Մեղրիում գործող մաքսային պահեստի լիցենզիան կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների արդյունքում․ ՊԵԿ նախագահ

Մեղրիում գործող մաքսային պահեստի գործունեության լիցենզիան կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների արդյունքում, դրանց շտկման դեպքում ՊԵԿ-ը կվերանայի որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին՝ նա նախ հստակեցրեց, որ Մեղրիի անցակետը չի փակվել, այն գործում է անխափան, իրականում շրջանառվող տեղեկությունները Մեղրիում գործող մաքսային պահեստի մասին են: «Վաղուց, դեռևս 1 ամիս առաջ ստուգումներ են իրականացվել գրեթե բոլոր մաքսային պահեստներում՝ մաքսային պահեստին ներկայացվող պահանջների համապատասխանության ուղղությամբ: Եվ մի քանի տեղ հայտնաբերվել են խախտումներ: Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ: Եվ, իմ հրամանով,  մաքսային պահեստի թույլտվությունը, լիցենզիան կասեցվել է»,-ասաց Հովհաննիսյանն ու վստահեցրեց, որ երբ շտկեն խախտումները, իրենք կվերանայեն որոշումը:

Մաքսային պահեստին ներկայացվող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումների առկայությունը: Տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի գործել: Հովհաննիսյանի խոսքով՝ եղել են նաև մի շարք այլ արձանագրված խախտումներ:

ՊԵԿ նախագահն ասաց, որ այլ մաքսային պահեստներում ևս խնդիրներ արձանագրվել են, սակայն խախտումների տեսակից, բնույթից ելնելով, դրանց գործունեությունը ենթակա չի եղել դադարեցման: Այսպիսով, այդ պահեստներին խախտումները շտկելու ժամանակ է տրվել:

«Անհամապատասխանությունների դեպքում ես կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների»,- նշեց Հովհաննիսյանը: