Փաշինյան․ Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, փաստ չէ, որ ադրբեջանցի զինծառայողը ցանկացել է անցնել Հայաստան

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հարուցված քրեական վարույթով իրավական բոլոր ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին Infocom-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում է պատիժը կրելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Շաքի գյուղի բնակիչները նախապես տեղեկացված չեն եղել հնարավոր ներթափանցման մասին, վարչապետը նշել է, որ այն ժամանակ չկար հաստատված տեղեկություն, որ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում է։

«Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել։ Զինվորներ ինքնակամ լքում են տարածքը, և առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալը կնշանակեր, որ կեղծ տեղեկություն ենք տալիս»,-նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող էր զինծառայողն անցնել սահմանային պաշտպանության և տեսադիտարկման համակարգերի պայմաններում, Փաշինյանը նշել է, որ ամբողջ սահմանի երկայնքով կան տեսադիտարկման համակարգեր, սակայն դրանք որոշ պայմաններում կարող են արդյունավետ չգործել։

«Կան ամբողջ մեր սահմանի երկայնքով շատ խտությամբ տեսադիտարկման համակարգեր, բայց եթե թանձր մառախուղ է, այդ տեսադիտարկման համակարգը կարող է և չգործել։ Փաստ չէ, որ այդ ադրբեջանցի զինվորը ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել է և անցել Հայաստան։ Հիմա քննություն է գնում այդ թեմայով։ Նախնական տվյալ կա, որ թանձր մառախուղ է եղել, բայց քննությունը կպարզի մանրամասները»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի զինվորին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակման մասին հարցին։ «Տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու գործընթացներն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»,- ասել է վարչապետը։