եմ, որ այն փաստաթղթերը, որոնք ելնում են, այսպես կոչված, փոխզիջումային տարբերակից, ի չիք կդառնան։
Մադրիդյան սկզբունքները, որը մեզ առաջարկել են որպես փոխզիջումային տարբերակ, իրականում այնտեղ գոյություն չունի փոխզիջում, գոյություն ունի միայն միակողմանի զիջում։ Միակողմանի զիջելով մենք կորցնում ենք Արցախը, կորցնում ենք Զանգեզուրը և վտանգի տակ ենք դնում ամբողջ Հայաստանը։ Հատկապես այն ենթատեքստով, որ Ալիևը հայտարարել է, որ ներկայիս Հայաստանը գտնվում է նախկին Ադրբեջանի տարածքում, և Երևանը ևս ադրբեջանական տարածք է, դա ինքնըստինքյան, խոսում է Ալիևի տարածքային նկրտումների մասին։
Սա վկայում է, որ չկա փոխվստահության մթնոլորտ, իսկ ապրիլյան պատերազմն էլ ապացուցեց, որ նման մթնոլորտ չկա։ Բայց չէ՞ որ մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած է փոխվստահությունը։ Հայաստանն ու Արցախը հանուն խաղաղության նույնիսկ պարտավոր են չզիջել որևէ տարածք։
Զիջումները պետք է լինեն այլ ոլորտներում։ Դրանք նաև Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, հայ ժողովրդի արցախյան հատվածի ազատ ինքնորոշման վրա չպետք է տարածվեն։ Իսկ Ադրբեջանը մեզ զիջելու ոչինչ չունի։ Այսինքն՝ պետք է բանակցությունները դրվեն ճիշտ ուղու վրա։ Եթե դա չանեն, ապա ներկայիս իշխանությունները ամբողջ հայ ժողովրդի, առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի հետ կունենան պրոբլեմ։
– Պարո՛ն Բադասյան, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հայտարարեց, որ Հայաստանը կարող է բանակցել միայն իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և որքանով է ռեալ, որ հնարավոր կլինի Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։
– Ես կարծում եմ՝ Փաշինյանն իրավունք չուներ այդպիսի հայտարարություն անելու։ Նա պետք է ասեր՝ այո՛, Արցախն ունի իր ներկայացուցիչը, և նրա խոսքը շատ կարևոր է, բայց նա չպետք է ձեռքը թափ տար, թողներ գար, այլ պետք է շարունակեր, որ Հայաստանը միշտ էլ հանդիսանալու է հայ ժողովրդի արցախյան հատվածի անվտանգության երաշխավորը։ Այսինքն՝ նա չպետք է ձեռքը թափ տա ու մի կողմ քաշվի՝ ասելով, որ Արցախն ինչ ուզում է՝ թող անի։ Այդ դեպքում որևէ երկիր Հայաստանին անկեղծ չի ընդունի։ Հայաստանը պետք է հայտարարեր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։
– Որքանո՞վ է հավանական, որ այս փուլում Արցախը կվերադառնա բանակցային գործընթացին։
– Եթե Հայաստանը պնդի, որ բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա Արցախը, և պետք է բանակցությունները տեղի ունենան այն ձևաչափով, որով ժամանակին եղել են։ Ես համոզված եմ, որ միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, անպայմանորեն ստիպված կհամաձայնեն այս ձևաչափի հետ։ Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանություններն առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է անցումային փուլերով անպայման իրականացնեն Արցախի միացումը Հայաստանին։
– Նախօրեին խոսվեց նաև Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական փոխօգնության դաշինք կնքելու անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ է հավանական, որ դա կյանքի կկոչվի։
– Ես չեմ ուզում, որ նման բան լինի, որովհետև մենք հիմա գոնե մեր թիմով աշխատում ենք միացյալ Հայաստանի ուղղությամբ։ Մեկ միասնական Հայաստան պետք է լինի և չի կարելի նորից փաստաթղթեր ընդունել, որոնք ենթադրում են անկախ Արցախ։ Նման բաներ չպետք է լինեն։ Օրինակ՝ Հայաստանը՝ Գյումրին Թուրքիայից պաշտպանելու համար պետք է Շիրակի մարզի հետ պայմանագի՞ր կնքի։ Իհարկե ո՛չ, դա ծիծաղելի է, և Արցախի պարագայում էլ դա չի կարելի անել։ Մենք պետք է շուտափույթ, Արցախը բանակցային կողմ դարձնելուն զուգահեռ Արցախը վերածենք Հայաստանի մարզերից մեկի։
– Վերջին ամիսներին կադրային փոփոխություններ եղան թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բանակում։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդուհանդերձ, դեռ խնդիրներ կան այս ոլորտում։
– Նախօրեին ինձ բախտ է վիճակվել ներկայանալ զորամասերից մեկ և շնորհավորել նորակոչիկներին։ Այս բանակը, որ մենք ունենք այսօր, ամենևին նման չէ այն բանակին, որը ստեղծել ենք 25-30 տարի առաջ։ Այն ժամանակ պատերազմի շրջան էր, և բանակը շատ-շատ բացեր ուներ, իսկ այսօր մենք ունենք մի բանակ, որը նման է իր ամեն ինչով աշխարհի առաջադեմ բանակներին։ Մենք՝ հայ ժողովուրդը, պետք է լավ իմանանք, որ բանակը մեր տունն է և մեր ֆիզիկական անվտանգության երաշխավորը։
Մենք ոչ մեկի վրա չպետք է հույս դնենք, այդ թվում՝ մեր դաշնակից երկրների։ Մեր միակ երաշխավորը մեր հայոց ազգային բանակն է, որտեղ ծառայում են մեր զավակները, և դրանով էլ մեր բանակը հզոր է։ Քանի որ ծառայողների թիկունքում իրենց հարազատներն են, ուրեմն բանակը կենաց-մահու պայքար կմղի անհրաժեշտ ժամանակ։ Դրա ապացույցը 2016-ի ապրիլյան պատերազմն էր, երբ մեր զինվորները ցույց տվեցին, թե ինչպիսի տոկունություն ու քաջություն են ցուցաբերել, ինչպես են անհնարինը հնարավոր դարձրել։
Վերջին տարիներին բանակում փոփոխությունները դեպի բարելավում է եղել։ Ես կարծում եմ, որ նաև կադրային համալրումներ պետք է լինեն Արցախի բանակում, որովհետև մենք ունենք շատ զինվորականներ, ազնիվ գեներալներ ու սպաներ, որոնց վերջին տարիներին նախորդ իշխանություններն անարդարացիորեն աշխատանքից հանել են։
Պետք է նրանց վերադարձնել շարքեր, պետք է ամեն ինչ անել, որ մեր մատաղ սերունդը, երիտասարդները ավելի համալրվեն, ավելի մեծ քանակությամբ ցանկություն հայտնեն ծառայել բանակում։ Այս ուղղությամբ պետք է աշխատենք բոլորս՝ ոչ միայն բանակի հրամանատարությունը, ոչ միայն իշխանությունները, այլ նաև հասարակությունը, բոլորս։ Այսպես աշխատելով մենք կարող ենք արդարությունը վերականգնել, կառուցել մեր երազած երկիրը և ունենալ մեր երազած բանակը։
Լուսանկարը` «Ֆոտոլուր»
Մանե Հարությունյան
MediaLab.am