Լևոն Տեր-Պետրոսյանը պատմել է 2018-ին իր և Փաշինյանի հանդիպումից մի դրվագ. տեսանյութ

Հայ Ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր ասուլիսում ներկայացրել է 2018-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մի դրվագ՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս.

«Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Ես նրան ասել եմ հետևյալը․ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ դու Ղարաբաղի հարցում ստացել ես Սերժ Սարգսյանից փաստաթղթով։

Հարց է տալիս ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ ես հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում եմ երկու օրվա ընթացքում ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ Ասեց ինչու է պետք քեզ, ասացի՝ որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»։