Նույնականացման քարտ չունեցողին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի առաջարկությամբ կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների: 

«Հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2021 թվականի եզրափակիչ վերջին նիստի աշխատանքները: Օրակարգը հաստատելուց առաջ ես նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքի համար: 2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի  Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Այո, ցավոք, 2021 թվականի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք: Բնականաբար չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք, բայց նաև այդպիսին էր իրողությունը: Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանանք անցնցում հաղթահարել ներքին իրադրության բերումով 2021 թվականը: Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ի տեղի ունեցած միջադեպն էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: 

Ես առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգենք 2021 թվականի ընթացքում և նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության 2022 թվականի անելիքներին. «2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի վերելքի և վերածննդի տարի լինի: Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը: Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, և մենք պետք է քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում: Իմ համոզմունքը հետևյալն է՝ մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար: Մենք պետք է մեզնից հնարավոր ամենն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին և հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, արձանագրված, ամրագրված իրավիճակ, ինչն առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար: Մյուս կողմից սա, իհարկե, հեշտ չէ, և որքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնելու որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ միայն մեզնից չէ կախված: Սա ամենակարևոր արձանագրումն է: Մենք պետք է կարողանանք հասունացնել մի այնպիսի գործընթաց, որ կարողանանք ի վերջո արձանագրել իրավիճակը և մեր հռչակած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը հասցնել լրումին»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետևողականորեն գործել ու չշեղվել նախապես հրապարակված ու ՀՀ քաղաքացիների հավանության արժանացած օրակարգից. «Այս գործում  հաջողություն եմ մաղթում: Այդ թեմայի և 2022 թվականի անելիքների մասին ավելի մանրամասն կխոսենք 2022 թվականի կառավարության առաջին նիստում»: 

Այնուհետև կառավարության անդամները ներկայացրել են 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների ցուցանիշները:

Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 մլրդ դրամ: «Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով: Այսինքն՝ մենք կատարել ենք եկամտային հատվածը 1 տրիլիոն 586 մլրդ: Սա դեկտեմբերի 30-ի դրությամբ: Այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Վերջին ճշգրտված պլանը եղել է 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքով, որը նախանշվել է 1 տրիլիոն 581 մլրդ: Հիշեցնեմ՝ դեկտեմբերի 30-ի դրությամբ, ինչպես նշեցի քիչ առաջ, 1 տրիլիոն 586 մլրդ ենք կատարել: Վերադարձի ցուցանիշներն են նաև զգալի և ռեկորդային այս տարվա համար: Մենք վերադարձրել ենք 182 մլրդ հարկ վճարողներին՝ ավելացված արժեքի հարկի գծով  հիմնականում: Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 մլրդ: Այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի շուրջ 185 մլրդ: Տարբերությունները նաև նշեմ, համեմատականը եկամտային մասի 2021 թվականի 2020 և 2019 թվականների հետ: Մենք 200.5 մլրդ 2020 թվականի նկատմամբ ենք ավելի հավաքագրել կամ 14.5 տոկոս և 121.4 մլրդ կամ 8.3 տոկոս՝ 2019 թվականի նկատմամբ: Իսկ վերադարձի ցուցանիշները, քանի որ 2019 թվականին 180 մլրդ էինք վերադարձրել, իսկ 2020 թվականի 140 մլրդ, 2020 թվականի նկատմամբ 42.1 մլրդ ավելի ենք վերադարձրել կամ 30.1 տոկոս, իսկ 2019 թվականի նկատմամբ 1.7 մլրդ կամ 1 տոկոս, եթե հաշվի չառնենք այս 3 մլրդը, որն այսօր ենք վերադարձնելու: Եվ մեկ հետաքրքիր ցուցանիշ. դրույքաչափերի փոփոխություն ենք ունեցել և մետաղի արտահանման համար պետական տուրք է սահմանված եղել, որը միանշանակ իմ հնչեցրած եկամուտների հավաքագրման թվի վրա ազդել է: Մեկ ցուցանիշ հրապարակեմ, որում այս տվյալները ներառված չեն, այսինքն՝ առանց դրոշմանիշային վճարների և առանց մետաղի տուրքի: 2021 թվականի համար այս երկու ցուցանիշները հանած, 1 տրիլին 531 մլրդ ենք հավաքագրել, 2019 թվականին 1 տրիլիոն 456 մլրդ էր, 2020 թվականին 1 տրիլիոն 376 մլրդ, այսինքն՝ 2020 թվականից ավելի հավաքագրվել է 154.4 մլրդ կամ 11.2 տոկոս, 2019 թվականի նկատմամբ 74.8 մլրդ կամ 5.1 տոկոս»,-ասել է ՊԵԿ նախագահը: 

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս:  «Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: Եկող տարվա համար մեր բյուջեի առանձնահատուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բարձր մակարդակ: Որոշ կարծիքների համաձայն՝ այն դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասել է ֆինանսների նախարարը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է նաև, որ 2021 թվականին թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «Հանրապետությունում 2021 թվականի նոյեմբերի տվյալներով եղել է 654 հազար աշխատատեղ: Արդեն ունենք 2021 թվականի աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը, որը կազմել է 634 հազար: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար: 2020 թվականի համար աշխատատեղերի այս տարվա միջին ամսական ցուցանիշը գերազանցում է  25 հազարով կամ 4.1 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 32 հազարով կամ 5.3 տոկոսով: Միջին ամսական եկամուտների ցուցանիշն ունենք, բնականաբար, դեկտեմբեր ամսվա տվյալները ներառված չեն. մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր, 2019 թվականին՝ 190 հազար»,-ասել է ՊԵԿ նախագահը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, նշել է, որ ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել: Ըստ նախարարի՝ միավորելով նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները՝ կստացվի 750 կմ ճանապարհ: «Կառավարության կողմից նախանշվող ծրագրերը բերում են նրան, որ շինարարական ընկերությունները բավական լավ սկսում են իրենց հզորություններն ու կարողությունները մեծացնել: Օրինակ՝ Տաթև-Լծեն ճանապարհն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն ավարտվել են: Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է: Մենք լեռնային բարդ պայմաններում 20 կմ ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում»,- ասել է Գնել Սանոսյանը: 

 Անդրադառնալով թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող  փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Կառավարության ղեկավարն իրավապահ մարմիններին  հորդորել է    հետևողական լինել և ուսումնասիրել նմանատիպ բոլոր հրապարակումները:

Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի  2 տարի վավերականության ժամկետով

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը,  որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիները հին նմուշի` ոչ կենսաչափական տվյալներով անձնագրեր կստանան 2 տարի վավերականության ժամկետով` ներկայիս 10 տարվա փոխարեն։ Նույնականացման քարտերի տրամադրման կարգը կմնա անփոփոխ` 10 տարի ժամկետով։ «Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը հնարավորինս կարճ ժամանակահատվածում հանել շրջանառությունից»,– ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ արդեն մշակվել է նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը, որն իրենից ներկայացնելու է առավել լայն տեղեկատվական համակարգ։ 

Անդրադառնալով որոշմանը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կնպաստի ՀՀ տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը։ «Այսօր Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է: Օրինակ՝  այն անձնագրերը, որ ՀՀ քաղաքացիներն այսօր օգտագործում են, ժամանակակից աշխարհում արդեն շատ վաղուց չեն օգտագործվում»,–ասել է վարչապետ Փաշինյանը։ 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոլորտում առկա են մի քանի շերտեր՝ սկսած քաղաքականից: «Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այնպիսի համակարգ ունենաք, որ ի բնե ընտրությունների կեղծման մեխանիզմ գոյություն չունենա: Դրա համար, անհրաժեշտ է, օրինակ,  ընտրություններին մեկ միասնական փաստաթուղթ ունենալ՝ նույնականացման քարտ, որով քվեարկությունն արձանագրվում է և օնլայն ամբողջ հանրապետությունում ցանցն իրար միացած է: Այսօր մենք մի քանի փաստաթուղթ ունենք, որով կարելի է քվեարկել՝ անձնագիր, կենսաչափական անձնագիր, ID քարտ, բերված տեղեկանք և այլն: Երկրորդ՝  առանց այս նորամուծության հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թվայնացման գործընթացը կնպաստի տարբեր ոլորտներում մատուծվող ծառայությունների որակի բարձրացմանը: 

Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինածառայողներին կնշանակվի ամսական 36000 դրամի չափով պարգևավճար

Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց կատեգորիաները հստակեցնելու և դրանք համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի հետ համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապի առկայությամբ պարգևավճարի իրավունքը տարածել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով պատճառական կապի դեպքերի վրա։ Արդյունքում՝ իրավակարգավորումները տարածվելու են 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ Հստակեցվել է նաև պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Այսպիսով՝  կհստակեցվեն պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները և հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինածառայողների կնշանակվի պարգևավճար՝ ամսական 36000 դրամի չափով:

Ընտանիքի անապահովության միավորը 2022 թ.ին կմնա անփոփոխ՝ 28.00

Կառավարության որոշմամբ սահմանվել են ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝  առաջարկվում է անապահովության միավորը 2022 թ. սահմանել 2021 թ. համար սահմանված չափով՝ 28.00: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով ՀՀ 2022 թ. պետբյուջեով նախատեսված միջոցները: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։

Այլ որոշումներ.Հայաստանում պաշտոնապես կնշվի հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնը

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ում հեռուստատեսության աշխատողի օրը նշելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ-ում հեռուստատեսության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 29-ը, սահմանել որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն: 

Կառավարությունն ընդունել է գիտության, սպորտի, մշակույթիև արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից, 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշումներ:  

Գործադիրն ընդունել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը լուծարելու և պարտքը ներելուն համաձայնություն տալու մասին որոշում: Վերջինիս գործառույթների իրականացումը կվերապահվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է հանձնարարել կոմիտեին՝ տալու իր համաձայնությունը ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին ազատելու չվճարված միջնորդավճարներից և դադարեցնելու միջնորդավճարների գանձումը, ինչպես նաև ազատելու ՊՈԱԿ-ից տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված ՀԴՄ-ների համար պայմանագրով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերից և դադարեցնելու պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար հետագա տույժերի հաշվարկը։ Որոշման ընդունման արդյունքում հարկ վճարողներն ազատվում են հաշվարկված տույժերի վճարումից։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ հաշվարկած տույժերը կազմում են 145 290 600 դրամ։