Հրապարակվել են առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները

Հանձնաժողովը հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները․ տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ «Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են․ բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը,

հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան, դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են, Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 տոկոսով՝ 92-ից դառնալով 119։

Առևտրային ցանցերի նոր առևտրի օբյեկտների ավելացումն առաջ է բերում նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը։ Առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%:

Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և ներկայացվել են համապատասխան առաջարկներ դրանց լուծման ուղղությամբ»։