ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի վճարովի թեստերի գներն արդարացված են:

Գևորգյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող: «Չկա այստեղ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, կան փոքր քանակի ծառայություն մատուցող սուբյեկտներ, որոնք գնի ձևավորման մեջ մի շարք հանգամանքներ կարող են պնդել և մտցնել»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ-ն նաև համեմատական է տարել մի շարք երկրների հետ՝ և հարևան, և այլ: «Հայաստանում էականորեն ավելի էժան են կորոնավիրուսի թեստի գները»,-ասաց Գևորգյանն ու հավելեց, որ փաստն է արձանագրում: