«Այդ հաղթանակը մեր ողնաշարն է, այդ հաղթանակը մեր ինքնությունն է»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Խմբակցություններ,

Սա այն բացառիկ դեպքն է, երբ, ըստ էության, եզրափակիչ խոսքում ասելու շատ բան չկա մի պատճառով. խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից լրացրեցին այն ասելիքը, որը պատեհ է այս ամբիոնից ասել որպես եզրափակիչ խոսք: Եվ սա է այս քննարկման ամենակարևոր արդյունքը, և ես ուզում եմ իմ հպարտությունը հայտնել այսօր մեր ունեցած այս իրավիճակով: Միայն մի նրբության եմ ուզում անդրադառնալ, երբ խոսք է գնում հանուն հայրենիքի ապրելու և հանուն հայրենիքի մեռնելու մասին, ըստ էության, այդ երկու ձևակերպման մեջ էլ հակասություն չկա, որովհետև հանուն հայրենիքի զոհվելու մեր պատրաստակամություն է արտահայտում ապրելու մեր վճռականությունը: Մենք չենք զոհվում և պատրաստ չենք զոհվել հանուն մահվան, մենք պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի, հանուն ապրելու, որովհետև հանուն մահվան զոհվելու անհրաժեշտություն էլ չկա: Այդտեղ առանձնապես նախաձեռնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չկա: Մեր թշնամիները դա կարող են իրենք անել:

Այստեղ մեր անելիքն է և մեր ասելիքն է: Սա է շատ կարևորը: Ես ուզում եմ հստակ լինի, որ բոլոր անհրաժեշտ հրահանգները և հրամանները տրված են՝ այնպես, ինչպես մենք որպես խորհրդարան, այս դեպքում առանց բաժանումների ընդդիմություն, իշխանություն, եթե ենթադրենք՝ այս խորհրդարանը մի մարմին լիներ և արտահայտված լիներ մի անձի տեսքով, ի՞նչ հրահանգներ և հրամաններ կտրվեին, համոզված եղեք՝ այդ բոլոր հրամանները և հրահանգները տրված են: Խնդրում եմ սրանում որևէ վայրկյան չկասկածեք և թույլ չտաք, որ որևէ տեղից որևէ կասկած մտնի ձեր մեջ, որևէ կասկած մտնի մեր մեջ:

Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ: Դա մի գործողությունանոց հարձակում չէ, սա շատ կարևոր է, և դրա հակազդումը նույնպես մի գործողությունանոց և մի քայլանոց կոմբինացիա չէ: Մենք պետք է բոլորս հասկանանք: Մենք պետք է իմանանք, որ մենք, այո, ունենք զոհեր, հակառակորդն էլ ունի զոհեր՝ շատ ավելի շատ: Մենք ունենք տեխնիկայի կորուստներ, հակառակորդն ունի տեխնիկայի կորուստներ՝ շատ ավելի շատ: Եվ սա զարգացող իրավիճակ է, մենք պինդ պետք է կանգնենք: Այո՛, ինչպես ասվեց, ամենատարբեր սցենարներ նկարագրվեց, թե ինչպես ենք մենք հասնելու այդ նպատակին: Ես այս պահին չեմ կարող ասել, որ այդ սցենարներից որևէ մեկը ես բացառում եմ՝ չէ որ չէ, այդպես չենք գնալու: Ուղղակի, ինչպես պայմանավորվեցինք՝ մենք կաշխատենք այդ սցենարների վրա շատ կշռադատված, ոչ էմոցիոնալ:

Բայց մյուս կողմից՝ մենք չենք վախենա, մենք չենք ընկրկի: Շատ ճիշտ ասվեց՝ էլ տեղ չկա նույնիսկ վախենալու: Չնայած, երբ էլ տեղ էլ լինում է և լինի, մենք վախենալու իրավունք չունենք, որովհետև սա հազարամյա կռվի մի հերթական հանգրվանն է, և այստեղ շատ հարցեր պետք է լուծվեն: Եվ ես ուրախ եմ, որ այս տրամադրության, այս կամքի, այս ընթացքի, այս ուղղության մեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միակամ է: Եվ ողջունում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի արտահայտած կամքը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, ի պաշտպանություն Արցախի Հանրապետության և ի պաշտպանություն, իհարկե, Հայոց բանակի: Ողջունում եմ Սփյուռքի բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր մեզ հետ հավասար նույն ինտենսիվությամբ աշխատում են այս խնդրի թնջուկի լուծման վրա:

Մեզ հաղթել հնարավոր չէ: Մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև հաղթանակը, Արցախյան հերոսամարտի հաղթանակը, որն անցել է պարտությունների միջով, որը անցել է կորուստների միջով, բայց որը ի վերջո պսակվել է որպես հաղթանակ, այդ հաղթանակը հոսում է մեր երակներում և այդ հաղթանակը նստած է մեր գիտակցության մեջ: Այդ հաղթանակը մեր ողնաշարն է, այդ հաղթանակը մեր ինքնությունն է: Այս պատճառով մեզ հաղթել հնարավոր չէ, և այսօրվա քննարկումը դա ևս մեկ անգամ ապացուցեց: Եվ ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կամքը՝ հաղթելու կամքը, հայ ժողովրդի ազատությունը, իրավունքները և երջանկությունը պաշտպանելու կամքը:

Կեցցե՛ Հայոց բանակը,
Կեցցե՛ Արցախը,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հաղթանակը, որ մենք իրար հետ, ամեն րոպե, ամեն վայրկյան, ուս ուսի, խելք խելքի կերտելու ենք:
Շնորհակալ եմ: