«2018-ին չեմ տեսել երեխաների մասնակցությամբ այնպիսի դրսևորում, որի վերաբերյալ կարելի է մեղադրանք ներկայացնել, թեկուզ բարոյական տեսանկյունից». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

Պարո՛ն Նավասարդյան, երեկ «Դիմադրություն» շարժման երթը փոքր-ինչ տարբերվում էր նախորդ օրվա երթերից, որովհետև դրան մասնակցում էին նաև երեխաները, որոնք կառավարության շենքի դիմաց՝ ասֆալտին, գրում էին «Նիկոլ դավաճան» և այլն, տարածված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է այդ ամենը: Քանի որ շատ քննարկվեց երեխաներին քաղաքական գործընթացների մեջ ներգրավել-չներգրավելու հարցը, կխնդրեմ ձեր տեսակետն ընդհանուր առմամբ երեխաների մասնակցության առումով՝ չմոռանալով նաև, որ 2018 թվականին ևս երեխաները փողոցներում էին ու մասնակցում էին քաղաքական գործընթացներին, ըստ էության:

– Եթե խոսքն անչափահասների մասին է, ապա բարձր դպրոցական տարիքի երեխաներն արդեն կարող են հանրային կյանքում ակտիվ մասնակցություն ունենալ, այդ թվում նաև՝ քաղաքական միջոցառումներում, զուտ օրենքի տեսանկյունից: Իրենց մասնակցությունը պետք է սահմանափակվի միայն նախընտրական քարոզչական արշավներում, այսինքն՝ այնտեղ անչափահասների մասնակցությունը ընդունված չէ միջազգային չափանիշների առումով, թեև Հայաստանում դա էլ է խախտվում:

Բայց եթե խոսքը ոչ թե քարոզարշավների մասին է, այլ՝ զանգվածային քաղաքական միջոցառումների, ապա դա ընդունելի է: Բայց, իհարկե, եթե այդ ամենին մասնակցում են երեխաներ, որոնք դժվար թե դրան գիտակցաբար միանան, այլ ինչ-որ մեկի դրդմամբ, օրինակ՝ ուսուցիչների, դպրոցի տնօրենների, ապա դա խնդրահարույց է, թեև կարող են լինել դեպքեր, որ ծնողներն իրենց ցանկությամբ են բերում երեխաներին իրենց հետ:

Եթե խոսենք երեխաների մասնակցությամբ տարբեր դրսևորումների մասին, ապա կարող ենք ասել, որ 2018-ին ես չեմ տեսել այնպիսի դրսևորում, որի վերաբերյալ կարելի է մեղադրանք ներկայացնել, թեկուզ բարոյական տեսանկյունից: Այլ հարց է, որ դա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ, ինձ էլ առանձնապես դուր չի գալիս երեխաների մասնակցությունը:

Իսկ երեկվա միջոցառումների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ առաջին հերթին շատ մտահոգեց, որ երեխաներին կազմակերպված կերպով, ինչը երևում է և՛ լուսանկարներից, և՛ տեսանյութերից, բերում էին, որպեսզի իրենք պատրաստի կոնտուրների վրա գունավոր կավիճներով ներկեն «Նիկոլ դավաճան» բառակապակցությունը, ինչն արդեն անընդունելի է, որովհետև ակնհայտ է, որ դպրոցական ցածր տարիքի երեխան դժվար թե կարողանա գիտակցել՝ ինքն ինչ է անում, որովհետև այստեղ, որոշ առումով, կարելի է նաև ատելության տարածում տեսնել ու ցանկալի չէ ատելության քարոզում ներառել երեխաներին: Դա միանշանակ է ու չպետք է թույլ տալ:

– Մեկ ամսից ավելի տևող փողոցային այս պայքարում ատելության խոսքի չափաբաժինը մե՞ծ է: Որքանո՞վ են քաղաքական այս գործընթացները նպաստում ատելության խոսքի տարածմանը:

– Լինում են ատելության խոսքի դրսևորումներ: Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը մի բողոք է քննարկում՝ հեռուստատեսությամբ հանրահավաքների վերաբերյալ ռեպորտաժների սյուժեի հետ կապված, և այստեղ բավականին նուրբ է սահմանը սուր քաղաքական բանավեճի, որը կարող է պարունակել նաև բավական կոպիտ արտահայտություններ, ու ատելության խոսքի միջև: Այստեղ և՛ լուրջ իրավագետները, և՛ լուրջ մարդու իրավունքների մասնագետներն ու լրագրողական էթիկայի փորձագետները պետք է շատ հստակ կողմնորոշվեն, քանի որ և ատելության խոսք կա, բայց կա նաև ընդունելի աստիճանի քաղաքական բանավեճ, որը ներառում է սուր ու կոշտ արտահայտություններ ու գնահատականներ:

Այլ բան է, որ դրա ծավալն է շատ, իսկ եթե ծավալը շատ է և նույնիսկ ատելության խոսքի սահմանման մեջ չի մտնում, դա ամեն դեպքում հասարակության մեջ կարող է խորացնել անհանդուրժողականությունը և թշնամությունը տարբեր շերտերի միջև, ինչը, իհարկե, մտահոգիչ է, որովհետև առողջ հասարակության ձևավորմանը չի նպաստում:

– Պարո՛ն Նավասարդյան, այն, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո մեզանում անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտն առկա էր, անհերքելի է: Ի՞նչ արվեց այդ մթնոլորտը վերացնելու համար, թե՞ արվեց այն, ինչն ավելի խորացրեց առկա անհանդուրժողականությունն ու ատելությունը:

– Քրեականացվեց ծանր վիրավորանքը, որը միանշանակ արդյունավետ միջոց չէր, թեև արդեն կան մի քանի հարուցված քրեական գործեր, բայց չեմ կարծում, որ դա մթնոլորտի առումով ինչ-որ բան փոխում է: Մթնոլորտը կարող է փոխվել, եթե առաջատար քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, գնահատեն վիճակի վտանգավորությունը և հրաժարվեն այդ ծավալով թշնամական խոսքի տարածումից, բայց, ցավոք, մենք տեսնում ենք հակառակը:

Երկու կողմն էլ, իրենց գնահատմամբ, կարող են հաջողության հասնել միայն, եթե հակառակորդի դեմ օգտագործեն այդ վիրավորական և մաչոյական վերաբերմունքը: Ցավոք, այդ երևույթը մեզանում խորանում է, որովհետև դարձել է ամենատարածված քաղտեխնոլոգիայի մաս:

– Փողոցային այս պայքարի, ընդհանրապես ներքաղաքական տիրող իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում:

– Միակ տարբերակն այն է, որ բոլոր կողմերը հասկանան Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրները և անցնեն քաղաքական քննարկումների ու բանավեճերի, բայց գիտակցմամբ, որ դրանք միտված լինեն հարցի լուծմանը, այլ ոչ թե քաղաքական թշնամուն վերացնելու նպատակին: Առայժմ այդպիսի գիտակցում չի երևում:

Վաղն էլ կհամոզվենք՝ կա՞, թե՞ չկա այդ գիտակցումը, երբ խորհրդարանում տեղի ունենա ընդդիմության նախաձեռնած նիստը: Եթե այնտեղ էլ տեսնենք այն, ինչ տեսնում ենք հանրահավաքային հարթակներից, նշանակում է, ոչ մի բան չի փոխվել, ու մենք նույն անդուր երևույթի ականատեսն ենք լինելու: Եթե գոնե խորհրդարանում, թեկուզ առանց իշխանությունների ներկայացուցիչների, փորձեն քննարկել լուրջ հարցեր և առաջարկեն ինչ-որ գաղափարներ, որոնք կարող են նպաստել տարբեր խնդիրների լուծմանը, ապա դա փոքր քայլ կլինի եղած միտումները փոխելու ուղղությամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am