Առանձին գործիչներ պետական հաքերների հարձակման զոհ լինելու մասին Apple ընկերությունից նամակներ են ստանում. մանրամասներ

Հայաստանում տեղեկատվական անվտանգության մասնագետները զգուշացնում են՝ առանձին պաշտոնյաներ, գործիչներ ու լրագրողներ պետական հաքերների հարձակման զոհ լինելու մասին Apple ընկերությունից նամակներ են ստանում:

«Տեղեկացնեմ, որ նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple֊ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Մենք տեղյակ ենք մոտ տաս մարդու մասին, որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Pegasus լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, նենց որ կարող ա նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը։

Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն, ասածս էն ա, որ չգիտենք՝ Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մեկ այլ մասնագետ Արթուր Պապյանն իր հերթին է տեղեկացրել այդ մասին ու նշել, որ հարցերով կարող են դիմել իրենց. «Նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ Apple ընկերությունից iMessage-ով և/կամ Mail-ով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսները ենթարկվել են Պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։ Եթե դուք ստացել եք նման հաղորդագրություն և խորհրդատվության կարիք ունեք դիմեք մեզ», -նշել է նա:

Նման նամակ ստանալու մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, նշելով. «Կարող ա պատահի մեզ հետևում են»: