«Եթե մենք գործող իշխանությանն անգամ հանենք գնդակահարենք, մեկ է, նախկինները վերադարձի շանս չունեն». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, Հայաստանում արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով։ Հիմա էլ մարդիկ սոցիալական ցանցերում դժգոհում են, որ մինչև հունվարի 11-ը կարանտինի մեջ են ապրելու։

– Անկեղծ ասած՝ չեմ տեսել՝ դժգո՞հ են, թե՞ գոհ են։ Ինչի՞ց են դժգոհ, եթե ուզում են հիվանդանան, թող հիվանդանան։ Ինչ-որ մարդիկ դժգոհ են, բայց ոմանց վրա կարանտինը չի ազդում։

Օրինակ՝ ինձ վրա կարանտինն ընդհանրապես չի ազդում։ Ես ինձ համար աշխատում եմ, պատրաստվում եմ սեպտեմբերի 19-ի իմ ներկայացմանը։

Երբ սահմանափակումները թուլացնելու որոշում կայացվեց, թույլատրվեց նաև բացօթյա ներկայացումներ բեմադրելը։ Ոլորտը կարո՞ղ է վերակենդանանալ։

– Որոշ չափով՝ այո։ Ես հիմա սկսել եմ խաղալ, բայց բացօթյա եմ խաղում, չգիտեմ՝ եթե ցրտեց, ինչ եմ անելու։ Բայց ամբողջ աշխարհում է այդ վիճակը, դժգոհ ես, թե գոհ, դրանից ի՞նչ է փոխվելու։ Դժգոհելու փոխարեն ավելի լավ է մտածել՝ ի՞նչ անենք, որ կյանքը հետաքրքիր լինի։

– Այս ամիսների դադարի ժամանակ մարդիկ մշակույթի պակասը զգացե՞լ են, պահանջարկ կա՞ ներկայացումներ այցելելու։ 

– Իհարկե կա։ Եթե մարդիկ 30 կմ քշեն ու գան Կոտայքի մարզ իմ ներկայացումը դիտելու, ուրեմն կա այդ պահանջարկը։ Տոմսերը դրել եմ, արդեն վաճառվում են, բավական թանկ են՝ 10 հազար դրամ, բայց մարդիկ հետաքրքրված են։

Ճիշտ է, դա միայն ներկայացում չէ, նաև հյուրասիրություն է լինելու։ Բայց մարդիկ հաճույքով կգան, կգնան, ես էլ հաճույքով կխաղամ։ Հիմա այս իրավիճակն է, դժգոհելը ո՞րն է, զարմանալի մարդիկ ենք։ Ամբողջ աշխարհում այս վիճակն է, հետո՞։

Երբ դժգոհում են՝ կարանտին է, դա ի՞նչ է իրենից ներկայացնում։ Խանութ գնո՞ւմ ենք, այո՛, դրսում քայլում ենք, աշխատանքի գնում ենք։ Էլ ի՞նչ եք ուզում, կարանտինը ո՞րն է, մասկա հագնե՞լը, հագե՛ք, էլի։

Ես հագնում եմ, բայց ես էլ եմ դժգոհում։ Դիմակով համբուրվելն է անհարմար, բայց կարող ես լեզու ցույց տալ, և մարդ չտեսնի, այսինքն՝ իր դրական կողմերն ունի, էլի։

Այս իրավիճակում ընդդիմությունն է կարծես փորձում դիվիդենդներ շահել։ Նկատո՞ւմ եք՝ հասարակությանը կարծես հրահրում են բողոքների։

– Ընդդիմությունը կեղտի մեջ միշտ էլ հուլունք է ման գալիս։ Ճիշտն ասած, նրանք ինձ այնքան չեն հետաքրքրում։ Ես մտածում եմ՝ ոնց անեմ լավ խաղամ այդ օրը։

Մենք ժամանակ չունենք մտածելու՝ ընդդիմությունը գո՞հ է, թե՞ դժգոհ։ Թող գան ներկայացումս նայեն։ Եթե մենք գործող իշխանություններից ոչ թե հիասթափվենք, այլ անգամ հանենք գնդակահարենք, մեկ է, նախկինները չեն վերադառնա, թող հանգիստ նստեն։

Նրանք շանսեր չունեն։ Այնպես չէ, որ մենք այս իշխանությանը չենք փոխելու, հաստատ փոխելու ենք, բայց նախկինները չեն գալու նստեն։

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը Սևանում հանդիպումներ են անցկացնում երիտասարդների հետ։

– Ապրեն իրենք։ Քոչարյանը թող գնա իր առյուծների հետ հանդիպի։ Թող հանգիստ իրենց գողացածը վայելեն, ի՞նչ են ուզում, ինչի՞ են ընկնում ոտքի տակ՝ չեմ կարողանում հասկանալ։

– Նաև վերջին շրջանում քննարկվում է այն հարցը՝ պետք է գողացածը վայելե՞ն, թե՞ ի վերջո պատասխան տան։ Թավիշը շատ չէ՞, ի՞նչ պետք է անեն իշխանությունները, որ չեն անում։

– Ժամանակին պետք է անեին, բան չեն արել։ Հիմա ես չգիտեմ ինչ են անելու, իրենց գործն է, ինչ ուզում են՝ թող անեն։ Ինձ հետաքրքրում են մեր ընդհանուր հանգստությունը, բարեկեցությունը, փող աշխատելու և արարելու հնարավորությունը։ Թե ով ում ինչ է անելու, որտեղից է անելու՝ չի հետաքրքրում։ 

Ստեղծվա՞ծ է այդ հանգիստ ապրելու և արարելու հնարավորությունը։

– Իհարկե ստեղծված է։ Ո՞վ է ինձ բռնել, որ չխաղամ, չգրեմ, չերգեմ, չպարեմ, երեխա չդաստիարակեմ, չտանեմ դպրոց։ Ո՞վ է ձեռքս բռնել՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։

– Բայց սոցիալական խնդիրներն են սրվել։

– Եկեք կախենք այս իշխանությանը, և սոցիալական վիճակը կշտկվի, և սահմանները կբացվեն։ Եթե իմանամ՝ սրանց հանելով կամ կախելով COVID-ից մահացած մեկ մարդ կառողջանա, կամ սահմանները կբացվեն, եկեք կախենք, հարց չկա։

Հիմար խոսակցություններ են։ Մարդիկ դժգոհում են նաև այն ժամանակ, եթե երկնաքար ընկնի իրենց գլխին։ Ումի՞ց են դժգոհում, ամբողջ աշխարհում սոցիալական խնդիրները սրվել են, ԱՄՆ-ը մեռավ արդեն փող տպելով ու ժողովրդին բաժանելով, այնտեղ ահավոր դեֆոլտ է լինելու, սկսելու են սովել։

Մենք պետք է մտածենք, թե ոնց անենք, որ ձմեռը նորմալ անցկացնենք, ես փայտ եմ հավաքում։ Նստենք ու դժգոհենք, է հետո՞։

Չեք պատկերացնում, թե մեր երկիրն այսօրվա դրությամբ ինչ լավ վիճակում է գտնվում։ Կարող է ես աննորմալի տպավորություն թողնեմ, բայց եկեք չթերագնահատենք մեր արածը։

Չեմ ասում՝ ընդդիմության կամ իշխանության արածը, որովհետև նրանք այսօր կան, վաղը չկան, անցողիկ են։ Մեր արածը եկեք չթերագնահատենք, մենք շատ նորմալ վիճակում ենք։ Ես զարմանում եմ, որ Ֆեյսբուքում բողոքում են կամ դուրս են տալիս, ինչի՞ համար, մի հատ ծառ ավելի տնկեք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am