Կարևոր գնդակ էր` հատկապես, որ խփեցի հավաքականին միանալուց առաջ. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորել է ընտրանուն միանալուց առաջ «Ռոմա»-ի կազմում գոլի հեղինակ դառնալը:

«Սա կարևոր գնդակ էր, հատկապես, որ խփեցի հավաքականին միանալուց առաջ: Պետք է հաղթեինք, քանի որ կարևոր է մոտենալ առաջին հորիզոնականին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց «Էմպոլի»-ին: Նախ՝ հանդիպման 42-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին առաջ մղեց «գայլերին», իսկ երկրորդ կեսի 48-րդ րոպեին արդեն Մխիթարյանն ինքը դարձավ գոլի հեղինակ. «Ռոմա»-«Էմպոլի»` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց հանդիպման վերջնամասում: Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: