Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են. Արմեն Գրիգորյան. տեսանյութ

Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են

Factor.am-ը զրուցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Գեորգի Կուտոյանի մահը երկրի բարձրաստիճան նախկին պաշտոնյաների առեղծվածային մահերից հերթականն է մեկ տարվա ընթացքում՝ Աշոտ Կարապետյան, Հայկ Հարությունյան։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ անվտանգային միջավայրը ապահով վիճակում չէ։

-Իսկապես ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բոլորիս համար էլ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։

Այս դեպքը ոչ թե պետք է դնել ընդհանուր կոնտեքստի մեջ և վերլուծել, հասկանալ, այն պետք է դիտարկել որպես առանձին դեպք և ուսումնասիրել, հասկանալ պատճառներն ու փորձել վերլուծել այդ տեսանկյունից։ Իհարկե, երբ դնում ենք ընդհանուր կոնտեքստում, այլ հանգամանքներ են ավելանում, ես կարծում եմ՝ այդ առումով մենք ճիշտ ուղղությամբ չենք գնա։ Անհրաժեշտ է այն դիտարկել իբրև առանձին դեպք։

Քննչական կոմիտեն հրապարակային աշխատում է։ Նոր ձեռք բերված փաստերի ու հանգամանքների ճշտումը անմիջապես կոմունիկացվում է հասարակության հետ և համոզված եմ, որ դեպքը ամբողջությամբ բացահայտվելու է։

Մեր իշխանությունը հետաքրքրված է, որ այն մանրամասն հետաքննվի և եթե կան անվտանգության մասով անհանգստանալու որևէ հանգամանք, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք, անվտանգության տեսնակյունից ամենաշատը մենք ենք շահագրգռված՝ եթե կան սպառնալիքներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք՝ հանկարծ որևէ մարտահրավեր չլինի։

Մինչ այս պահը այդ կոնտեքստում անհանգստանալու որևէ բան չունենք։ Քննություն կկատարվի և պարբերաբար կզեկուցեն։ Այս առումով կարծում եմ, որ հենց այս տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք։

– Միքայել Մինասյանը ևս մտահոգ է երկրի անվտանգության միջավայրով, նա երեկ հերթական անգամ իշխանությունը փոխելու կոչ է արել․ «Սրանց պետք է հեռացնել՝ համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց»,- գրել է Միքայել Մինասյանը։ Ի՞նչ գործողությունների սպասեն քաղաքացիները։

-Ընդհանրապես, դժվար է պատկերացնել, որ նախկին համակարգին ուղնուծուծով կապված մարդը այսպիսի հայտարարություններ է անում։ Բայց ձեր նշած մարդը «Գահերի խաղը» ֆիլմի և համանուն վեպի սիրահար է։ Այնտեղ կարևոր մի փաստ և էպիզոդ կա, որը կարծում եմ, շատ բաներով նկարագրում է իրավիճակը։

Եթե չեմ սխալվում՝ Ռոբ Սթարքն էր, երբ որ իր հայրը զոհվում է, փորձում է վրեժ լուծել, բայց վերջում նա մահանում է կարմիր գիշերվա ընթացքում։ Ի՞նչն է ցուցանողը սրա մեջ, որ Ռոբ Սթարքը ուզում էր վրեժ լուծել իր հոր համար, նա չէ մտածում հյուսիսի ժողովրդի բարեկեցության մասին, չէր մտածում ժողովրդի անվտանգության մասին։ Միակ բանը, որ մտածում էր Ռոբ Սթարքը, վրեժն էր հոր համար։ Ես կարծում եմ՝ այդ վեպի սիրահար մարդը պետք է վերընթերցի այն։ Իհարկե, այնտեղ կոնտեքստը այլ է, ես բռնությունների տեսանկյունից չեմ ասում, բայց ուսուցանելի է իր համար և արժի, որ ևս մեկ անգամ դիտի այդ ֆիլմը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և factor.am-ի տեսանյութում: