«Եթե այս առաջարկն ընդունվի, նոր նախագահը, քաղաքական առումով, ավելի հարմար տարբերակ է Նիկոլ Փաշինյանի համար». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, իշխող քաղաքական թիմն արդեն ունի նախագահի իր թեկնածուին, որի թեկնածությունը միանշանակ չի ընդունվում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությանն այդ պաշտոնում։

– Վահագն Խաչատրյանին՝ որպես քաղաքական գործչի, ես ընկալում եմ տնտեսական ոլորտի մասնագետ, լիբերալ հայացքների կրող և հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում զիջումների վրա հենված քաղաքականության կողմնակից, ինչը, ըստ լիբերալ տրամաբանության, պետք է նպաստի օտարերկրյա ներդրումներին դեպի Հայաստան։ Եթե համեմատենք Արմեն Սարգսյանին, նա նույնպես, ըստ էության, այդ պաշտոնում հանդես էր գալիս որպես գործիչ, որի հետ կապված սպասումներ կային՝ Հայաստան ներդրումներ բերելու մասով։

Կարելի է ասել, որ կադրային մոտեցումն այդ քաղաքական պաշտոնի հետ կապված չի փոխվել․ Նիկոլ Փաշինյանի թիմում այդ խնդրին ամենահամապատասխանող մարդը Վահագն Խաչատրյանն է։ Բայց եթե համեմատենք Արմեն Սարգսյանի կարողությունների, կապերի հետ, ակնհայտ է, որ Վահագն Խաչատրյանը զիջում է։

– Քաղաքական դաշտի տարբեր շերտերից կարծիք է հնչում, թե կապ չունի՝ ով է լինելու այդ պաշտոնում, միևնույնն է, անելու են այն, ինչ կասի Նիկոլ Փաշինյանը։ Համակարծի՞ք եք, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող սեփական որոշումներ կայացնել։

– Համաձայն չեմ, որովհետև նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցել եմ հանդիպում օգոստոս ամսին, և նա այդ ժամանակ մտքեր արտահայտեց, ինչից ակնհայտ էր, որ ինքը ձգտում է ինքնուրույն քաղաքական կենտրոն լինել ու ինչ-որ տեղ հակակշռել նույնիսկ կառավարությանը ու ձգտում էր իր շուրջը համախմբել առողջ քաղաքական, տնտեսական ուժեր: Այսինքն՝ ասել, որ նա եղել է Նիկոլ Փաշինյանի անմիջական կամակատարը նախագահի պաշտոնում, այդպես չէ։

Վահագն Խաչատրյանը, բնականաբար, այդ առումով ավելի մեծ կախվածություն է ունենալու Նիկոլ Փաշինյանից։ Եթե այս առաջարկը ընդունվի, նոր նախագահը, քաղաքական առումով, ավելի հարմար տարբերակ է Նիկոլ Փաշինյանի համար։

Բնականաբար, ընդդիմությունը շեշտն այս հանգամանքի վրա է դնում, որ նախագահը չի լինի չեզոք և չի լինի՝ որպես պետության գլուխ, Սահմանադրության երաշխավոր, այլ աջակցելու է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իրականացվող քաղաքականությանը։

– Պարո՛ն Ղուկասյան, քանի որ Վահագն Խաչատրյանը եղել է ՀԱԿ-ի անդամ, ոմանց դա առիթ է տվել ասելու, թե ՀԱԿ-ը վերադառնում է, որ այս որոշումը կայացվել է ՀԱԿ-ի խորհրդով։ Համաձա՞յն եք։

– Չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը, իսկ Վահագն Խաչատրյանի վերաբերյալ շատ կոշտ ձևով արտահայտվել էր Տեր-Պետրոսյանը, երբ նա նշանակվեց նախարար։

Տեսանելի է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր ծագումնաբանությամբ մեծ կապ ունի ՀԱԿ-ի հետ ու, այդ առումով, մեծ կապ ունի նաև ՀՀՇ գործիչների հետ։

Կարելի է ասել, որ ՀՀՇ-ի հաջորդող սերունդը ներկայացված է ՔՊ-ի կազմում։ Այո՛, անհնար է չտեսնել այդ կապերը, բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աննախադեպ զիջողական դիրքեր ունի, և նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բավականին ճկուն էր այդ հարցում, զիջում է Նիկոլ Փաշինյանին։

Մենք կլսենք Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը այդ թեկնածության վերաբերյալ։ Մեր այսօրվա քաղաքական վերնախավը շատ սուղ սեփական գաղափարներ ունի մեր երկրի կառավարման հարցերում։

Նրանք հիմնականում հենվում են այն գաղափարների վրա, որոնք գոյություն ունեին ՀՀԿ-ի ժամանակ, ու այս հարցում ևս գործում է այդ կանոնը, քանի որ Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահի պաշտոնը դիտվում էր տիտղոսային պաշտոն, ու նախագահը դիտվում էր մարդ, որը տնտեսական հարթության մեջ կարող է օտարերկրյա ներդրումների համար երաշխավոր հանդես գալ, ինչը տրամաբանական է, որովհետև օտարերկրյա ներդրումները Հայաստանի համար կարևորագույն գործոն են։

Նույնն է նաև Նիկոլ Փաշինյանի մոտեցումը այս քաղաքական առաջադրանքի տեսանկյունից, որ պետք է տնտեսական ոլորտում ներուժ ունեցող մարդ լինի այդ պաշտոնում, իսկ այդ թիմում այդ չափանիշներին քիչ թե շատ համապատասխանում է Վահագն Խաչատրյանը, բայց, կրկնեմ, որ իր իրական կապերը միջազգային տնտեսական օղակների հետ անհամեմատելի են Արմեն Սարգսյանի կապերի հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am