Արթուր Վանեցյան. Փուչիկը

Մհեր Արշակյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին։ «Վերադարձ անցյալին չի լինելու»,- հայտարարել է երբեմնի չեկիստը։ 

Եվ այսպես, նա մտնում է քաղաքականություն։ Ինչ-որ մեկը վերջին 20 տարում ԱԱԾ-ում աշխատող այս մարդուն համոզել է, որ քաղաքականությանը չի հերիքում հենց իր անձը։ Միայն թե՝ ոչ ինքը, ի սեր Աստծո։

Եվ ոչ այն պատճառով, որ իր քաղաքական հոտառությամբ ինքը նույնիսկ ԱԱԾ-ի բան չէ։ Այլ որ քաղաքականություն իր ճանապարհը փակվել է հենց ԱԱԾ տնօրեն լինելու հանգամանքով։ Նա պետական գաղտնիքի կրող է, նա քայլող շանտաժ է, նրա առավելություններն ամենևին իր ինտելեկտի մեջ չեն։

Բոլոր մյուս քաղաքական գործիչներից նա տարբերվում է զուտ ունեցած տեղեկատվությամբ, որը ըստ նպատակահարմարության կարող է կիրառվել և նույնիսկ հրապարակման համար մեծ խելք չի ուզում։ Միայն թե այս կամ այն հակառակորդը չեզոքացվի։ 

Արթուր Վանեցյանը նույնիսկ վատագույն քաղաքական գործիչը չէ, որին կերազեինք, նա ընդհանրապես չպետք է մոտ գա քաղաքականությանը։ Որովհետև քաղաքականությունը հիմքում խաղի հավասար կանոններով պայքար է։

Այդ ընթացքում է մեկը հետ մնում, մյուսը՝ առաջանում։ Բոլորը չեն կարող հաջողել։ Վանեցյանն այդ բոլորից ոչ մեկը չէ։ Քաղաքականության մեջ որևէ մեկի առավելությունն ի հայտ է գալիս իր քաղաքական հոտառության և հեռատեսության, ինչպես նաև՝ ճիշտ դիրքավորվելու, իր ինտելեկտուալ աշխարհով առավել համոզիչ լինելու արդյունքում։

Սեփական ի՞նչ ունի Արթուր Վանեցյանը, որ կարող է առաջարկել ՀՀ քաղաքացուն։ Ոչինչ։ Նա ունի անցյալում մնացած թիմակիցներ։ Նա գալիս է նրանց «թևերով» ստելու։ Արթուր Վանեցյանը գլուխ չի կարող առաջարկել, նա կարող է առաջարկել կոմպրոմատներ։ Ընդ որում, այդ իմաստով նա նույնիսկ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև ինքը դրսին ավելի հետաքրքիր է, քան՝ ներսին։ 

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո ոչ թե պետք է մտներ քաղաքականություն, այլ պետք է գնար տուն ու սուսուփուս ապրեր ԱԱԾ նախկին տնօրենին հատկացվող թոշակով։ Հենց դա է ԱԱԾ-ն ղեկավարելու գինը։

Հեղափոխությունը չափազանց շատ թավիշ նստեց այդ մարդու վրա։ Այլապես Արթուր Վանեցյանն ո՞վ է, որ լրագրողներին հավաքի ու որպես սպառնալիք ասի՝ բա որ ես խոսե՞մ։ Նա այդպիսի բան նույնիսկ իր մտքում, նույնիսկ իր երազում ասելու համար պետք է մեկուսացվեր, ուր մնաց հրապարակային ասելու համար։ Իսկ նա այսօր խոսում է, որովհետև նրան իշխանությունն էլ է «բզբզում», որ խոսի։ Որովհետև չափազանց խոցելի է խելքը գլխին բան ասելու համար։

«Վանեցյան» կոչվող փուչիկը նրա հրաժարականից հետո ով ոնց կարողանում՝ փչում է։ Դա առաջին փուչիկն է, որը փչվում է պայթելուց հետո։ Հայաստանի քաղաքացու ինչի՞ն է պետք դա։

Նա ուզում է քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, թող լինեն ինտրիգաններ, թող լինեն պոպուլիստներ, բայց քաղաքականության համար «ծնված» մարդիկ։

Վանեցյանն ո՞վ էր մինչև հեղափոխությունը, առավելևս՝ մինչև ԱԱԾ տնօրեն նշանակվելը։

Եվ, ընդհանրապես, ժամանակը չէ՞, որ պետությունը խաղի գրված կանոններ ներկայացնի ԱԱԾ ղեկավար համակարգում աշխատող մարդկանց քաղաքականություն մտնելու առումով։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am